Սննդի անվտանգության փորձագետ Աշոտ Միրզոյանը հայտարարեց՝ իրենք դեմ են գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսությանը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Միրզոյանը նկատեց՝ բառն արդեն հուշում է՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ: Այնուհետև պարզաբանեց. «Դա նշանակում է ձևափոխում: Աշխարհում վիճում են դրա մասին: Մեր երկրում ընդունվեց այն կարծիքը, որ Հայաստանը զերծ մնա դրանից: Նախարարն էլ պնդում է, որ մենք օրգանական գյուղատնտեսությունն ենք զարգացնելու: Օրգանականը նորմալ աճեցված պայմաններում ապրանք է, մաքուր շրջակա միջավայրում, նորմալ չափաբաժիններով և մշակման ձևով: Ինչպես ժամանակին եվրոդուռ, եվրոպատուհան էր մոդա, հիմա էլ դարձավ բիոօրգանիկ, հետո չգիտենք՝ ինչ է լինելու: Համենայն դեպս, մենք դեմ ենք դրան ցանկացած արտահայտմամբ: Միանշանակ մենք գյուղնախարարին էլ ենք պաշտոնապես դիմել, որ հարցը փակվի, և այդ թեման չշրջանառվի ՀՀ-ում»:
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ վրդովված է՝ բոլոր այն մարդիկ, որոնք երկու տարի առաջ անգամ ԳՁՕ սահմանումը չգիտեին, այսօր դարձել են մասնագետներ և խելք ու խրատ են տալիս ոլորտային մասնագետներին:
Պարոն Պիպոյանը տեղեկատվական քաոս համարեց կատարվածը և հարց բարձրացրեց՝ սովորական շարքային սպառողն ինչպե՞ս պետք է հասկանա գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմն ինչն է: Այնուհետև ուշադրություն հրավիրեց հետևյալ փաստի վրա. «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներն արգելված են, բայց որևէ մեկը չի խոսում սննդամթերքի ոլորտում և սննդամթերքի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ կիրառելու մասին: Այս ոլորտն ամբողջ աշխարհում անցնում է համապատասխան փորձաքննություն, և կա մակնշման պահանջ: Բայց սպառողը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն»:
Նա օրինակ բերեց Իտալիայի փորձը, երբ օրգանիկ և արժևորված գյուղմթերքը թանկով վաճառում են հարևաններին, իսկ ներկրում են էժանը, և սպառողն ընտրության հնարավորություն է ունենում, քանի որ խանութում օրգանականի կողքին տրանսգենային տարբերակն էլ կա, որը բավականին էժան է:
Պարոն Պիպոյանը պարզաբանեց՝ երբ ասում ենք գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներն արգելված են, խոսում ենք գյուղատնտեսության մասին. «Խոսում ենք նրա մասին՝ արդյոք կարելի՞ է ներկրել այդ սերմերը և զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ: Պատասխանը ոչն է: ՀՀ-ն չի կարող ունենալ նմանատիպ գյուղատնտեսություն պարզ և օբյեկտիվ պատճառով, քանի որ այս ոլորտի խնդիրները մասնագիտական պատշաճ փորձաքննություն են պահանջում, և քիչ մասնագետներ ունենք տրանսգենային գյուղատնտեսության օգուտները և վնասները հասկանալու համար: Մեր դիրքորոշումն է զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը»:
Հարցին՝ տրանսգենային սերմեր ապօրինի ներկրվե՞լ են, պարոն Պիպոյանը պատասխանեց՝ այո և հեգնեց, թե հետո կասենք, որ մթերքն էր ապօրինի ներկրվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ