Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացու կացութաձևի համեմատ՝ մեր մտածելակերպը և կացութաձևը տարբեր է, երբ մենք շոշափում ենք ազգային մշակույթ հասկացությունը»․ Արթուր Գևորգյան

Նոյեմբեր 20,2017 16:35

Նոյեմբերի 20-ին «Sputnik Արմենիա» կենտրոնում տեղի ունեցավ Քանդակագործության ազգային պարկի տնօրեն, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Գևորգյանի ասուլիսը։ Նա ներկայացրեց առաջիկայում կայանալիք «Վերելք» երիտասարդական միջազգային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն «Քանդակագործության Գյումրի» միջազգային երրորդ սիմպոզիումը և «Քաղաքաշինական գծի մեջ գեղարվեստական արժեքների փոփոխությունը» խորագիրը կրող գիտաժողովը։

Քանդակագործը ասուլիսի սկզբում խոսեց ծրագրի նախապատմությունից․«Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն»-ը 2013 թվ․-ից ի վեր անցկացնում է քանդակագործության միջազգային սիմպոզիումներ, որոնց արդյունքում Գյումրիում արդեն ստեղծվել են քանդակագործության պուրակներ և հետագայում նախատեսվում է քանդակագործության ազգային թանգարանի հիմնական հատվածի շինարարություն իրականացնել։ Ամեն սիմպոզիումի ժամանակ մենք մեր առաջ հստակ խնդիր ենք դնում և փորձում լուծել։ Այս տարին տարբերվում է նրանով, որ ծրագրին ավելացրել ենք գիտաժողով, որի ժամանակ փորձելու ենք պարզել, թե ի՞նչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կերպարվեստի հետ, ինչպե՞ս երկրները փորձեցին լուծել ճգնաժամը, ինչպե՞ս օգտագործեցին հնարավորությունները, որքանո՞վ զարգացավ մշակույթը»։

Մասնակից երկրների ընտրությունը պատահական չէր արված: Ընտրված էին ԱՊՀ երկրների արվեստագետները, իսկ մտադրությունը մեկն էր․ «Արվեստը և մշակույթը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսեց զարգանալ մի քիչ տարերայնորեն, որի արդյունքները մենք մինչև այսօր դրական և բացասական կերպով տեսնում ենք մեր իրականության մեջ: Այս իմաստով հիմնարար մի հարց կա՝ ստանալով կերպարվեստի և մշակույթի նույնատեսակ կրթություն, ինչո՞ւ հանկարծ փլուզումից հետո սկսեցինք նայել Եվրոպային կամ այլ մշակույթներ կրող երկրներին, երբ կարող էինք զարգացնել մերը»,-նշեց ՀԿ նախագահը։

Մասնակիցները թվով 23 հոգի են , իսկ հրավիրյալները՝ 50, որոնցից 12-ը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ են, նաև արվեստագետներ Հայաստանից: Արդյունքում ստեղծվելու են 10-15 ինտերիերային քանդակներ։

«Գիտաժողովը համադրելու է այն ազգերի մշակույթների ձեռքբերումները և խնդիրները, որոնք կան մեկ միջավայրից և մենք կրթական հարթակից սերված պետությունների, ազգերի ներկայացուցիչների մոտ։ Եվրոպացու կացութաձևի համեմատ՝ մեր մտածելակերպը և կացութաձևը տարբեր են, երբ մենք շոշափում ենք ազգային մշակույթ հասկացությունը»,-նշեց քանդակագործը՝ պարզաբանելով, թե ինչու է քաղաքաշինական խնդրի տեսանկյունից դիտարկում քանդակներն ու արձանները․ «ՀՀ-ով մեկ հետխորհրդային շրջանում տեղադրվեցին քանդակներ, որոնք այսօր շրջապատված են գովազդային պաստառներով, կառույցներով։ Սա ինքնըստինքյան աղավաղեց քանդակի միջավայրը և դրա հետ կապված արդեն լուրջ հարցադրումներ կան՝ ինչպիսի՞ն է լինելու հետագայում քանդակների տեղադրման կարգը ։ Դրանք իրենց կրթական ազդեցությունն ունեն հասարակության վրա ։ Յուրաքանչյուր արձանի կողքին պիտի լինի հարմար միջավայր, բուսածածկույթ, նստարան։ Արձանները տեղադրելիս քաղաքաշինական խնդիրներ են լուծել երկրները, իսկ մեր մոտ արձանների միջավայրերը կարգավորելու խնդիր կա» ։

Մեր այն հարցին, թե սիմպոզիումը Գյումրիից դուրս ևս կազմակերպելու և մասնակից երկրների հետ այդ ուղղությամբ որևէ համագործակցության պլաններ կա՞ն, նախագահը պատասխանեց, որ իրենք ստեղծում են նախադրյալներ մյուսների համար, իսկ տարածաշրջանային առումով սա լավ հնարավորություն է մասնակիցների համար ծանոթանալու մյուսների հետ և մասնակցելու այլ սիմպոզիումերի:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930