Վարպետաց տու՛ն, աշուղների սու՛րբ ոստան,
Երգդ՝ կանթեղ, գործդ՝ անմահ, պատմական,
Քո սաներով պիտի ծաղկի Հայաստան,
Մեծ Ջիվանու անվան դպրո՛ց պատվական:
Երևանի սրտում՝ դու վարդ-բուրաստան,
Քեզնով շնչեց վայրի հանդ ու անդաստան,
Քո սուրբ գրկում պիտի ապրի հայ դաստան,
Մեծ Ջիվանու անվան դպրո՛ց պատվական:
Աշուղատեր վարպե՛տ Թովմաս, ո՜վ երգիչ,
Ավետյաց լուր, վարդագիր է քո գրիչ,
Քեզ զորացրեց բարի Աստված, Արարիչ,
Որ դու հիմնես մեր սուրբ դպրոց պատվական:
Ձեռնադրվել մեր օրերում շատ բարդ է,
Ամեն աշուղ վարդարանիդ մի վարդ է,
Ամեն մի տաղ զարդարանիդ մի զարդ է,
Մեծ Ջիվանու անվան դպրոց պատվական:
Սայաթ-Նովա՛, Շերա՛մ, Շահե՛ն, ունենք տուն,
Արդեն չունենք մենք հայ աշուղ՝ խեղճ, անտուն,
Աստղանուշիս համար ասես հերանց տուն,
Մեծ Ջիվանու անվան դպրո՛ց պատվական:
ԱՇՈՒՂ ԱՍՏՂԱՆՈՒՇ