«Դա, իհարկե, «Ելքի» իրավունքն է, նա կարող է դիմել կառավարություն., բայց առայժմ, իմ կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա: Եթե կհավաքվի, քվորում կլինի, նիստը կկայանա, եւ դա իր բնականոն գործընթացով կգնա առաջ»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով Վանաձորի ավագանու ապագայի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասաց, որ նիստը եղել է ՏԻՄ օրենքին համապատասխան. «Եթե ՍԴ որոշումը նայեք, այնտեղ հակասությունը ՏԻՄ օրենքի եւ Սահմանադրության հետ էր կապված, մինչեւ մարտի 31-ը օրենքը պետք է համապատասխանեցվի»: Հիմա իր բնականոն հունով կգնա, դեպքերից առաջ պետք չէ ընկնել, դրա համար եզրահանգումներ անելը շուտ է: Ես որեւէ հիմք չեմ տեսնում նոր ընտրությունների»:
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունն արդեն դիակ է եւ հիմա ՀՎԿ-ն փորձում է իր համբույրներով հետ բերել նրան՝ կարծելով, թե քնած դշխուհին է: Ուստի մենք հարցրեցինք՝ ՀՎԿ-ի համույրները ինչքանո՞վ կկարողանան վերակենդանացնել Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությանը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ: Նոր քաղաքական զարգացումներ են եւ քաղաքական ուժերը եթե գալիս են համաձայնության Վանաձոր քաղաքի հետագա ճակատագրի հետ կապված, որ պետք է համագործակցություն միասին կիրառել, դա ցույց կտա ապագան: Որեւէ անգամ բոյկոտները հավերժական չեն լինում: Համբերեք մինչեւ իրադարձությունների զարգացումը: Այսօր կա հուշագիր, ինձ թվում է, որ նաեւ մյուս երկու քաղաքական ուժերը արդեն իսկ պետք է մասնակցեն ավագանու նիստերին: Վանաձորը այն քաղաքը չէ, որ անտարբերության մատնվի: Ընտրությունները կայացել են, քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումներն արտահայտել են, այսօր արդեն կա հուշագիր եւ նրանք կարող են գալ իրենց ընդդիմադիր կեցվածքը պահելով՝ ավագանու նիստերին մասնակցել եւ պարտադրել, որ հաշվի նստեն իրենց քննադատությունների, իրենց առաջարկությունների հետ: Բնականոն հունով Վանաձորը կգնա առաջ, հակառակ դեպքում, եթե նրանց նպատակն այն է, որ պարալիզեն ավագանու աշխատանքները, դրանով Վանաձորի բնակչությունը որեւէ բան չի շահելու: Ինձ թվում է, նրանք նույնպես պետք է հետեւություններ անեն, գան ավագանու նիստերին եւ իրենց խնդիրները քաղաքակիրթ ձեւով ավագանու նիստերին բարձրացնեն»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, ՍԴ որոշումն առ ոչի՞նչ է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք նորից նայեք ՍԴ որոշմանը, այնտեղ շատ հստակ է, ՏԻՄ օրենքի եւ Սահմանադրության մեջ կան հակասություններ, որը պետք է հարթվի: Եվ եթե այսօր նիստերը պետք է շարունակվեն արդեն այդ հուշագրի հիման վրա, այս ընթացքում մենք պետք է կարողանանք համապատասխանեցնենք այդ օրենքի հետ, դա արդեն ԱԺ-ի գործն է: ՍԴ որոշումը շատ հիմնավոր է, եւ այն ժամանակ, երբ դա մեկնաբանում էին որոշ քաղաքական ուժեր, մենք ասում էինք, որ որեւէ մեկս իրավունք չունենք մեկնաբանելու, դրա համար կա ՍԴ: Այդ ճանապարհով շարժվեցին քաղաքական ուժերը եւ այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը»:
Հեղինե Բիշարյանն ասել էր, որ անբարոյականներ են նրանք, որոնք կողմ են քվեարկել Վանաձորի ավագանիում փակ գաղտնի քվեարկության ժամանակ: Հարցին՝ հիմա արդեն պարզ է, թե ովքեր էին կողմ քվեարկել, ՀՀԿ-ն ինչպե՞ս է գնահատում անբարոյականների հետ համագործակցությունը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքական զարգացումները գնալով՝ հուշագիր կամ որեւէ հռչակագիր ստորագրել, դա չի նշանակում, թե նախկինում ովքեր էին ձայն տվել, ովքեր չէին տվել: ԱԺ-ում նույնպես եղել ե կոալիցիաներ եւ կոալիցիայից դուրս եկածներ: Եթե մենք դա վերագրենք, որ ընտրությունների ժամանակ նրանք ընդդիմադիր չեն եղել, եղել են ՀՀԿ-ականներ, այնքան էլ ճիշտ չէ: Կարող է գործընթացները զարգանան այնպես, որ ամենասուր ընդդիմադիրը կարող է հուշագիր ստորագրել իշխանության հետ, դա չի նշանակում, որ իրենց ձայները տվել են իշխանությանը: Սա քաղաքական պրոցես է եւ քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ փոխվել մի գիշերվա մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ