Թուրքիայի հասարակական, քաղաքական գործիչ Րաֆֆի Արաքս Հերմանը թուրքական քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումներն անսպասելի է համարում:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն օրինակ բերեց այն, որ Թուրքիայի իշխանության գլուխ գտնվող «Արդարություն և զարգացում կուսակցությունն (AKP) իր սովորության հակառակ` նախագահի անպաշտոն հրամանով Թուրքիայի՝ այդ կուսակցությանը պատկանող որոշ քաղաքապետերի հրաժարականը խնդրեց. «Դա Թուրքիայի պատմության մեջ եղած բան չէ: Նախագահը խնդրում է, և որոշ քաղաքապետեր հրաժարական են տալիս»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքին՝ Րաֆֆի Արաքս Հերմանը նշեց. «Էրդողանը բացեիբաց խոստովանեց, որ Ստամբուլի սիլուետը շատ խորտակվեց, հոգին գրեթե սպանվեց, և ինքն էլ այս գործում դերակատարություն ունի: Սա անսպասելի հայտարարություն էր: Մեկ այլ անսպասելի հայտարարություն վերաբերում էր Ստամբուլի Տաքսիմ հրապարակում գտնվող մշակութային պալատին, որտեղ հավաքվում են մտավորականները, այսպես կոչված՝ սպիտակ թուրքերը: Էրդողանը հայտարարեց, որ այդ շինությունը պետք է փակել»:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կպատժի, հարաբերությունները լարված են: Այս առիթով նա մանրամասնեց. «Հաճախ է արծարծվում Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 գնելու խնդիրը: Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է, որի կանոնադրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը իրավունք չունի, եթե ոչ ՆԱՏՕ-ի թշնամի, ապա նաև մրցակից երկրից զենք գնել: Մյուս պատճառն է այն, որ ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանական ընդհանուր համակարգի մեջ են: Եթե Թուրքիան ՌԴ-ից զենք է գնում, տեղադրում իր երկրում, ապա այդ պաշտպանական համակարգից դուրս է գալիս: Այդ զենքին սպասարկող անձնակազմ էլ է պետք, որոնք պետք է լինեն ռուսական»:
Պարոն Չաքրյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միատեսակ զենք են օգտագործում:
Այդ երևույթները, իհարկե, ըստ թուրքագետի՝ չեն հանգեցնի Թուրքիայի վտարմանը ՆԱՏՕ-ից, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ փորձ է արվում Թուրքիային կարգի հրավիրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ