Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին չէ եւ ՀՎԿ-ն չի կարող իր համբույրներով վերակենդանացնել

Նոյեմբեր 20,2017 12:06

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստերին եւ Սահմանադրական դատարանի որոշմանը:

Նա ասաց, որ Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը եւ այն, ինչ տեղի է ունենում հուշագրի տեսքով՝ դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակը պետք է սկսի կենդանանալ:

Լրագրողների դիտարկմանը, որ հիմա արդեն համաձայնագիրը կա, կարող են ասել, որ ունենք մեծամասնություն, ի՞նչ եք պատրաստվում անել դրանից հետո՝ Փաշինյանը պատասխանեց. «Եթե բանը հասնի ասելուն, շատ բան կարող են ասել: Կարող են ասել՝ ինչու սպանեցին արքայազն Համլետին: ՍԴ որոշումը վերաբերում էր հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթը փոխելու ժամկետին: Դա չի նշանակում, որ դրույթը հակասահմանադրական չէ: ՍԴ-ն իր որոշմամբ չեղյալ է արել Վանաձորի ավագանու բոլոր որոշումները, որ նրանք կայացրել են, արձանագրել է, որ ավագանին գոյություն չունի»:

Ըստ Փաշինյանի, ՍԴ-ն արձանագրել է, որ ավագանու նիստերը չեն եղել, 15 հոգով հավաքվել են, ջան ասել, ջան լսել. «Հիմա, ըստ էության, կառավարությունը պետք է իր գործառույթների մեջ մնա եւ ցույց տա, թե ինչքանով է հարգում ՍԴ որոշումները: Ձեր մտահոգությունը հասկանում եմ, ՍԴ-ն 2003-ին որոշել էր, որ ՀՀ-ում պետք է վստահության հանրաքվե տեղի ունենա, բայց դա իրականություն չդարձավ: Եթե մենք խոսում ենք օրենքից, դա ուրիշ թեմա է, եթե խոսում են զոռբայությունից, դա լրիվ ուրիշ թեմա է»:

Փաշինյանն ասաց. «Երբ արձանագրվում է, որ սխալ բուժում է տեղի ունեցել եւ հիվանդը մահացել է, դրանից հետո «Հայկական վերածնունդը» գա, ասի, որ մենք սրանից հետո պատրաստ ենք մահացած հիվանդի հետ ամուսնանալ եւ փորձել նրան վերակենդանացնել… Իհարկե, եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է՝ ՀՎԿ-ն կարող է իր համբույրներով փորձել նրան վերակենդանացնել, բայց կարծում եմ, տվյալ դեպքում ոչ թե քնած, այլ մահացած դշխուհու հետ գործ ունենք, որին վերակենդանացնելն այնքան էլ տրամաբանական չէ»:

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ սպասելի էր սա, ի վերջո բացահայտվեց նաեւ հանրության համար, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ժամանակին դրժեցին իրենց խոստումը, ստորագրած փաստաթուղթը. «Մենք դրան լուրջ չենք վերաբերվում, որովհետեւ կան իրողություններ, կա ՍԴ որոշում, որի հետ պարտավոր են հաշվի նստել: Եթե կառավարությունը որոշի ՍԴ որոշումը հաշվի չառնել, մենք հետագայում կիմանանք մեր անելիքները»:

Փաշինյանն ասաց, որ սրանով կարող ենք արձանագրել ՀՎԿ-ի արդեն պաշտոնական մահվան վկայագրով քաղաքական մահը. «Մենք, իհարկե, այդ մահը շուտ էինք արձանագրել, բայց ոմանք չէին խոստովանում, որպեսզի տրամադրությունները չընկնի: Այսօր արձանագրվեց դա, որ նման քաղաքական ուժ գոյություն չունի եւ հիմա դրա մասին կա նույնիսկ ստորագրված հուշագիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930