Լրահոս
Օրվա լրահոսը

Աիդա Մուրադյան. «Ծնողների 40 %-ը ֆիզիկական պատիժը համարում է դաստիարակության մեթոդ»

Նոյեմբեր 20,2017 17:35

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ իրականացրել է «Երեխաների կարծիքով…» հարցում, որի շրջանակում ՀՀ 10 մարզերում եւ Երևանում բնակվող 1200 երեխա պատասխանել են իրենց անվտանգությանը, տարբեր մակարդակներում որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորությանը: Հարցման արդյունքները ներկայացվեցին նոյեմբերի 20-ին:

Ըստ Վորլդ Վիժնի իրականացրած հետազոտության, երեխաների դաստիարակության ընթացքում ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառած ծնողների 67 %-ը նշել է, որ դրանք դաստիարակության արդյունավետ մեթոդներ չեն, սակայն իրենք այլ մեթոդներ չգիտեն։

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանի խոսքով, ի թիվս այլ հարցերի, բարձր տոկոս է հավաքել այն, արդյոք երեխաները մտահոգվա՞ծ են բավարար սնունդ ստանալու հարցով, եւ ըստ ստացված արդյունքների, երեխաների 11%-ը նման մտահոգություն է հայտնել: Երեխաների մեծամասնությունը նաեւ մտահոգված է եղել, որ հասակակիցների կողմից բռնության կենթարկվի:

«Փորձել ենք հասկանալ` արդյոք երեխաներն ունե՞ն որեւէ մեկը, ում հետ կարող են խոսել այն թեմաներով, որոնց պատճառով մտահոգ են, տխուր են, երբ իրենք ունեն խնդիրներ ընտանիքում, իրենց ոչ արժանավայել են վերաբերվել, եւ այդ առումով իրավիճակը հետեւյալն է` յուրաքանչյուր երկրորդ երեխան չունի մեկը, որի հետ այդ մասին կարող է խոսել»,- ասաց Աիդա Մուրադյանը:

Նրա ձեւակերպմամբ, վերջին շրջանի մի շարք ուսումնասիրություններ վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը առկա երեւույթ է:

«Առողջապահության եւ ժողովրդագրության հետազոտությունը, որը լույս տեսավ այս տարվա սկզբին, փաստեց, որ այսօր ՀՀ ընտանիքներում ծնողների 70 %-ը կիրառում է հոգեբանական կամ ֆիզիկական պատիժը` որպես դաստիարակության մեթոդ, իսկ 40 %-ը ֆիզիկական պատիժն է դաստիարակության մեթոդ համարում»,-հավելեց տիկին Մուրադյանը:

Նա գտնում է, որ տվյալ ուսումնասիրությունը չպետք է մնա իբրեւ հերթական պատկերավոր հետազոտություն, որ «կքնի» դարակներում, քանի որ կարեւոր է իրավիճակ փոխելը:

«Երեխային մասնակից դարձնելը իր վերաբերյալ որոշումների կայացմանը, դա որեւէ մեկի բարի կամքը չէ, դա երեխայի իրավունքն է»,-հավելեց բանախոսը:

Այլ թվեր էլ հրապարակվեցին, օրինակ` այն, որ երեխաների 11 %-ը ներգրավված է տարբեր տեսակի ապօրինի աշխատանքներում, իսկ այդ առումով առաջատարը Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերն են: Ընդ որում, ըստ տարիքային խմբերի, ամենամեծ տոկոսը կազմում են 16-18 տարեկանները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Վորլդ Վիժնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930