Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ իր իսկ կազմակերպած բազկամարտի համաուսանողական առաջնությանը հետեւելու նպատակով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մասնաշենքի մուտքի մոտ Գագիկ Ծառուկյանը մի ամրակազմ ուսանողից հետաքրքրվեց, թե մասնակցո՞ւմ է մրցմանը եւ բացասական պատասխան ստացավ: Դա զարմացրեց ՀԱՕԿ նախագահին: «Ինչո՞ւ: Այս ամենը կազմակերպում եմ ձեզ համար: Երկու ամիս է՝ հեռուստատեսությամբ իրազեկում ենք, որպեսզի բոլորը տեղեկանան եւ իրենց ուժերը փորձեն: Հավաքականի անդամներին դիտավորյալ թույլ չենք տվել մասնակցել, որպեսզի մյուս ուսանողներն իրենց բացահայտելու հնարավորություն ունենան»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ արդեն դահլիճում բոլոր ուսանողներին հորդորեց ավելի համարձակ եւ ակտիվ լինել, չքաշվել այլ մարզաձեւերում էլ իրենց կարողությունները փորձել, պայքարել հաղթելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ