Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատժելիությունը ծնում է հանցագործության շարունակականություն». Հայաստանի առաջին օմբուդսմեն

Նոյեմբեր 18,2017 19:04

Նոյեմբերի 18-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Սումգայիթ-30. մարդկության դեմ չպատժված հանցագործություն» մամուլի ասուլիսը։ Բանախոսներից Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հանդիպման սկզբում նշեց, որ Ադրբեջանի քաղաքականության զոհերն են ոչ միայն Սումգայիթը, այլ նաև համայն հայությունը. «Պատահական չէ, որ մենք այսօր սփյուռք ունենք, այն ոչ միայն 1915-ի դեպքերի արդյունքն է, այլ նաև ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների։ 2016-ի ապրիլը ցնցեց բոլորին, և ես կարող եմ ասել, որ չի եղել որևէ ձև, որ կիրառված չլինի Սումգայիթում։ Կարծում եմ, որ համայն հայությունը պետք է իր ուժերը լարի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավորներին, քանի որ  անպատժելիությունը ծնում է հանցագործության շարունակականություն»։

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը ներկայացրեց  այն նախագծերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկա ամիսների ընթացքում։ «Մեր հայտնաբերած արխիվային նյութերը, տեսագրությունները և դատական նյութերը փաստում են, որ Սումգայիթում Ադրբեջանի կողմից մշակված, համակարգվող ու իրականցվող հանցագործությունները ակնհայտորեն եղել են հայերի դեմ։ Դրա մասին է խոսում  նաև այն, որ փետրվարի 26-ին՝ ջարդերի սկսվելու օրը, Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները եղել են այնտեղ։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ Սումգայիթը անհրաժեշտություն ունի լայնորեն ուսումնասիրվելու»,-նշեց նա։

Սպասվող երկու նախագծերից առաջինը լինելու է Սումգայիթը ադրբեջանցիների աչքերով, որում ցույց են տրվելու ադրբեջանցի վկաների ցուցմունքները, իսկ երկրորդ նախագծի թեման Սումգայիթի երեխաներն են։ «Մենք տեսնում ենք, որ դատական գործընթացներում վկայությունների մեծ մասը ադրբեջանցիներն են տվել, և հենց իրենք էլ հաստատում են եղածը։ Առաջին նախագծում ներկայացնելու ենք յն տարբեր քրեական գործերի նկարագրություններ, նաև այն, որում վկայություն է տվել Էդուարդ Գրիգորյանը, որին ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես ջարդերի միակ կազմակերպիչ։ 6 մեղադրյալներից 5-ը ադրբեջանցիներ էին, մեկը՝ հայ։ Բայց ադրբեջանական կառավարության կողմից միայն նա է ներկայացվում որպես մեղավոր, թեև նա պարզապես սովորական կատարող է եղել»,- նշեց ղեկավարը՝ հավելելով, որ Սումգայիթի հանցագործությանը մասնակցել է մոտ 1000 հոգի, սակայն ընդամենը 80-ն են ենթարկվել որևէ պատասխանատվության։ Նրանք թեև տարբեր պատիժներ են ստացել, սակայն 2-3 ամիս անց ազատ են արձակվել։ Դրանց թվում է նաև  Էդուարդ Գրիգորյանը։

Ինչ վերաբերվում է երկրորդ նախագծին, Մարինա Գրիգորյանն ասաց, որ ընտրված թեման հատկապես բարդ է նրանով, որ դժվար է գտնել այն մարդկանց, ովքեր կարող են խոսել 30 տարի առաջ տեղի ունեցած սոսկալի դեպքերի մասին. «Այդ դեպքերը մանուկ ժամանակ շատերի վրա թողել են հոգեբանական ծանր ազդեցություն ու անդառնալի հետք, և շատ դժվար է նրանց համար դա հիշելը։ Մենք ունենք ապացույցներ, որ սումգայիթյան ջարդերին հայ շատ մանուկներ են զոհ գնացել։ Փորձելու ենք այդ ամենը ներկայացնել նախագծի շրջանակներում նկարահանվող ֆիլմի ընթացքում»։

Մեր այն հարցին, թե սպասվող ֆիլմը ի՞նչ ձևաչափով է ներկայացվելու հանդիսատեսին, Մարինա Գրիգորյանը պատասխանեց` քանի որ ֆիլմում լինեն են ինչպես նոր այնպես էլ 30 տարվա վաղեմության և ոչ այնքան որակյալ կադրեր, ֆիլմի ցուցադրման մեթոդ ընտրել են ոչ թե կինոթատրոնները այլ  համացանցը և հեռուստաեթերը։

Ամերիկահայ գրող, Բաքվի փաստական Աննա Աստվածատուրյան Տերկոտը, որը ևս հանդիպման բանախոսներից էր, իր խոսքում նշեց, որ հայերի անդրադարձը սումգայիթյան իրականությանը Ադրբեջանին ցույց կտա, որ չնայած 30 տարիներին ,  հայ ազգը չի մոռանալու իրենց արածը։

Լարիսա Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հարկ չի գտել որևէ կարգավիճակ տալու այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները Սումգայիթի ջարդերի զոհերն են եղել՝ նրանց մահը կապելով զանազան այլ պատճառերի հետ. «Եթե մենք ինքներս չենք ուզում ճանաչել, գոնե պաշտոնապես զոհեր ունեցող ընտանիքներին տալ համապատասխան կարգավիճակ, ապա ի՞նչ ենք սպասում դրսից»,-նշեց նա։

«Սումգայիթը մեր անցյալը չի, դա մեր ներկան է և կլինի այնքան ժամանակ,քանի դեռ Ադրբեջանը իրականացնում է իր քաղաքականության այս մեթոդները՝ տարեցտարի զարգացնելով և ավելի ստոր եղանակներով առաջ շարժվելով»,- հավելեց Մարիա Գրիգորյանը՝ կոչ անելով բոլորին օգտվել միայն ստուգված տեղեկությունից ու լուսանկարներից, և չմանիպուլացվել համացանցային կեղծիքներով։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930