Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ արդեն բացահայտվեց, թե ովքեր էին ժամանակին Վանաձորի ավագանու քաղաքապետի օգտին գաղտնի քվեարկել՝ դրժելով խոստումը:
Մենք հետաքրքրվեցինք՝ Հեղինե Բիշարյանն անբարոյական էր անվանել նրանց, ովքեր կողմ էին քվեարկել այդ ժամանակ, այսինքն՝ Դուք վստահ եք, որ այդ անբարոյականները հենց ՀՎԿ-ականնե՞րն էին: Գորգիսյանը պատասխանեց. «Իրենց կուսակցությունն է, իրենք գիտեն ում ինչպես են անվանում: Ամեն պարագայում հիմա արդեն հասարակության համար պարզ դարձավ, թե ովքեր էին այդ մարդիկ: Համենայնդեպս, ավագանու այլ անդամներ չհամաձայնեցին գնալ այդ նիստերին եւ որեւէ փաստաթուղթ չստորագրեցին ՀՀԿ-ի հետ»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Եթե անկեղծ լինենք, այնպես չէր, որ հանրության համար դա մինչեւ հիմա գաղտնիք էր»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին, որ Մոնումենտի՝ գազի վրա հիմնված դղյակներում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, ասել էր, որ դա տեսողության խնդիր է: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ձեր տեսողությունը ո՞նց է, դուք կոռուպցիոն ռիսկեր այդտեղ տեսնո՞ւմ եք եւ առհասարակ որտե՞ղ կան նման ռիսկեր:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես ասում են, որ Հայաստանը թանգարան է՝ բաց երկնքի տակ: Ես կարծում եմ, որ Հաղթանակ զբոսայգին եւ նրա մերձակա տարածքները կոռուպցիայի թանգարան են՝ բաց երկնքի տակ: Բացառված է, որ այնտեղ լինի որեւէ հողակտոր, որեւէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա: Դա մենք կարող ենք տուրիզմի զարգացման կոնցեպտի մեջ մտցնել, որ մենք առաջին երկիրն ենք, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք՝ բաց երկնքի տակ: Հաշվի առնելով նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք իրեն որպես գիդ այնտեղ նշանակել: Ամեն ինչից տեղյակ է, ամեն քարից տեղյակ է: Պատկերացնում եք, շատ մեծ տուրիզմի ներհոսք կլինի դեպի ՀՀ: Ոմանք կգան փորձի փոխանակման նկատառումներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ