Դեկտեմբերից սկսած 13 տարեկանը լրացած աղջիկներին կպատվաստեն «Գարդասիլ» պատվաստանյութով, որն, ըստ առողջապահության նախարարության պատասխանատուների, կպաշտպանի «պապիլոմա» վիրուսից: Այս պատվաստանյութի ներդրումը պատվաստանյութերի մեր ազգային օրացույցում մեծ աղմուկ է բարձրացրել:
Փորձագետ Հայկ Նահապետյանն այսօր «Հայելի» ակումբում բերեց մի քանի երկրների օրինակ, որտեղ պատվաստանյութի կիրառությունը նվազագույնի է հասցվել: Ըստ նրա, օրինակ` Ճապոնիայում 70 տոկոսից իջել է` դառնալով 1 տոկոս:
2007 թվականին ԱՄՆ կառավարությունը կատարել է հետազոտություն, ըստ որի, մարդու՝ «պապիլոմա» վիրուսի տարածվածության տոկոսը կանանց մոտ մյուս վիրուսների համեմատ կազմում է 26,8, որից 16 տեսակը 1,5 տոկոս է, 18 տեսակը` 0,8 տոկոս: Սա է իրականությունը, այլ ոչ թե 98 տոկոս, ինչպես ասում են»:
Հայկ Նահապետյանի խոսքով, պաշտոնյաները թվերն «օդից» են ասում, քանի որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնից ստացված պատասխանի համաձայն, նման ուսումնասիրություն, թե մեր երկրում այդ վիրուսից վարակվածությունը քանի տոկոս է կազմում` չկա:
Ըստ փորձագետի 2015-2016 թվականին Դանիայում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն իջնում են 49-ից 24 տոկոսի, Իռլանդիայում` պատվաստումներն իջնում են 50 տոկոս, Ղազախստանն էլ ընդհանրապես դադարեցնում է կիրառումն այն բանից հետո, երբ երկու երեխա հայտնվում են վերակենդանացման բաժնում:
Այն հարցին, թե Ֆրանսիայում, Գերմանիայում այդ պատվաստանյութի շնորհիվ հիվանդացությունը նահանջել է, բժիշկներն էլ հավաստում են, որ իրենց երկրներում գրեթե ոչ մի կին չի մահանում արգանդի պարանոցի քաղցկեղից, պարոն Նահապետյանը կրկին Ճապոնիայի, Դանիայի, Իռլանդիայի օրինակը վկայակոչեց, որոնք, ըստ նրա, ոչ պակաս առողջապահական բարձր սպասարկման մակարդակ ունեն:
«Եթե իսկապես այս «Գարդասիլը» արդյունք պիտի տա, իսկ արդյունքը 30 տարի հետո է երեւալու, ինչի մասին վկայում են նաեւ մեր առողջապահության մասնագետները, ապա, ինչու է այդ երկրներում իջնում պատվաստումների տոկոսը: Ինչու Ղազախստանում փորձեցին ներդնել եւ շատ արագ հանեցին: Ինչու Հնդկաստանում եղան մահվան դեպքեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ