Լրահոս
Օրվա լրահոսը

Սփուռքահայ գործարար Գելիջին շինանյութի խանութներին ու բանվորներին հսկայական գումարներ է պարտք (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2017 18:08

Ինչպես հայտնի է՝ դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք Գյումրիում 400 աշխատատեղեր ստեղծելու նպատակով երկաթգծի թաղամասում գտնվող սև հիվանդանոցի շենքը՝ հարակից տարածքներով, որպես նվիրատվություն տրամադրվեց Շվեցարիայում բնակվող գործարար Վարդան Սրմաքեշին։ Այս պահին սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին այնտեղ կառուցում է «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում: Գործարանը դեռ անցած տարի պիտի շահագործման հանձնվեր, սակայն դեռ ձգձգվում է։ Պարզվում է, որ Քրիստիան Գելիջին պարտքեր ունի ինչպես շինանյութ մատակարարող ընկերություններին, այնպես էլ շենքի վրա աշխատող բանվորներին ու արհեստավորներին։

Օրերս Aravot.am-ին էր դիմել «Մ․Մետալ» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանը՝ նեղվելով, որ «Սաստեքս» ընկերությունն իրեն պարտք է 11 միլիոն դրամ, որը կուտակվել է այս տարվա հունիս ամսից սկսած։ Ըստ Մկրտիչ Հովհաննիսյանի, ո՛չ պարտքն են վերադարձնում, ո՛չ էլ գրավոր համաձայնագիր են ստորագրում, թե կոնկրետ որ ժամանակահատվածում կպարտավորվեն վերադարձնել գումարը։ ՍՊԸ-ի ղեկավարի ասելով, իր ընկերությունը 28 միլիոն դրամ ապրանք է մատակարարել «Սաստեքսին»՝ խողովակներ, սև մետաղյա ձողեր, կղմինդր, ԴՍՊ լամինացված, ցանկապատ թիթեղ եւ այլն, սկզբում գումարը խոստացված ժամանակից 4-5 օր ուշացումով փոխանցել են, իսկ հունիս ամսից սկսած՝ ընդհանրապես չեն տվել։ «Սաստեքս»-ի գործադիր տնօրեններից մեկին փոխեցին, երկրորդը Ներսեսն է, բայց ես անձամբ Քրիստիանի հետ էլ եմ խոսել, հեռախոսազրույց եմ ունեցել, որ ապրանքը մատակարարենք, հաջորդ ամսվա վերջ վճարումներ անեն։ Անցած տարի նորմալ վճարել են, կարող է 1-5 օր ուշացում եղել է, բայց դա չի խանգարել գործին։ Բայց այս տարի հուլիսից որ պետք է վճարում անեին, առ այսօր չի կատարվել։ Ամեն օր ասում են՝ էսօր կփոխանցենք, չէ՝ վաղը, մյուս շաբաթվա սկիզբ, մյուս շաբաթվա վերջ, մյուս ամսվա սկիզբ, մյուս ամսվա վերջ, ու այսպես ձգվում է․․․ Ես շինանյութ եմ մատակարարել նաև Վանաձորի «Սաստեքս»-ի համար, ապրանքի մի մասը մատակարարեցի, քանի որ վճարում չեղավ, երկրորդ մասը հրաժարվեցի, մինչև վճարումը կատարվի։ Հիմա էլ զանգահարում եմ Քրիստիան Գելեջիին, չեմ կարողանում կապվել, զանգերիս չի պատասխանում։ Հաշվապահի հետ եմ խոսել, ասում է՝ չեմ կարող ստույգ ձեզ ասել՝ երբ կլինի, դեռ տեղեկություններ չունեմ ու այդպես ձգվում է։ Ասեմ, որ այս պատմության մեջ միայն ես չեմ, բոլոր իրենց մատակարարներն են նույն վիճակում, նաև իրենց բանվորներն ու արհեստավորները, բոլորին փող են պարտք։ Զգում եմ, որ վճարման անհուսալի ցանկում եմ հայտնվել, բայց ես էլ եմ տուժում չէ՞։ Եթե 20 օր կամ երկու ամիս ձգվեր, կասեինք ՝ լավ, բայց Աստծո իր օրն ասում են՝ էսօր, վաղը ու այսպես 5 ամիս․․․ Նորից եմ կրկնում՝ մենակ ես չեմ, սկսած այն մարդուց, որին ասենք 1000 դրամ են պարտք, մինչև միլիոններով պարտք ունեցողներին բոլորին նույն պատասխանն են տալիս։ Չկա մի օր, որ իմ պատճառով իրենց գործունեությունը հետաձգվի, բայց իրենք արդեն վնասում են ինձ»։

Մենք հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք պայմանագիր կնքված իր ՍՊԸ-ի ու «Սաստեքսի» հիմնադրի միջև։ «Ես անցած տարի բազում անգամ պայմանագիր եմ ուղարկել, որ կնքեին, հետ ուղարկեն, չեն ուղարկել, բայց էլեկտրոնային կարգով ու առձեռն բոլոր փաստաթղթերը տրամադրվել է իրենց, կան ստորագրությունները»։

Մկրտիչ Հովհաննիսյանը՝ որպես ապացույց մեզ տրամադրեց նաև իր փաստաթղթերը, սակայն չենք կարող հրապարակել, քանի որ այնտեղ բանկային տվյալներ կան։ Նշենք, որ այդ փաստաթղթերում՝ որպես ապրանք ստացող, նշված է Հաջիկ Գելիջիի անուն-ազգանունը։ Մկրտիչ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը Հաջիկին չի ճանաչում, ինքը գիտի, որ «Սաստեքսի» հիմնադիրը Քրիստիան Գելիջին է, թե անձնագրային անունը Հաջիկ է, դրանից տեղյակ չէ։

«Ես պատրաստ եմ Երևան հասնել ու նրան տեսնել, բայց ասում են մի օր էստեղ չէ, մի օր բուժման է գնացել, մի օր հայրն է վատառողջ, ամեն անգամ ինչ-որ մի պատճառաբանություն կա։ Ամբողջ պատասխանատվությունը թողնում են Ներսեսի վրա, ըստ ինձ, ինչ-որ Ներսեսին են ասում, Ներսեսը փոխանցում է, չեմ կարծում՝ նա ինքն իր գլխին պատասխաններ է տալիս, նա էլ կարծես վատ դրության մեջ է ընկնում։ Երբեմն հուսադրող պատասխաններ է տալիս, բայց երբ հասնում է օրը, զգում ես անհույս ես»,-բողոքեց Մկրտիչ Հովհաննիսյանը։

Մենք քիչ առաջ այցելեցինք գործարանի տարածք, մինչ կհասնեինք տնօրենի մոտ, հանդիպեցինք իր աշխատավարձի հետևից եկած մի արհեստավորի՝ զոդողի, որը նեղվեց, թե իրեն օգոստոս ամսվա աշխատավարձ են պարտք՝ մոտ 100 հազար դրամ, սակայն դեռ չեն տվել։ Ըստ նրա, բանվորներից կեսի աշխատավարձը մասնակիորեն փոխանցել են, կեսինը՝ ոչ։ «Ասում են՝ եթե անգամ փոխանցենք, 20 հազար դրամ հետ ենք պահելու, ախր ինչի՞, մենք առանց այն էլ ցածր գումարով ենք համաձայնել աշխատել, օրը՝ 4000 դրամ, իմ ընտանիքը 6 անձից է բաղկացած, իմ համար շատ մեծ նշանակություն ունի այդ գումարը», -նեղվեց զոդողը, սակայն հրաժարվեց նկարահանվել։

Մեկ այլ տղամարդ էլ շտապում էր իր որդու աշխատավարձը ստանալու։ Նա բարևեց մեզ՝ հետաքրքրվելով, թե աշխատավարձ կա՞, երբ հարցրեցինք՝ ձեզ էլ աշխատավարձ չե՞ն վճարել, ասաց․ «Չէ, տղայիս 4 ամիս է, աշխատավարձ չեն տվել, եկել եմ տեսնեմ՝ վերջը ո՞ւր պիտի հասնեն»։

Ի դեպ, բանվորները մեզ ասացին, որ եղել են մարդիկ, որոնք հասել են Երևան՝ Քրիստիան Գելիջիի մոտ բողոքով, դրանից հետո նոր միայն որոշ մարդկանց գումարը մասնակիորեն փոխանցվել է։

Սփյուռքահայ գործարարի դեմ բողոք ներկայացրեցին նաև տարածքի տնակատերերը

Տարածքում բնակվող տնակների բնակիչները ևս մեզ տեսնելուն պես մոտեցան՝ ներկայացնելով իրենց դժգոհությունները։ Նրանցից մեկը մեզ ներկայացրեց, որ արդեն 30 տարի բնակվում է այդ տարածքում, սակայն չի կարողանում ո՛չ ձևափոխել, ո՛չ էլ քարապատել իր տնակը, քանի որ «Սաստքես» ընկերությունը տարածքը վերցնելուն պես խոստացել է 3 ամիս հետո բնակարանով ապահովել իրենց՝ տնակն ազատելու դիմաց։ «Տարածքը սեփականություն է, մեզ՝ 16 տնակատերերիս համար հենց այս տարածքում խոստացան տուն կառուցել, բայց խնդրում եմ նայեք՝ կա՞ արդյոք շինարարություն, վաղը մյուս օր մեզ կհանեն ու փողոց կգցեն։ Առանց այն էլ 8 հոգուց բաղկացած ընտանիք ենք, փոքր երեխաներ կան տանը։ Խուսափում են մեր հարցին պատասխանել, թե ե՞րբ կլինի շինարարությունը։ Իրենք 3-4 ամիս է իրենց աշխատողներին աշխատավարձ չեն տվել, մի անմխիթար վիճակ է այստեղ։ Ես շինարար եմ, բայց չեմ ուզում իրենց մոտ աշխատել, որովհետև իրենք նախ ցածր են վճարում, հետո էլ խաբում են, չեն վճարում։ Շատ աշխատողներ ունեն, որոնց հետ ես առնչվում եմ, մարդկանց փողերը չեն տվել, իրենց փող չեն տալիս, ես մնամ, ի՞նչ անեմ։ Լավ է գնամ արտագնա աշխատանքի, 80-90-100 հազար են տալու, դա էլ չեն տալիս», -ասաց մեր զրուցակիցը։ Ըստ նրա, 16 տնակատեր ընտանիքներից շատերը լքել են տարածքը՝ գնացել են վարձով ապրելու, հույս ունենալով, թե «Սաստեքսի» հիմնադիրները, խոստացածի համաձայն, իրենց համար տարածքում տուն կսարքեն։

Տարածքի մեկ այլ բնակիչ էլ՝ Սամվել Նարիմանյանն էլ խոսեց «Սաստեքս» ընկերության բանվորներին ունեցած պարտքերից։ «Տնօրենը՝ Ներսեսը, մեղք չունի, նա շատ նորմալ մարդ է, պարտքերը Երևանից են, բայց Գյումրիում մարդիկ պարտք -տալիքի մեջ են, Հայաստանում ամենավատ վիճակը Գյումրիում է, ո՞նց կարելի է նրանց գումարը չտալ, եթե տանը երեխաներ են սպասում, ի՞նչ պատասխան տան սոված երեխաներին»։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին Գյումրիում «Սաստեքս» ընկերության կարի գործարանի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Քրիստիան Գելիջին վարչապետին ասել էր, որ նորակառույց գործարանի հարեւանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, եւ այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Առաջին 8 տները պատրաստ կլինեն այս տարվա հուլիսին։

«Բոլոր պարտքերը կզրոյացնենք»հուսադրում է «Սաստեքսի» գործադիր տնօրենը

Aravot.am-ը «Սաստեքս» ընկերության տնօրեն Տաշչյան Ներսեսից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են պարտքեր կուտակել։ «Մկրտիչը Գյումրիի մեջ լավագույն երկաթ տվողներից է, մենք իր հետ համաձայնել ենք, որ ինչ այս ամիս պատվեր տանք, եկող ամսվա վերջում պարտավոր ենք վճարել։ Մենք այդպես աշխատել ենք մեկ տարուց ավելի։ Վերջերս «Սաստեքս» ընկերությունը ներողություն խնդրեց Մկրտիչի նման հաճախորդներից ու բանվորներից, որ 1,5-2 ամիս ուշացում պետք է լինի», -ասաց տնօրենը՝ նշելով, որ ամեն մարդու պարտք մնացած մինչև ամենավերջին 100 դրամը փակվելու են։

«Մենք խոստովանում ենք, որ այդ մարդուն (նկատի Մկրտիչ Հովհաննիսյանին Ա․Ն) դեռ այսքան տալիք ենք, մինչև այս ամսվա վերջ 80 տոկոսը կփակենք, նոր ամիսը, որ պիտի մտնենք, զրոյացած պիտի լինենք Նոր Տարվան։ Մեր պայմանը այսպես է, ես խոսել եմ ղեկավարության հետ։ Ես ներողություն եմ խնդրում, միայն Մկրտիչի հետ չէ, այսօր լիքը մարդիկ կան, լիքը մեծ փողեր կան, բայց հերթով ամեն ինչ գնում է։ Բանվորներին մենք զգուշացրել ենք՝ դուք կստանաք ձեր աշխատավարձը մյուս ամիս։ Հիմա որոշ բանվորներ ստացել են, մյուսներին մեկ շաբաթվա ընթացքում կփակենք։ Մեր ձեռքը չէ, երբ որ մեծ գումարներ են նստում, ամեն մարդ, որ այստեղ աշխատում է՝ իհարկե անվտանգությունով, ապահովությունով, հարկերով, մենք մաքուր աշխատող ընկերություն ենք, այստեղ ոչ մի ապօրինի աշխատող չկա։ Այդ պատճառով էլ մենք էլ մաքուր, սիրուն ուզում ենք , որ շարունակվի գործը»։

Նա նաև ասաց, որ բանվորներին իրենք նախազգուշացնում են, որ տարին 2 անգամ ուշացում կարող է լինել, նրանք էլ պատասխանում են՝ հարց չկա։ «Հիմա խոսելը իրենց իրավունքն է , մեկի երեխան է հիվանդ, չկա, որ մեկը ստանա, մյուսը չստանա, բայց հաշվապահություն կա Երևան, այս կա, այն կա, լիքը մարդիկ են եկել, որոնք փող չեն ստացել, գնացել, նայել ենք, փողն արդեն նստել է։ Հիմա մնացել է այն ժամանակը, որ ամբողջ հինգ օրվա մեջ պիտի զրոյանաք։ Անհանգստանալու կարիք չկա երբեք, չի էլ կարող լինի, բայց եթե շինարարության մասշտաբին նայենք ու նայենք՝ ինչ ապագա ունի Գյումրին, մի քիչ կարելի է նկատի առնել ու համբերություն լինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտակմանը, թե անցած տարի արդեն իսկ պիտի շահագործման հանձնվեր գործարանը, 400 աշխատատեղ պիտի ապահովեիք, մեր զրուցակիցն ասաց․ «Այո, անցած տարի ձմեռը շուտ եկավ, մենք կանգնեցրեցինք գործը, իսկ այս տարի, 87 տոկոսը պատրաստ է արդեն․ մենք հիմա կարող ենք մեքենաները դնել, մարդիկ աշխատեն, բայց մեզ մոտ գրանցված են 60 մինչև 90 տարեկան կանայք։ Մենք ջահել չունենք՝ ուսումնարան գնացող, եկող, ճիշտն ասած, այդքան չկա։ Վարչապետի ու նախագահի խորհրդականները հարցրեցին՝ բացումը ե՞րբ կարող եք անել, ասացինք՝ խնդրում ենք եկող տարվա համար թողեք, որ ասֆալտով, ամեն ձևով վերջացնենք, որ երևա՝ ինչ ենք արել։ Հետո մենք միայն Գյումրիում չենք աշխատում, մենք ունենք Վանաձորում, Արթիկում, իսկ մնացած ուշացման համար, ես նորից եմ ասում՝ ներող կլինեք, ուշացել է, բայց ոչ մի կոպեկ չի կորի, այսօր նույն մարդիկ, որ բողոքում են, բանվորների մասին է խոսքս, եթե կանչենք իրենց բանկոմատի թուղթը հանեն, կտեսնենք 2 տարվա մեջ ինչքան փող են ստացել, կարելի է գնահատել»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ տարածքի տնակատերերի համար խոստացած տները չեք կառուցում։

Մեր զրուցակիցն ասած, որ այս հարցում անելիք ունի նաև Գյումրու քաղաքապետարանը, կան մարդիկ, որոնք 40 քառ․մետր տարածության մեջ են ապրում, բայց երբ իրենց առաջարկում են 75 քառ․մետր տարածք՝ նրանք դժգոհում են, թե «մենք 7 կամ 9 հոգի ենք, չենք կարող ապրել այդ տարածքում»։ Ըստ մեր զրուցակցի, իրենց գործը կանգնեցրել են, որպեսզի պետությունը օգնի իրենց այդ հարցում, լուծվեն այս տարաձայնությունները։ «Խոհանոցով, բաղնիքով, ինչ-որ ձեր մտքով կանցնի, այդպիսի տներ են կառուցվելու, հինգ հարկանի շենքի ֆունդամենտ ենք արել, որ մարդիկ չբողոքեն, չմրսեն, նախատեսում ենք այդպես կառուցել, բայց չենք կարող մարդկանց ստիպել, որ համաձայնեն մեր առաջարկած տարածքում բնակվելու։ Մարդիկ կան համաձայն են, բայց մարդ կա ասում է՝ չենք ուզում, քիչ է տարածքը, դրա համար քաղաքապետարանն էլ իր գործը պետք է անի», ասաց տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930