Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին

Նոյեմբեր 20,2017 18:55

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները: Հիշեցնենք, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:

Ուսումնասիրությամբ պարզվել է՝

ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով:

Պարզվել է նաեւ, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը եւ ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու եւ լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին:

Այնուհետեւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը եւ գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել եւ ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռեւս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը:

Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վաաաաաաաաաաաայ,էս ինչ են արել էս խեղճին…ո՞Նց պիտի վճարի,որ տեղից պիտի վճարի… Շատ անմարդկային որոշում են կայացրել.Շատ.
    Առաջարկում եմ համաժողովրդական դրամահավաք կազմակերպել,հո չենք թողնի մեր աղջիկը մեր ձեռիցը գնա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930