Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենազավեշտալին՝ երբ դատարանը երկու րոպե է տրամադրել տեսանկարահանման համար

Նոյեմբեր 20,2017 15:30

Արման Ղարիբյան. «Դատավարության մասնակիցները սեռից զուրկ են»

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղարիբյանը «Դատական նիստերի լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագրի շրջանակներում կատարել էր հետազոտություն, պարզելու Հայաստանում դռնբաց դատական նիստերի լուսաբանման ընթացքում լրագրողներին խոչընդոտելու, նրանց իրավունքները սահմանափակելու պատճառները:
Հարցման էին ենթարկվել 5-20 եւ ավելի տարիներ մշտապես դատական նիստեր լուսաբանող լրագրողները, առցանց հարցումներ են կատարվել դատական նիստեր լուսաբանող 30 լրագրողների հետ:

Երեկ «Մեդիա» կենտրոնում Արման Ղարիբյանը ներկայացրեց միջազգային փորձը, դատական գործերի հրապարակայնացման վերաբերյալ միջազգային փաստաթղթերը:
Նա համեմատեց ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերը, ասելով, որ կատարյալ խառնաշփոթ է տիրում:

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ եւ 100-րդ հոդվածով սահմանված է. «Դատարանում գործերի քննությունը դռնբաց է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատարանի դռնբաց նիստում: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ»:

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով սահմանվում է վարչական գործերի քննության տեսաձայնագրումը, լուսանկարահանումը, հեռարձակումը. «Դատավարության մասնակիցները եւ դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրությունը, հեռարձակումը: Դրանք կատարվում են միայն դատավարության մասնակցի միջնորդությամբ, գործը քննող դատարանի թույլտվությամբ»: Տարբեր դատարաններում ստացվում է, որ դատական քննության լուսաբանման տարբեր կանոններ են գործում:


Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ, սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի»:

Վարչական դատավարության օրենսգրքով արված սահմանափակումները, ըստ բանախոսի, ի վնաս լրագրողների է, երբ լրագրողը պետք է «լեզու գտնի» կողմերից մեկի հետ, որպեսզի այդ մեկը միջնորդի տեսանկարահանման մասին:

Հարցումների արդյունքում բարձրաձայնվել է երեք խնդրի մասին. տեսանկարահանումներն արգելվում են ընդհանրապես, սահմանափակվում է տեսանկարահանումը որոշակի ժամանակահատվածով եւ տեխնիկական խոչընդոտների պատճառով անհնար է դառնում տեսանկարահանումներն ու ձայնագրումները:
Օրինակներից ամենազավեշտալին, թերեւս, երբ դատարանը երկու րոպե էր տրամադրել տեսանկարահանման համար, իսկ պատճառաբանություններից մեկն էլ, երբ դատավարության կին մասնակիցներից մեկն ասել է. «ես ֆոտոգենիկ չեմ, ինձ մի նկարի»: Արման Ղարիբյանն այս կապակցությամբ հեգնեց. «Մինչդեռ դատավարության մասնակիցները սեռից զուրկ են»:

Հարցումներին մասնակից լրագրողներից ասել էին, որ լինում են դեպքեր, երբ իրենց թույլ չեն տալիս տեսանկարահանել, սակայն դատավորը չի պատճառաբանում՝ ինչու, կամ՝ դատավարության մասնակիցները կողմ են տեսանկարահանմանը, իսկ դատավորը «տեղում խորհրդակցելով»՝ որոշում է արգելել:

Այս տարվա տասն ամիսների ընթացքում, «Իրավունքի ուժի» դիտարկմամբ, հինգ դեպք է գրանցվել արգելելու, իսկ մնացյալը սահմանափակել են ժամանակային որոշակի հատվածներով:

Ա.Ղարիբյանն անդրադարձավ Շենգավիթ վարչական շրւանի ապակեպատ դահլիճում քննվող դատավոր Իշխան Բաղդասարյանի գործին, որը լուսաբանել լրագրողները այլեւս չեն ցանկանում դահլիճի լսելիության եւ տեխնիկական այլ խոչընդոտների պատճառով, «Սասնա ծռերի» գործով վկաներին դահլիճից դուրս նկարելու սահմանափակմանը, այն դեպքում, երբ դատավորը որոշում էր ընդունել միայն նիստի ժամանակ որոշակի սահմանափակումներ կիրառելու մասով:

Օրենսդրական բարեփոխումների օգտին էին խոսել հարցվածների ճնշող մեծամասնությունը:

Այդ կապակցությամբ, «Իրավունքի ուժը» առաջարկում է՝ դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը, ընդունել կազմակերպության ներկայացրած հինգ օրենքների նախագծերը, դիմել ԱԽ-ին՝ կարգապահական վարույթ հարուցել բոլոր այն դատավորների նկատմամբ, ովքեր օգտվելով օրենսդրական բացից, անհիմն կերպով խոչընդոտում են, սահմանափակում կամ արգելում են լրատվամիջոցներին դռնբաց դատական նիստերը տեսանկարահանելը:

Ա.Ղարիբյանն առաջարկեց, որպեսզի ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցները հետեւողականորեն լուսաբանեն դատարաններում լրագրողների աշխատանքների ապօրինի արգելքների մասին, անկախ այն բանից, թե իրենց լրատվամիջոցի դեմ է, թե մեկ այլ լրատվամիջոցի:

Լրատվամիջոցներին կուղարկվի օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ մեկ շաբաթում ծանոթանալու, առաջարկություններ անելու համար:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930