Այսօր, երբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի պաշտպանը ներկայացնում էր պաշտպանական ճառը՝ նշելով, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղքն ու անկեղծորեն զղջում, գործով մեկ այլ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը տեղից արձագանքեց՝ «ղալաթ ա անում»: Նա, ի դեպ, միջնորդեց գործում որպես իր շահերի պաշտպան ներգրավել փաստաբան Արթուր Ղարիբյանին:
Բաբայանն ու գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հեգնական ռեպլիկներ էին բաց թողնում, երբ Հարությունյանի պաշտպանը ներկայացնում էր իր պաշտպանյալի պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում, երբ նշում էր, որ Հարությունյանը մշտապես օգնել է բակի բարեկարգման աշխատանքների հարցում, հարեւաններին եւ այլն:
Երբ Հարությունյանի պաշտպանն ավարտեց պաշտպանական ճառը, ամբաստանյալներն ասացին, որ առավոտից սոված են ու դեմ չեն նիստը հետաձգելուն: «Մինչեւ չորս ժամը թույլատրելի է»,- ասաց նախագահող դատավորը:
Իսկ Սանասար Գաբրիելյանն էլ հավելեց. «Շաքարս կբարձրանա»:
Գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանն էլ հայտնեց, որ իր պաշտպանական ճառը պատրաստ է, բայց իր պաշտպանյալը ցանկացել է, որ ինքը պաշտպանական ճառը ներկայացնի Սանասար Գաբրիելյանի պաշտպանական ճառից հետո միայն:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հաջորդ երկուշաբթի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ