Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է Արցախի հակամարտության կարգավորման գործում օգնելու լուծումներ գտնել և առաջընթաց ապահովել: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում է Trend-ը:
«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ-անդամ, մշտապես շահագրգռված ենք, որպեսզի ամեն կերպ օգնենք լուծումներ գտնելու և առաջընթաց ապահովելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում: Այստեղ մենք միանգամայն համաձայն ենք Ձեզ հետ, որ անհրաժեշտ է այդ ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկել»,- ասել է Լավրովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանը «չափազանց շահագրգռված է» հակամարտության լուծման հարցում:
Կողմերը նաև գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում դիվանագիտական, առևտրատնտեսական և ապրանքաշրջանառության ոլորտներում երկկողմ կապերի զարգացման ընթացքից:
«Լիովին կիսում եմ Ձեր գնահատականը մեր քաղաքական երկխոսության վերաբերյալ: Բոլորովին վերջերս Դուք հերթական անգամ Թեհրանում հանդիպեցիք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա նոյեմբերի 1-ին էր: Նա Ձեզ ամենաջերմ ողջույններն է փոխանցում: Հաճույքով է հիշում Ձեր շփումները, և մենք հավատարիմ ենք այն ամենի իրականացմանը, ինչ որ պայմանավորվել եք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ