Շուրջ 5 տարի է Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրում ամրակայման աշխատանքներ են ընթանում, սակայն, այդպես էլ դրանք ավարտին չեն հասցվում:
Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց Գոշավանք՝ ամրակայման, վերակառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Մոտ մեկ տարի է եկեղեցական համալիրում շինարարական նոր կազմակերպություն է աշխատում:
«Հինգ տարի է անձրեւը գալիս է թափվում է եկեղեցու ներսը»,-նախարարին իրավիճակն այսպես նկարագրեց Պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը: Նախարարին ուղեկցելով վանական համալիրի նախկին գրադարանի տարածք, ասաց, որ ժամանակին ծրագիր են ունեցել այդտեղ հիմնադրել հայ իրավունքի թանգարան:
Պարոն Հովսեփյանի խոսքով` այդ հարցով խորհրդակցել են նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որն էլ խոստացել է աջակցել. «Իրավական մտքի պատմության թանգարան ստեղծելու համար մեր ակադեմիայում հավաքված մեծ գրականություն կա: Գուցե դառնա համաշխարհային իրավունքի ուսումնասիրման կենտրոն»:
Ի պատասխան, պարոն Ամիրյանը խորհուրդ տվեց, գրադարանը գործող դարձնել, որպեսզի կենդանի լինի եւ մարդիկ օգտվեն այդ հնարավորությունից: Նախարարը հանձնարարեց հաշվարկել, որպեսզի եկող տարվա ծավալներում գրադարանի հարցն էլ ներառեն:
Պարոն Հովսեփյանը նախարարին դժգոհեց, որ իրենց ստեղծած թանգարանը եկել՝ տարել են: Նախարարն ասաց, որ թանգարանի նմուշները մշակույթի նախարարության պահոցներում են, եւ որ եկող տարի ծրագրում են Գոշավանքի առջեւի լանջի ներքին հատվածում նոր թանգարան կառուցել. «Եկող տարի վերջնական նախագիծը կունենանք եւ շինարարությունը կսկսեն, եւ այդ թանգարանում ոչ միայն այն ցուցանմուշները կլինեն, որ այստեղ ցուցադրվել են, այլեւ կլինեն նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարբեր թանգարանային նմուշներ»:
Եկեղեցու տարածքում պարոն Ամիրյանին ծանոթացրին կատարված աշխատանքներին, ասացին, որ այս տարվա համար նախատեսված ծավալները, որոնք ներառում են նաեւ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը, մասնակիորեն վերականգնվել են եւ մյուս տարի այդ աշխատանքներն ավարտին կհասցվի: Նաեւ հայտնեցին, որ ծածկասալերի բացված հատվածները, որոնք անձրեւաջրերից խոցելի են, ժամանակավոր ծածկով են ապահովել:
Հաշվի առնելով նախկին շինարարի թերացումները, Արմեն Ամիրյանը հանձնարարեց, որպեսզի եկող տարվա շինարարական աշխատանքներում, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվի, մրցութային պայմաններում ներառել առցանց վերահսկողության միջոցառումներ:
«Առնվազն երեք տեսախցիկ պետք է դրվի, որպեսզի հանրային վերահսկողություն լինի, տեսնեն՝ թե ինչ է կատարվում այստեղ: Որպեսզի տեսնենք ամեն օր շինարարը որ ժամին եկավ, որ ժամին՝ գնաց: Չեն աշխատում, ամիսներով չեն աշխատում, հասցնում են այս վիճակին»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Այս պահին ավարտին է հասցված Գոշի դամբարանի հատվածը: Մինչ այժմ ծախսված գումարները կազմել են մոտ 55 ու կես միլիոն դրամ, 17 միլիոն դրամ էլ այս տարի դեռ կծախսվի: Եկող տարի ավելի մեծ ծավալներ են նախատեսված: Ընդհանուր առմամբ, Գոշավանքի ամրակայման համար մոտ 120 միլիոն դրամ է նախատեսված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ