Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մարդիկ մի տարի ձգեցին պրոցեսը՝ փորձելով թաքցնել այն, ինչ տեղի էր ունեցել, բայց հիմա ամեն ինչ ակնհայտ է». Քրիստ Մարուքյանը` ՀՀԿ-ի եւ ՀՎԿ-ի միջեւ կնքված հուշագրի մասին

Նոյեմբեր 18,2017 22:05

«Լուսավոր Հայաստան» խմբակցության համար Հայաստանի Հանրապետական եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների Վանաձորի տարածքային կառույցների միջեւ կնքված համագործակցության հուշագիրն անսպասելի չէր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հուշագիրը երեկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից արված կոչի հետ ոչ մի առնչություն չունի: Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ էր հղել համայնքի ավագանու խմբակցություններին, առաջարկելով մասնակցել նիստերին. «Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ. Վանաձոր քաղաքի առջեւ ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու եւ ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում եւ հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին եւ մաս կազմել քաղաքի կառավարմանը… Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության եւ իրական հոգատարության…»:

«Ես չեմ կարծում, որ այս հուշագիրը քաղաքապետի կողմից արված հայտարարության արձագանքն էր: Դա մի քիչ ավելի վաղ պլանավորված, կամ Սահմանադրական դատարանի որոշումից բխող քայլերն են, որոնք իրականացվեցին ՀՀԿ-ի կողմից»,- ասաց Քրիստ Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ արդեն պարզից էլ պարզ է, թե որ խմբակցությունն է մեկ տարի առաջ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին. «Այս ինչ-որ տեղի ունեցավ, դա մեկ տարի մեր պայքարի արդյունքում ստեղծված իրավիճակն է, որի ընթացքում մենք փորձում էինք բացահայտել այն մեծամասնությանը՝ 19 հոգուն, որի շնորհիվ ՀՀԿ թեկնածուն դարձել էր քաղաքապետ: Հիմա բոլորի համար արդեն պարզ է, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ եւ ինչ է տեղի ունենում հիմա, սա դրա տրամաբանական շարունակությունն է: Պարզապես մարդիկ մի տարի ձգեցին պրոցեսը` փորձելով թաքցնել այն, ինչ տեղի էր ունեցել, բայց հիմա ամեն ինչ ակնհայտ է»:

Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջեւ կնքվել էր համագործակցության հուշագիր. «Մեր կողմից ստորագրված հուշագիրը կոնկրետ վերաբերվում էր առաջին նիստին իրականացվելիք գործողություններին: Այդ գործողությունները, եթե տեղի ունենային այնպես, ինչպես արձանագրած էր հուշագրում, ապա դա կունենար շարունակություն: Բայց քանի որ հենց առաջին կետը ավագանու ներսում իրականացվող ընտրությունների ժամանակ խախտվեց, դրա համար ընտրություններից հետո հուշագիրն առ ոչինչ էր»:

Մեզ հետ զրույցում Մարուքյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել ավագանու նիստերին. «Մենք չենք մասնակցելու, քանի որ տեսնում ենք, որ հակասահմանադրական նիստերը շարունակություն են ստանում: Հիմա չգիտենք, թե ստորագրված հուշագրի արդյունքում ինչ իրավիճակ կստեղծվի, բայց համենայն դեպս` ՍԴ-ի կողմից հրապարակված վճիռը վերաբերվել է նաեւ մինչ այժմ տեղի ունեցած նիստերին, որոնք հակաօրինական են: Այսինքն, Վանաձորի ավագանին մինչ այժմ հակաօրինական է գործել: Հետեւաբար այլ բան, քան լուծարել եւ նոր ընտրություններ իրականացնել, սրանից բացի որեւէ այլ տարբերակ մենք չէինք սպասում: Հիմա էլ չենք գտնում, որ որեւէ այլ տարբերակ ճիշտ է եւ օրինական, հաշվի առնելով հենց ՍԴ-ի որոշումները»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930