ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ավարտից հետո, համաձայն ԱԺ նոր կանոնակարգով սահմանված կարգի, իմ կողմից կառավարություն է ուղարկվել ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն։ Վերջիններից համապետական նշանակություն ունի հատկապես հետևյալներ առաջարկների ընդունումը՝
1.«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում ոստիկանության 2018 թվականի բյուջեի առնվազն կեսի կրճատում և դրանց ուղղում պաշտպանության բնագավառի ծախսերին.
Այս տարի միայն ոստիկանության բյուջեն կազմելու է մոտ 40.119 մլրդ հայկական դրամ, իսկ ոստիկանության 2016թ. փաստացի արտաբյուջետային հաշվի ընթացիկ եկամուտները կազմել են մոտ 21.206 մլրդ հայկական դրամ (այս թիվը մշտապես տատանվում է 20-22 մլրդ-ի սահմաններում)։ Հանրամատչելի տարբեր տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ոստիկանների միջին թիվը երկրում մոտ 8.500 է (ոստիկանության ճշգրիտ թիվը գաղտնի է)։ Այս թիվը միգուցե մոտ է միջազգային ստանդարտին, սակայն եթե հաշվի առնենք, որ այլ երկրներում ոստիկանությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք Հայաստանում այլ մարմինների վրա են դրված (սահմանապահ ու քննչական և այլն), ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի ոստիկանությունը չունի բազմաթիվ մշտական գերխնդիրներ, որոնք ունեն այլ երկրների իրավապահները (իրար բախվող կրոնական խմբեր, անջատողական ազգային փոքրամասնություններ, ահաբեկչություն, մեծ քանակությամբ զինված ավազակային խմբեր, ապօրինի միգրացիա և այլն), պարզ է դառնում, որ իրականում այս քանակությամբ ոստիկանների կարիք երկիրը չունի: Մինչդեռ, հաշվի առնելով երկրի փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելը, ակնհայտ է դառնում, որ նշված միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար պետք է դրանք ուղղել բանակին՝ ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման և այլ նպատակներով։
2.ՀՆԱ նկատմամբ կրթության ոլորտի ֆինանսավորման մասնաբաժնի բարձրացում, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարներից 1 մլրդ դրամի կրճատում և ուղղում կրթության բնագավառի ծրագրերի իրականացմանը.
Նախագծում շուրջ 712.4 մլն դրամով կրճատվել է կրթությանը տրամադրվող ֆինանսավորումը, մինչդեռ պետական եկամուտների կոմիտեին մոտ 2.414 մլրդ հայկական դրամ է հատկացվում «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողով՝ չնայած նրան, որ կոմիտեում տեղի է ունենալու աշխատակազմի թվի նշանակալի կրճատում։ Այսինքն, կրթության ոլորտում առկա խնդիրները (շենքային պայմաններ, մարզերում մասնագետների պակաս, ներառական կրթության սահմանափակ հասանելիություն, մանկավարժների ցածր աշխատավարձ, անվճար մանկապարտեզների մեծ հաշվով անհասանելիություն, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար կրթություն ստանալու ֆինանսական արգելքներ (ներառյալ՝ դասագրքերի և դասանյութերի գնման հետ կապված խնդիրները), հեռավոր համայնքներում բնակվող երեխաների որակյալ կրթության խնդիրներ, մանկական աշխատանքի արդյունքում կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդիր և այլն) հերթական անգամ շարունակում են մնալ չլուծված, կրթության բնագավառում լուրջ բարեփոխումների համար միջոցներ չեն գտնվում և չեն հատկացվում, սակայն նույն պետական բյուջեում պարգևավճարների համար գումար կա օրինակ առանց այդ էլ բավականին բարձր աշխատավարձ ստացող պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։
3.«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի խմբագրում այնպես, որ 1-ին խմբի հաշմանդամներն ամսական ստանան առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին համարժեք (000 հայկական դրամից ոչ պակաս) կենսաթոշակ.
Այս առաջարկությունն արդեն քանիցս ներկայացվել է իմ կողմից ու ամեն անգամ մերժվել, իսկ վերջին 2 տարիներին այս թիվն ընդհանրապես չի ավելացել։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հիմնական կենսաթոշակը 16.000 հայկական դրամ է: Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում, որն 1-ին խմբի համար հիմնական կենսաթոշակի 40%-ն է կազմում, այսինքն՝ ընդամենը 22.400 հայկական դրամ: Մինչդեռ, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալների՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ ըստ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, կազմել է ամսական 55.592 հայկական դրամ: Ընդ որում, այստեղ չեն հաշվարկված հատկապես հաշմանդամներին անհրաժեշտ դեղորայքային և այլ առաջնային ծախսերը: Գաղտնիք չէ, որ 1-ին խմբի հաշմանդամները սոցիալապես ամենախոցելի խումբն են և հիմնականում 100% անաշխատունակ, իսկ այս գումարն 1-ին խմբի հաշմանդամների համար ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում՝ անգամ նրանց գոյությունը չապահովելով:
4.Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի շահառուների ցանկում միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցների ընդգրկում.
Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ պետական կրթական հաստատությունների թվում են միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները: Սակայն միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցները սոցիալական փաթեթից չեն օգտվում, ինչը նշանակում է, որ կառավարության կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում՝ առանց օբյեկտիվ հիմքի:
Բյուջետային քննարկումները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։
Սպասենք կառավարության արձագանքին …
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ