Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ

Նոյեմբեր 20,2017 17:18

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն (այսուհետ՝ Դատարան) ընթացիկ ամսվա 10-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» իր ՍԴՈ-1384 թվակիր որոշումը (այն վերջնական է, ուժի մեջ է մտել հրապարակման պահից)։ Վերջինով, ի թիվս այլնի, Դատարանը որոշել է․

-«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը[1] ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ և 179-րդ հոդվածների պահանջներին հակասող.
-Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները կորցնում են իրենց իրավաբանական ուժը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասի հիմքով` [նույն] որոշմամբ նախատեսված վերջնաժամկետի ավարտման պահից[2]։

Մասնավորապես, Դատարանն իր որոշման վերլուծական մասում արձանագրել է հետևյալը․ ««քվորումը» հանրային իշխանության կոլեգիալ (ներկայացուցչական) մարմնի կամաարտահայտման իրացման (այս կամ այն լիազորության իրականացման) առաջնահերթ (պարտադիր) իրավական պայմանն է։ Իրավագիտական առումով «կոլեգիալություն» եզրույթի բնորոշումը հիմնականում հանգում է հետևյալին. կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում  ղեկավարումն  իրականացվում  է  մի  խումբ  լիազորված  անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։

[…] Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։

[…] կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական պետությունում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը։

 […] Ազգային ժողովը կարող է ընդունել օրենք կամ որոշում քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, բայց պայմանով, որ այդ նիստն իրավազոր լինի ճանաչվելու որպես օրենսդիր իշխանության մարմնի նիստ: Իսկ դա առկա է այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված առանձին դեպքերի, պատգամավորների  ընդհանուր  թվի  կեսից  ավելիի  առկայությունն  է  Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի իրավազորության նվազագույն սահմանը: Դրանից պակաս պատգամավորների որևէ այլ թվի պարագայում, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն իրականացնող մարմին, հանդես գալու իրավազորություն չի կարող ունենալ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմիններին այնքանով, որքանով դրանց իրավական կարգավիճակին համապատասխան այդ մարմինների լեգիտիմ գործունեության իրականացման անհրա ժեշտությունից են բխում: Դա առավել ևս վերաբերում է համամասնական կարգով ընտրված ներկայացուցչական մարմիններին, որոնցում քաղաքական փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանությունը ժողովրդավարական պետությունում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման կարևոր պայման է:

Այսպիսով, յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի դա խորհրդարան, թե՝ համայնքի ավագանի, իր լիազորություններն իրականացնելիս, այդ թվում որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներով, իր գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման ու տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Սահմանադրական դատարանը կարևորում է կոլեգիալ մարմնի գործունեության իրավակարգավորման հիմքում վերոհիշյալ իրապայմանների առկայությունը, առանց որի կիմաստազրկվի կոլեգիալ կառավարման սահմանադրական սկզբունքի էությունը՝ ընդհանրապես, և «քվորումի» ինստիտուտը՝ մասնավորապես:»:

[…] Սահմանադրության դրույթների /մասնավորապես՝ 103, 115, 118, 153, 157, 170 և 205-րդ հոդվածների/ համադրված վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական մակարդակում կոլեգիալ որոշումների կայացումն ու վերջինիս լեգիտիմությունը ենթադրում են համապատասխան մարմնի իրավազորության առկայություն, ինչը պայմանավորված է որոշման կայացմանը տվյալ մարմնի անդամների կեսից ավելիի ներկայությամբ։

Իսկ մինչ այդ իր մեկ այլ՝ 2013 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1081 որոշմամբ Դատարանն ամրագրել է հետևյալը. «Ինչպես սահմանադրական իրավունքի միջազգային պրակտիկայում, այնպես էլ մեր երկրում պետական իշխանության մարմնի իրավազորությունը պայմանավորվում է նրա կողմից գործառնական իրավասության իրացման կարողունակությամբ: Դա իր հերթին պայմանավորվում է քվորումի առկայությամբ:»։

Դատարանի որոշմամբ սահմանվել է նաև․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի […] 5-րդ մասով սահմանվում է, որ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե՝ 

-ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

[…]»։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասի դրույթների սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան նույնպես նախատեսում է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վարչական վերահսկողության հնարավորություն՝ նախանշելով դրա թույլատրելի սահմանները։ Մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությունը» վերտառությամբ 8-րդ հոդվածով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ընթացակարգերով և դեպքերում, այն պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրական սկզբունքների ապահովմանը։

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս բացառվում է գործադիր իշխանության կողմից հնարավոր կամայականության դրսևորում, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ սահմանում է այն դեպքերը, որոնք հիմք են հանդիսանում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։

Համաձայն դրա՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, երբ, ըստ էության, դրսևորվում է համայնքի ավագանու անգործություն, ինչն անհարիր է ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքներին ու տեղական ինքնակառավարման էությանը և առաջացնում է համայնքի ավագանու սահմանադրական պատասխանատվության հարց: Վերջինս, ի թիվս այլնի, ներառում է նաև համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը և անխուսափելիությունը։»։

Դատարանի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ գործադիրն այլընտրանք չունի Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն և արտահերթ ընտրություններ նշանակելուն, քանի որ Վանաձորի ներկայիս ավագանու կողմից գումարված բոլոր նիստերը, բացառությամբ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած անդրանիկ նիստի՝ այսինքն մոտ արդեն 13 ամիս, իրավազոր չեն եղել՝ քվորումի բացակայության պայմաններում, իսկ կայացված որոշումները նույն պատճառով չեն կարող ունենալ իրավաբանական ուժ և համապատասխան իրավական հետևանքներ։ Այսինքն, պատգամավորների կողմից դիմումը ներկայացնելիս դրան կից ներկայացված ավագանու բոլոր որոշումները Դատարանի կողմից ևս ճանաչվել են անվավեր և հակասահմանադրական: Այն պարագայում, երբ ոչ միայն օրենքն է հակասահմանադրական, այլ նաև ավագանու՝ այդ օրենքի հիման վրա կայացված որոշումները՝ որպես առանց քվորումի ապահովման գումարված նիստերի արդյունք: Նշանակում է նիստեր չեն եղել նաև այն փաստի ուժով, որ ավագանու նիստի իրավական հետևանքը այդ նիստի ընթացքում կայացված ակտը կամ ակտերն են, մինչդեռ կայացված բոլոր ակտերը ևս ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ քվորումի բացակայության պայմաններում կայացված լինելու պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ, 9-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1384 թվակիր որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Շնորհակալություն համագործակցության համար։

Հարգանքով՝

 

«Լուսավոր Հայաստան»

կուսակցության խորհրդի նախագահ

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

20 նոյեմբերի 2017թ.

[1] Ըստ դրա՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ։ Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստո- րագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը։

 

[2] Վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի մարտի 31-ը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930