Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն նորից նիստ կանի եւ կորոշի՞ ստուգել Ծառուկյանի հարկերը. ՀՀԿ-ն՝ Ծառուկյանի «ոտքը տրորելու» մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 14:50

Այսօր լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխանցեցին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերը՝ եթե հնարավորություն տան ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողով ստեղծել, դրա արդյունքում իրենք սենսացիոն բացահայտումներ կանեն գազի եւ բենզինի ոլորտում: Հարցին՝ հնարավորություն կտա՞ք ի վերջո պարզել, եթե որեւէ մտավախություն չունեք: Վահրամ Բաղդասարյանի արձագանքն ուշագրավ էր. «Առաջարկությունը թող ներկայացնի, բայց չեմ կարծում, որ դրանից կշահեն առաջարկություն ներկայացնողները: Թող առաջարկություն ներկայացնեն, եթե անհրաժեշտություն լինի, որ ստուգումներ կատարենք, մենք կկատարենք այդ ստուգումները: Համենայնդեպս, պետք է իմանաք, որ ձեր նշած ոլորտները տնօրինողը ՀՀ-ն եւ իշխանությունները չեն»:

Հարցին՝ Դուք ինչո՞վ եք պայմանավորում «Ծառուկյան» խմբակցության՝ կառավարության հասցեին նման ակտիվ քննադատությունը վերջին օրերին, Կարեն Կարապետյանին էլ չպաշտպանեցիք, ինչո՞ւ: Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որեւէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում եւ դա ես ընդունելի չեմ համարում: Դա իրենց ներքին գործն է: Բյուջե է քննարկվում եւ ընդդիմադիրները պետք է իրենց կեցվածքը դրսեւորեն, այլ խնդիր է, թե ինչքանով են օբյեկտիվ եւ օբյեկտիվ չեն: Ինչ վերաբերում է, թե չպաշտպանեցինք կառավարությանը, ես որեւիցե բյուջեի քննարկում չեմ հիշում, որ նմանատիպ պաշտպանողական ելույթ է եղել: 8 ելույթ է եղել ընդդիմության, 8 ելույթ եղել է ՀՀԿ-ից եւ շատ հիմնավոր պաշտպանել ենք, նորից ենք պաշտպանում: Նորից ենք ասում՝ այս բյուջեն իրատեսական է, որեւէ ճոխ բան նկարագրված չէ: Սա հիմք է ստեղծում եւ հեռանկար՝ ապագա զարգացման համար: Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, դա թիմային բյուջե է, եթե մենք պաշտպանողական չլինեինք մեր կառավարությանը, կասեինք՝ իշխանությունը կապ չունի, դա միայն կառավարությանն է: Մենք վարչապետին պաշտպանում ենք, որովհետեւ 1-2 տարի է քաղաքականության մեջ, վարչապետը դեռ 15-20 տարի առաջ զբաղվել է բիզնեսով եւ բավականին հաջողված բիզնեսմեն է եղել, բավականին պահանջված մենեջեր: Ինչ վերաբերում է քննադատություններին, այդ անձի նկատմամբ, դրանք հիմքեր չունեն»:

Հարցին՝ այս կոշտ քննադատություններից հետո հնարավո՞ր է ՀՀԿ-ն նորից նիստ հրավիրի եւ որոշի ստուգել Ծառուկյանի հարկերը կամ բացակայությունները, նորից «բամփելու» խնդիր դնի՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես դեմ եմ առանձին հարկեր, առանձին ինչ-որ բաները ստուգելուն, պետք է դաշտը հավասար լինի բոլորի համար: Այսօր մենք պետք է տանենք այն քաղաքականությունը՝ անկախ նրանից ով է բարձրաձայնում, ինչ խնդիրներ են առաջ քաշում, ինչ-որ առանձին մոլերի մասին խոսակցություն է գնում, բոլորը պետք է հավասարապես ստուգվեն եւ բերվեն հավասար դաշտ: Ես ցանկություն չունեմ ուրիշի ունեցվածքը հաշվելու, բայց մեր երկրում բոլորը պետք է լինեն հավասար»:

Aravot.am-ը հարցրեց՝ այն, որ ԱԺ վերջին քառօրյայի սկզբից, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սկսեցին իրար հերթ չտալով «Առինջ մոլի» հարցը բարձրացնել եւ քննադատել վարչապետին, խոսում է նրա մասին, որ կա տնտեսական շահերի բախում եւ որ վարչապետը կամ ՊԵԿ նախագահը տրորել են Գագիկ Ծառուկյանի ոտքը կամ գրպանին են հարվածում, որից բարձրանում է այս աղմուկը: Սա չի՞ վկայում, որ ժամանակին կառավարության կողմից աչք է փակվել նրա բոլոր խախտումների, հարկերը չմուծելու առաջ եւ հիմա, քանի որ աչք չի փակվում, սկսում են աղմուկ բարձրացնել՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորի նկատմամբ այդ նույն գործընթացը կատարվում է, մենք ուսումնասիրել ենք, խոսել ենք ՊԵԿ-ի հետ: Պարզապես մի մասը աղմուկ է բարձրացնում, մի մասը չի բարձրացնում…Եթե մենք քաղաքականության մեջ թողնենք, որ ինչ-որ շահերի բախում լինի եւ ով շուտ արձագանքի՝ նրան արտոնություն տանք, մենք չենք կարող զարգացում ապահովել: Ինձ թվում է մենք պետք է տուրք չտանք անհատներին եւ ով ինչ խնդիրներ ունի, ինչպիսի շահերի բախման արդյունքում են նրանք քաղաքական հարցեր բարձրացնում: ՊԵԿ-ը պետք է շարժվի այնպես, որ բոլորի նկատմամբ լինեն հավասար պայմաններ, պետք է կատարի իր գործը»:

Մենք ճշտեցինք՝ անկախ նրանից, որ դա Ծառուկյա՞նն է՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկախ դրանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930