Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը եւ Հայաստանի դասերը

Նոյեմբեր 20,2017 11:38
Lenin

Մոտ երկու շաբաթ առաջ ողջ աշխարհը, առնվազն՝ ձախակողմյան հատվածը, նշեց այս հոբելյանը: Ռուսաստանի իշխանությունները ձեռնպահ մնացին պաշտոնական միջոցառումներ անցկացնելուց, փոխարենը՝ նրանք իրենց հասարակության համար բացեցին մի շարք նոր փաստեր, որոնք նախկինում չէին ներկայացվում: Ռուսաստանի իշխանությունները սեփական հասարակությանը ներկայացրեցին պատմական իրադարձության նոր դիտանկյուն։

Հեղափոխության հիմնական նախադրյալները.

Առաջին

1917-ից առաջ Ռուսաստանում ձեւավորվել էր խիստ մենաշնորհային տնտեսություն, որտեղ երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսը գտնվում էր բնակչության 5 տոկոսի ձեռքում: Առավել հարուստ եւ առավել աղքատ շերտերի բարեկեցությունը մոտ 17 անգամ տարբերվում էր միմյանցից: Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշը, ասենք, Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում, կազմում էր 4-ից 6-անգամ:

Երկրորդ

Ռուսաստանի քաղաքական դաշտում այդ ժամանակ չգտնվեցին պատասխանատու քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք համարժեք պատկերացումներ ունենային պետության իրական վիճակի մասին: Արդյունքում, առաջացել էր խիստ բեւեռացված իրավիճակ, երբ իշխող վերնախավում ընթանում էր կատաղի գզվռտոց իշխանական կերատաշտակի համար, արեւմտամետ ժողովրդավարական ուժերը գործում էին իրենց երեւակայական եվրոպական կանոններով ու սկզբունքներով, իսկ հեղափոխականները երազում էին բռնի ուժով իշխանափոխության մասին:

Երրորդ

Իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի գզվռտոցի պատճառով ժողովուրդը կորցրել էր վստահությունը ոչ միայն կուսակցությունների, եկեղեցու եւ իշխանությունների, այլեւ՝ երկրի պետական ինստիտուտների, Պետական Դումայի, կառավարության, բանակի եւ վերջապես ցարական ինստիտուտի հանդեպ՝ ի դեմս ցար, միապետ Նիկոլայ 2-ի:

Հենց վստահության համատարած պակասի պատճառով էլ այդ երկիրը քայքայվեց, հետո՝ պատերազմի ժամանակ քայքայվեց նաեւ բանակը, իսկ հետո փլուզվեց պետականությունը` Ռուսական կայսրությունը:

Հոկտեմբերյան հեղափոխությունը հենց այս ամենի արդյունքն էր:

Հայաստանյան իրականություն

Մենք չենք կարող հաշվի չառնել վերը նշված ռուսական դասերը, քանզի մեզ մոտ նույնպես այսօր.

Առաջին

Ձեւավորված է մենաշնորհային օլիգարխիկ տնտեսական համակարգ եւ խիստ բեւեռացված հասարակություն։

Երկրորդ

Հայաստանյան այսօրվա քաղաքական դաշտում նույնպես չկան պատասխանատու եւ վստահություն ներշնչող քաղաքական ուժեր եւ գործիչներ: Մեզ մոտ էլ այսօր ընթանում է գզվռտոց իշխանության ներսում: Երկրի ժողովրդավարական կոչվող ուժերը փորձում են իմիտացիոն նոր օրակարգեր ձեւավորել, իսկ երկրի հեղափոխական շրջանակները, չհավատալով ընտրական ինստիտուտներին, մտածում են նոր հեղափոխական ցնցումների եւ զինված հեղաշրջումների մասին:

Երրորդ

Ինչպես 100 տարի առաջ Ռուսաստանում, այսօրվա Հայաստանում եւս առկա է վստահության խորը ճգնաժամ: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական կուսակցությունների եւ գործիչների, այլ նաեւ՝ պետական ինստիտուտների հանդեպ:

Այնուամենայնիվ պետք է նշել մեր եւ ռուսների միջեւ առկա երկու սկզբունքային տարբերություն: Նախ՝ ռուսներն ունեն պետականության 1000-ամյա չընդհատվող ավանդույթ, եւ իզուր չէ, որ 100 տարի առաջ, կորցնելով իրենց հին պետականությունը, թեկուզ եւ հեղափոխության միջոցով, կարողացան ստեղծել նոր կայսրություն՝ ԽՍՀՄ-ը: Մենք մեր պետականությունը կորցրել էինք 600 տարի առաջ (եթե հաշվի առնենք Կիլիկյան Հայաստանը), եւ նոր պետականաշինության փորձն ընդամենը 25 տարվա պատմություն ունի:

Երկրորդ տարբերությունը. Հայաստանը փոքր պետություն է, տարածքային, մարդկային եւ այլ կորուստների իրավունք մենք չունենք։ Մենք չունենք պատմական սխալի լրացուցիչ ռեսուրս։

Այսօր բոլորիս շահերից է բխում՝ վերականգնել պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը, քանզի հակառակ դեպքում ցանկացած պատահական կայծ՝ լինի դա պատերազմական կարճաժամկետ գործողությունների տեսքով, թե որեւէ սոցիալական դժգոհության արտահայտման, կարող է քաոս առաջացնել՝ պետականության համար համապատասխան վտանգավոր հետեւանքներով:

Բոլորը` եւ վերեւները եւ ներքեւները, պետք է դասեր քաղեն պատմությունից եւ համապատասխան քայլեր անեն, այլապես պատմությունը կարող է կրկնվել այն էլ վատագույն տարբերակով:

Դասական պետական մտածողությունը նման դեպքերում պահանջում է հեղափոխությունն իրականացնել վերեւից՝, առավել եւս՝ չլուծված ղարաբաղյան խնդրի առկայության պարագայում, հակառակ դեպքում այն կիրականացնեն ներքեւները` համապատասխան հետեւանքներով: Եթե որեւէ մեկին թվում է, թե այս վիճակը կարող է անվերջ շարունակվել, ապա չարաչար սխալվում է։ Ողբերգական սցենարներից խուսափելու ամենահարթ ճանապարհը իրականացվելիք փոփոխություններն են։ Սա էլ պետք է դառնա Հայաստանի գլխավոր օրակարգը։

Ամփոփում

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համարում է, որ Հայաստանում  փոփոխությունների ճանապարհը ոչ ցնցումներն են , ոչ էլ պետական համակարգի լճացումը։ Այդ փոփոխությունները հնարավորություն կտան վերականգնել հայ մարդու վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» մշակում է Հայաստանում բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ճանապարհային քարտեզ։ Մենք այդ առաջարկները պարբերաբար կներկայացնենք հանրության դատին։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930