Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական նիստին այսօր Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ պաշտպանական ճառով:
Փաստաբանը պնդեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է:
«Գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, նշվում է՝ որ մեղադրանքը հիմնավորված է Սամվել Բաբայանի ու այլ մարդկանց ցուցմունքներով: Բայց Սամվել Բաբայանը իր նախաքննական ցուցմունքներով պատասխանել է բոլոր հարցերին, տվել պարզաբանումներ ու հերքել է իր մասնակցությունը կատարված ենթադրյալ հանցագործությանը: Մասնավորապես ասել է, որ 2017 թվականի մարտի 18-ին Սանասար Գաբրիելյանն իրեն հայտնել է, որ ինչ-որ բան է գնել, բայց չի կարողացել հստակ բացատրել՝ ինչ: Ավելի ուշ Գաբրիելյանը գնացել է ՕՐՕ դաշինքի գրասենյակ՝ իր պլանշետում առկա նկարը ցույց տվել Բաբայանին, պարզվել է, որ գնվածը «Իգլա» է:
Պարոն Քալաշյանի խոսքով, Սամվել Բաբայանը հայտնել է, որ զենքից բացակայում է կրակի արձակման մեխանիզմը, այդ վիճակում իր նպատակային նշանակությանն այն չի կարող ծառայել:
Ըստ փաստաբանի՝ Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, եւ զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել. «Սամվել Բաբայանի առնչությունը այդ ամենին ընդամենը եղել է որպես խորհրդատու…Մեղադրանքի հիմքում դրված այն ձեւակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որեւէ փաստական հանգամանքով: Բաբայանի մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ: Եթե զենքի պատվիրատուն Բաբայանն է, եթե նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի եւ Գաբրիելյանի զրույցում որեւէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետեւում է, որ Սամվել Բաբայանը որեւէ առնչություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որեւէ խոստում չի տվել»:
Փաստաբանը նաեւ միջնորդեց ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով արդարացնել Սամվել Բաբայանին:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին:
Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն դրդելու համար, ինչպես նաեւ՝ այն փոխադրելու և պահելու, համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ