Booking.com կայքը վերսկսել է հյուրանոցների ամրագրումն Արցախում: Priceline Group ընկերությանը պատկանող կայքը, որը զբաղվում է հյուրանոցների ամրագրմամբ աշխարհի 229 երկրներում, մինչ այս, պաշտոնական Բաքվի բողոքից հետո դադարեցրել էր հյուրանոցների ամրագրումը Արցախում:
Aravot.am-ի հետ զրույցում մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ հյուրանոցի մասին հայտարարության տեղադրումը կայքում կատարվում է հյուրանոցի սեփականատիրոջ կողմից. ‹‹Հյուրանոցները իրենց աշխատանքային մոտեցումն ունեն: Եթե գտնում են, որ իրենց անհրաժեշտ է կայքերի միջոցով օնլայն ամրագրմամբ ևս հաճախորդներ ունենալ, ապա գրանցվում են տվյալ կայքում››:
Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող համանուն հյուրանոցի տնօրեն Էդգար Սարգսյանը մեր զրույցում պատմեց, թե ինչպես է կատարվել հայտագրման գործընթացը. ‹‹Ինքս լրացրել եմ հյուրանոցի տվյալները կայքում: Հյուրանոցի վայրը գրանցելուց նշել եմ այսպես. «Ստեփանակերտ, Հայաստան››: Երկու շաբաթ անց ինձ պատասխանեցին, որ չեն կարող ընդունել «Ստեփանակերտ›› գրված հասցեով և փոխարենը առաջարկեցին վայրը նշել պարզապես Գորիսից 90 կմ հեռավորության վրա››:
Ինչպես նշում է. Սարգսյանը, առաջարկված հասցեով ինքը չի ցանկացել նշել և առաջարկը թողել է անպատասխան: Մի քանի օր անց արդեն կայքում նկատել է, որ հյուրանոցի տվյալները տեղադրվել են իր նշած հասցեով` առանց փոփոխությունների:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ