«Իգլայի» գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Ըստ նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի՝ քանի որ իր պաշտպանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, դրա համար պաշտպանական կողմը հարկ չի համարում անդրադառնալ մեղադրանքի հիմքում դրված փաստական ապացույցներին:
Փաստաբանը նաեւ ասաց, որ իր կարծիքով, գործում բացակայում է Քրեական օրենսգրքի 190 հոդվածի հատկանիշներով հանցակազմը. «Ուր մնաց, որ այստեղ կարող է խոսք գնալ 150 հոդվածի հանցակազմին օժանդակող անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներով հաստատված համարելու հանգամանքը: Միանում եմ գործընկերներիս այն դիրքորոշմանը, որ այստեղ տեղի չի ունեցել 190 հոդվածով հանցագործություն, ինչի համար մեղադրվել է Սամվել Բաբայանը, տեղի չի ունեցել նաեւ 190 հոդվածի՝ օժանդակության համար անձանց կողմից թույլատրված արարքներ»:
Փաստաբանը ներկայացրեց միայն իր պաշտպանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ պնդելով, որ իր պաշտպանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ որպես մեղմացնող հանգամանք, նշեց նրա՝ նախկինում դատված չլինելն ու դրական բնութագիր ունենալը. «Իմ պաշտպանյալն ընդունում է իր մեղքը ու զղջում կատարածի համար»:
Նշենք, որ Հարությունյանը նախաքննության ժամանակ չէր ընդունում առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ