ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր սկսել չի կարող: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ի դիմաց այսօր բողոքի ցույց է սկսել:
«Շատ հստակ նշվում է, որ նշյալ 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաեւ ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականացումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը: Իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի Սահմանադրության դրույթները»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Գործող Սահմանադրությամբ, հիշեցնենք, հանրաքվեի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ազգային ժողովը:
Տիգրան Մուկուչյանը պնդում է`այս բացատրություններն իրենք նշել են նոյեմբերի 3-ին ԱԻՄ-ի դիմումի պատասխանում:
Պարույր Հայրիկյանն ասում է`200 հազար ստորագրություն հավաքելը կես ժամվա գործ չէ, իրենք հիմա են ուզում ստորագրությունները հավաքել, որպեսզի այդ դրույթի ուժի մեջ մտնելու պահից նախաձեռնեն հանրաքվեի գործընթացը: Պատկերավոր է ասում. «Եթե երեխադ հիվանդ է, հենց այդ պահին ես դեղ տալիս, մի քիչ չես սպասում`նոր»:
Տիգրան Մուկուչյանը պատասխանում է` կլինի համապատասխան օրենքը, որով կսահմանվեն համապատասխան ընթացակարգերը`կարող են դիմել.
«Երբ կլինի օրենքը՝ հստակ իրավադրույթներ կլինեն, թե ի՞նչ կարգով քաղաքացիները պետք է իրականացնեն իրենց նախաձեռնության իրավունքը: Այսօր որեւէ մեկը չի կարող ասել՝ դա ստորագրահավաքի միջոցով է, թե այլ եղանակով կարող է իրականացնել: Եթե դա պաշտոնապես նախաձեռնվում է այսօր մեկնարկել՝ նախ պետք է իրավունքը լինի: Եթե չկա իրավունք, որեւէ մեկնարկի մասին խոսք լինել չի կարող: Կլինի օրենքը, կլինի իրավունքի իրացման ամբողջական մեխանիզմը, այդ ժամանակ յուրաքանչյուր ոք, ով ցանկանա իր Սահմանադրության իրավունքից օգտվել՝ կարող է օգտվել»:
Տիգրան Մուկուչյանը նաեւ նկատեց` եթե ԱԻՄ-ին տրամադրված պատասխանի մեջ կա անհամաձայնություն, այն կարող են վիճարկել համապատասխան կարգով:
ԱԻՄ նախագահը ԿԸՀ-ին փոխանցեց լրացուցիչ բացատրություններ եւ մեկնաբանություններ`գրավոր տեսքով: Նրան հրավիրեցին Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպման, բայց Հայրիկյանը հրաժարվեց: «Հրավերը ես ոչ թե մերժեցի, թող ժամանակ ունենան՝ հիմնավորումներին ծանոթանան, վաղը 11-ին ես կրկին կլինեմ այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ