Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիան ակնկալում է Ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը

Նոյեմբեր 20,2017 11:00

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը՝ Հայաստանում Չեխիայի
դեսպան Ն. Գ. պարոն Պետր Միկիսկայի հետ

– Պարոն դեսպան, սեպտեմբերին Երեւանում կայացավ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը, որին չեխական կողմից տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին մասնակցում, քննարկվեցին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Ի՞նչ կոնկրետ արդյունքներ կան:

– Միջկառավարական հանձնաժողովի ոչ միայն այս, այլ նաեւ մյուս նիստերի հիմնական արդյունքը նպաստում է մեր երկրների միջեւ առեւտրի փոխանակման հաստատուն աճին: Չեխիայի Վիճակագրական գրասենյակի տվյալների համաձայն՝ 2017թ. առաջին ինը ամիսների ընթացքում, 2016թ.-ի համեմատ, 81% աճ է գրանցվել, որից 93.2%-ը Չեխիայից Հայաստան արտահանումն է, իսկ 6.2%-ը՝ Հայաստանից Չեխիա: Երկու երկրների պետական կառույցների կողմից իրականացվող գործարար համաժողովները, ներկայացումներն ու հանդիպումները ի վերջո փոխհատուցվեցին: Ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք կարողացանք փոխել մեր երկկողմ առեւտրի կառուցվածքը։
Չեխիայի Հանրապետությունն արտահանում է ավելի շատ տեխնոլոգիաներ եւ կապիտալ ապրանքներ, քան սպառողական ապրանքներ, որը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար կարեւոր գործոն է, իսկ Հայաստանը իր ավանդական հանքարդյունաբերական ապրանքների արտահանման հետ ավելացրել է նաեւ տեքստիլ, գինիներ եւ կոնյակներ: Համենայնդեպս, մենք ցանկանում ենք ունենալ ավելի շատ հայկական ապրանքներ Չեխիայի Հանրապետությունում եւ հուսով ենք, որ հայ արտադրողները GSP+ համակարգից ավելի հաճախ կօգտվեն եւ ավելի մեծ ծավալով արտահանում կիրականացնեն:

– Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլը նշել էր. «Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի եւ Չեխիայի միջեւ շատ նմանություններ կան: Բացի դրանից, Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաեւ որպես դարպաս դեպի Իրան եւ Ռուսաստան»: Կուզենայի մանրամասնեիք՝ այս ուղղությամբ Չեխիան ծրագրեր ունի՞:

– Չեխիայի Հանրապետությունը հիմնված է շուկայական տնտեսության վրա, որտեղ մասնավոր ընկերություններն են գերիշխում: Կառավարությունը այդ ընկերություններին միջազգային գործունեության բնագավառում ուղղորդելու միայն սահմանափակ հնարավորություններ ունի: Պետական հաստատությունները հիմնականում արտահանողներին տեղեկատվություն են տրամադրում, եւ սա այն է, ինչ մենք անում ենք Հայաստանի եւ երրորդ երկրների հետ չեխական ընկերությունների համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Եթե մասնավոր ընկերությունները գնահատեն, որ պայմանները բարենպաստ են իրենց համար, ապա նրանք կօգտագործեն այդ հնարավորությունը:

– Եթե չեմ սխալվում, չեխական ներդրումներով Հայաստանում գործում է չեխական 30 ընկերություն: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը որքա՞ն է, եւ ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

– Ըստ Չեխիայի Վիճակագրական գրասենյակի՝ 2017թ. առաջին ինը ամիսներին Չեխիայից Հայաստան արտահանումը կազմել է 22.9 մլն եվրո (11.9 մլն եվրո նույն ժամանակահատվածում 2016թ.-ին): Միեւնույն Վիճակագրական գրասենյակը Հայաստանից Չեխիա արտահանումը գնահատում է 2.1 մլն եվրո՝ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում (1.9 մլն եվրո նույն ժամանակահատվածում 2016թ.-ին): Շրջանառությունը 2017թ.-ին կազմում է 25 մլն եվրո (13.8 մլն եվրո նույն ժամանակահատվածում 2016թ.-ին): Պարզ երեւում է աճի միտումը, եւ ես համարձակվում եմ ասել, որ սա երկու կառավարությունների կողմից աջակցվող ընդհանուր առեւտրի ջանքերի արտացոլանքն է: Նպատակները պարզ են. ինտենսիվ դարձնել այս ջանքերը, գտնել համագործակցության նոր ուղիներ ու ոլորտներ եւ աջակցել երկկողմ գործունեություն ծավալող ամեն նոր բիզնեսի:

– Որքանո՞վ է Չեխիան հետաքրքրված Հայաստանի էներգետիկ ոլորտով:

– Չեխիայի Հանրապետությունը ոչ միայն հետաքրքրված է, այլ նաեւ ակտիվ համագործակցություն ունի էներգետիկ ոլորտում: Չեխական ընկերությունները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքների մեջ: Որոշ ընկերություններ հաջողությամբ մատակարարում են գեներատորներ, տուրբիններ եւ այլ սարքավորումներ հիդրոէլեկտրակայանների համար: Այս տարի մենք կազմակերպեցինք սեմինար, որի նպատակն էր արեւային, հողմային եւ հիդրոէներգետիկայի ոլորտի ընկերությունների միջեւ կապեր ստեղծել, եւ որոշ չեխական ընկերություններ գտան իրենց գործընկերներին Հայաստանում:
Մենք հետաքրքրված ենք նաեւ տեխնոլոգիաներ տրամադրել թափոններից, նաեւ վտանգավոր թափոններից էներգիայի արտադրության համար: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլ նաեւ շրջակա միջավայրին: Մենք կարող ենք առաջարկել ձեզ մեր փորձը եւ տեխնոլոգիաները էներգաարդյունավետության բնագավառում:

– Երեւան-Պրահա ուղիղ չվերթը վերականգնելու ուղղությամբ պայմանավորվածություններ կա՞ն: Հաճախ ենք լսում, որ Երեւանի եւ Պրահայի միջեւ ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առեւտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը: Ինչո՞ւ չվերթը դեռեւս չի գործում, ի՞նչ խոչընդոտներ կան:

– Երեւան-Պրահա ուղիղ չվերթների վերականգնումը քննարկման եւ դիտարկման փուլում է 2014թ.-ի հոկտեմբերի լուծարումից սկսած: Տուրիստական օպերատորները, երկու երկրների քաղաքացիները, բիզնես ճանապարհորդները եւ կառավարությունները հետաքրքրված են այս հարցով, իսկ իրականացնողները՝ Չեխական ավիաուղիները եւ «Արմենիա» ավիաընկերությունը, մասնավոր ընկերություններ են, որոնք պետության կողմից նվազագույն կամ գրեթե ներգրավվածություն չունեն: Իրականացնելով այս չվերթը` առաջնահերթ պետք է շահութաբեր բիզնես լինի նրանց համար, քանի որ նրանք են կրում ողջ պատասխանատվությունը տվյալ աշխատանքի համար:

Այսպիսով, տվյալ հարցը պետք է ուղղել Չեխական ավիաուղիներին եւ «Արմենիա» ավիաընկերությանը: Դեսպանատունը միայն կողմ կլինի ուղիղ չվերթների իրականացմանը, քանի որ դրանք հիմնական գործոններն են բիզնեսի նպաստման, զբոսաշրջության եւ մարդկանց միջեւ կապ հաստատելու համար, եւ հուսով ենք, որ ուղիղ չվերթների իրականացման վերաբերյալ երկկողմանի համաձայնությունը կիրականացվի մոտ ապագայում:

– Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ՀՀ-ն ու ԵՄ-ն ծրագրում են ստորագրել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կողմերը վստահեցնում են, որ պատրաստակամ են ստորագրել, այնուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ այս անգամ ԵՄ անդամ որոշ երկրներ տարբեր խոչընդոտներ են առաջացնում: Չեխիայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ո՞րն է:

– Իրականում դա դիրքորոշման հարց չէ, այլ ընթացակարգի եւ պայմանների հարց է: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է թարգմանվի ԵՄ անդամ պետությունների բոլոր պաշտոնական լեզուներով եւ կրի պատշաճ ազգային մոտեցման գործընթաց: Մեր պարագայում 2017թ.-ի նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հաստատվեց տեքստը: Մենք պատրաստ ենք: Պետք է հաշվի առնեք, որ Չեխիայի Հանրապետությունում երեք շաբաթ առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, եւ քաղաքական կուսակցությունները ներքաշված են կառավարության եւ կոալիցիայի ստեղծման գործընթացի դժվար առաջադրանքի մեջ: Կարծում եմ, որ կառավարության կողմից Ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ժամանակավոր հաստատումը, ինչպես նաեւ մեր օժանդակությունը այդ բանակցություններին մեր հստակ համաձայնությունն է` համագործակցելու Հայաստանի հետ եւ աջակցելու երկրին ժողովրդավարության զարգացման հարցում: Անհամբեր սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում:

– Սեպտեմբերին տեղեկատվական աղմուկ բարձրացավ այն մասին, որ չեխական ռազմական տեխնիկան հայտնվել է ադրբեջանական բանակի տրամադրության տակ։ Մասնավորապես, սեպտեմբերին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կիրառվել էր Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի իշխանությունները վստահեցրին՝ Ադրբեջանին ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկվել, մասնավորապես՝ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ պաշտպանության նախարարությունը ոչ մի արտոնագիր չեն տրամադրել, եւ հայտնի է, որ Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություններն ուսումնասիրում էին տեղեկատվությունը, համաձայն որոնց՝ սպառազինություն է հայտնվել Ադրբեջանում: Ավելին, տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, համաձայն որոնց՝ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անցած տարի նման վաճառքի արտոնագրի համար դիմում է ներկայացվել Ադրբեջանի կողմից, սակայն նրանք մերժել են, քանի որ Չեխիան հավատարիմ է ԵՄ-ի կողմից սահմանված էմբարգոյին, համաձայն որի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք չպետք է մատակարարել։ Չեխիայի իրավապահներն ի՞նչ պարզեցին այս հարցով:

– Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այս հարցի շուրջ Հայաստանում հայտնի է բոլորին: Այս պահին ոչինչ չունեմ ավելացնելու: Հետաքննությունը դեռեւս շարունակվում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝
ՏԱԹԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

«Առավոտ», 18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930