Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տուն աղավնացե՜ք, նոյի՜ ագռավներ»

Նոյեմբեր 20,2017 16:00

Արտագաղթը Հայաստանի նման փոքր երկրի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ մտավոր ներուժի արտահոսքի առումով:

Հայաստանում արդեն առաջանում է մարդկանց ֆիզիկական բացակայության խնդիր, մեր բնակավայրերում ոչ միայն մասնագետների խնդիր կա, այլեւ մոտ ապագայում պարզապես սահմանամերձ գյուղի տան լույսը վառ պահող մարդու ներկայության խնդիր կլինի:

Խնդիրն այս, սակայն, Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առաջնային հարցը չէ, ավելին՝ դեռ 2018 թվականին սպասվում է պետական համակարգի աշխատողների թվի կրճատում պետական բյուջեի աշխատավարձի ֆոնդը խնայելու եւ պետծառայողի մեկ տարվա աշխատավարձով քմահաճ պաշտոնյաների անձնական ծախսերը մեկ ակնթարթում բյուջեի գումարից վճարելու նպատակով:

Ահա արտագաղթի եւս մեկ պատճառ: Տեղին է հիշատակել հայտնի առակը չորս մոմերի մասին, երբ վերջին՝ հույսի մոմը վառում է մնացած երեք՝ խաղաղության, հավատի, սիրո մարած մոմերը: Մեր երկրում, ցավոք, աստիճանաբար մարում է այդ վերջին՝ հույսի մոմը:
Երկրում կան մարդկանց արտագաղթի մղող հիմնավոր պատճառներ: Եվ այս հարցերը հուզում են նաեւ երիտասարդներին, ովքեր նախաձեռնել էին «Տուն աղավնացե՜ք, Նոյի՜ ագռավներ» շիրազյան տողերով խորագիրը կրող հանդիպում քննարկում:

«Նարեկացի» արվեստի միությունն էլ, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, հայրենապահպանմանն ուղղված միջոցառման համար հարթակ էր տրամադրել երիտասարդ ուսանողներին՝ Շաքե Սիմոնյանին, Հարություն Գրիգորյանին, Հայկ Մանուկյանին եւ Աննա Հարությունյանին: Երիտասարդները պատկերավոր ելույթների միջոցով խոսեցին արտագաղթի դրդապատճառների մասին: Մարդկանց զանգվածային արտագաղթը հայրենիքից պայմանավորված է տնտեսական՝ ապրանքատեսակների գնաճի (գնաճը հիմնականում ավելին է լինում, քան աշխատավարձի աճը), ցածր կենսամակարդակի, գործազրկության ահագնացող ցուցանիշների, ընտրություններից սպասելիքների, սակայն կաշառված ընտրողների, բարձր տոկոսադրույքով վարկերի գործոններով։

Ցուցադրվեցին արտագաղթի մասին պատմող կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի ֆիլմերից հատվածներ:
«Փակուղի» ֆիլմը հայ մարդու եւ նրա ընտանիքի ճակատագրի մասին է, ովքեր 90-ականներին հեռացել են Հայաստանից, օտար ափերում գտել կամ կորցրել իրենց երջանկությունը: Ֆիլմում խոսվում է վերջին տասնամյակներում արտագաղթած հայերի խնդիրների մասին, ով է հայերի դարավոր տեղաշարժի հեղինակը, ում է դա ձեռնտու, գրին քարտ շահած մարդկանց ներգաղթը ԱՄՆ, որքանով են այդ մարդիկ շահեկան ԱՄՆ իշխանությանը, որտեղ մարդը դիտարկվում է որպես բիզնես:

«Քամին ունայնության» ֆիլմը՝ դեռեւս երեք տասնամյակ առաջ նկարահանված, մարդկանց մասին է, որոնք զանազան դրդապատճառներով կամ ակնկալիքներով՝ քաղաքական, սոցիալական, հաց փնտրելու, հեռանում էին: Ֆիլմի հերոսները հասարակ մարդիկ են, մեկը՝ նկարիչ, մյուսը՝ թատրոնի ինքնուս ռեժիսոր, երրորդը՝ ավտոմեխանիկ: 25 տարի ռեժիսորը նկարահանել է այդ մարդկանց ԱՄՆ-ում, Խարկովում, Տալլինում, Մոսկվայում, Կամչատկայում, Ռուսաստանի ամենախուլ անկյունում անգամ եւ ֆիլմերի շարք ստեղծել: Ինչո՞ւ են հեռանում Հայաստանից եւ ինչո՞ւ վերադառնում: Արդյոք դա ազգային հատկանի՞շ է, թե՞ իրավիճակից է բխում: Հավաստենք, որ արտերկրում վերաբերմունքն ու մթնոլորտն այնքան էլ բարեհաճ չէ ներգաղթյալների նկատմամբ։ Ամեն քայլափոխի հայերը կարող են հանդիպել ճնշումների, վատ վերաբերմունքի, հետապնդումների, նաեւ նվաստացումների, բայց շարունակում են գնալ։

Ռաֆայել Պատկանյանը գրելով միշտ արդիական «Վարդապետարան Հայաստանի Ազատության»-ը՝ նշել է հայի երջանկության բանաձեւը. «Ո՞ր աշխարհի մեջ հայը կարող է երջանիկ լինել: Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ, քանզի նա ամեն տեղ հալածված ու արհամարհված պանդուխտ է, եւ միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում»:

Իսկ Հովհաննես Շիրազը իր «Նոյի ագռավներին» բանաստեղծության մեջ կոչ է անում Նոյի տարագիր ագռավներին տուն վերադառնալ.

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար…
Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ…

Ցուցադրվեց նաեւ ուշագրավ մի հատված Արթուր Մեսչյանի՝ դեռեւս 1991 թվականի հարցազրույցից, որի ընթացքում արվեստագետն ասում է՝ որքան չի սիրում հային պիտակված «գաղթական» բառը, հայը էմիգրանտ է օտար երկրում:

Երեկոյի կազմակերպիչները տեսաշարով պատմեցին հայկական գաղթօջախների մասին: Ողջ աշխարհում այսօր ապրում է 10 մլն հայ: Արտագաղթը սկիզբ է առել դեռ վաղ ժամանակներից: Մարդիկ հեռացել են իրենց հայրենիքից տեղի ունեցող պատերազմների, հեղափոխությունների, քաղաքական ու կրոնական հալածանքների եւ այլ պատճառներով, հայ ժողովրդի պատմությանը հայտնի հայրենիքից զանգվածային արտագաղթի եւս մեկ՝ զուտ ազգային գործոնով պայմանավորված: XX դ. սկզբին նմանատիպ գործոններով էր հիմնականում պայմանավորված հայկական աշխարհասփյուռ գաղթօջախների ձեւավորումը։

Անկախ Հայաստանից մարդիկ հեռանում են իրավահավասարության բացակայության, մշակութային դեգրադացիայի, ուժն է ծնում իրավունք սկզբունքի առաջացրած անպատժելիության պատճառով: Մարդիկ հաճախ հեռանում են պարզապես հոգեպես չդիմանալով Հայաստանում տիրող ամենաթողությանը, անտարբերությանը, սոցիալական բեւեռացմանը, որն առավել դիպուկ նկարագրելու համար տեղին է մեջբերել Ֆրիկի միշտ արդիական տողերը.

Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի,
Մէկին հազար ձի եւ ջորի,
Մէկին ո՛չ ուլ մի ո՛չ մաքի,
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղընձի,
Մէկին հազար հատ մարգարտի,
Մէկին ոչ ուլնիկ մի ապիկի …

Արտագաղթի պատճառների հիմքում նաեւ պետական համակարգի թերացումն է, կառավարման, տնտեսման անարդյունավետ մեթոդները: Արտագաղթի տեմպերը չեն կարող դադարել, քանի դեռ արմատական փոփոխություններ չեն արձանագրվում, քանի դեռ աշխատատեղերի կրճատման մասին հայտարարող պաշտոնյային այդ թիվը «ոչ այնքան մեծ» է թվում: Հարկավոր է միասնական ջանքերով պայքարել արտագաղթի դեմ՝ նախեւառաջ վերացնելով այն ծնող պատճառները, նպաստավոր պայմաններ ստեղծելով հայ մարդու բարեկեցիկ կենսակերպն ապահովելու համար նաեւ ներգաղթի կամ հայորդիների տունդարձի համար:

 

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930