Երեւանում 10-րդ անգամ անցկացվեց DDD մարզահամալիրի լողի պատանեկան (10-11 եւ 13-14 տարեկաններ) բաց առաջնությունը, որին մասնակցեց նաեւ Թբիլիսիից ժամանած երեք թիմ:
Կազմակերպիչների խոսքով, սա լողի մանկապատանեկան ամենամեծ միջոցառումն է Հայաստանում, որին մասնակցում է 200-ից ավելի պատանի լողորդ Երեւանի բոլոր ակումբներից, Գյումրիից, Վանաձորից, Վրաստանից: Առաջին անգամ պատանիների 11 հոգանոց թիմով (նկար 2) հանդես եկավ եւ անգամ մրցանակակիրներ ունեցավ Իջեւանը: Դա հնարավոր է դարձել Լողի հայկական դաշնության ջանքերով եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ հիմնանորոգված եւ այս ամռանը շահագործման հանձնված լողի մանկապատանեկան մարզադպրոցի շնորհիվ:
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանն Aravot.am-ին ասաց, որ բացի այս մրցմանը մասնակցող Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներից, բավականին շնորհալի երեխաներ կան: Նա հույս հայտնեց , որ նրանցից շատերը հետագայում լավ լողորդներ կդառնան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ