Լրահոս
Օրվա լրահոսը

Աննպատակ համալսարան ընդունվածները դառնում են դժբախտ, անհետաքրքիր ու ոչ պիտանի. «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2017 12:00

Մի փոքր խոսենք ուսանողների առջև ծառացած տարաբնույթ խնդիրների մասին։ Արձանագրենք, որ երիտասարդների մեծ մասի համար համալսարան ընդունվելը դիտարկվում է որպես ինքնանպատակ, ինչու չէ նաև՝ ծնողների վաղեմի երազանքի իրականացում կամ էլ քաղքենի նորաձևության պարտադրանք: Մեծ մասը ԲՈՒՀ են ընդունվում հենց այս պատճառներով՝ չունենալով մասնագետ դառնալու որևէ իրական ցանկություն։ Սովորել ընդամենը սովորելու համար, նորաձևության համար, ծնողների համար և աբսուրդային այս շարքը անվերջ կարելի է շարունակել։ Սկսենք նրանից, որ պարտադիր չէ դպրոցն ավարտելուց հետո անպայման համալսարան ընդունվել: Կարելի է սպասել, մի փոքր աշխատել, հասունանալ և նոր մասնագիտություն ընտրել:

Համոզված եմ Եվրոպայում և շատ այլ տեղերում այդպես է՝ գոնե մեծամասնության համար: Օրինակ՝ Պետերբուրգում ընկերներիս զվարճացնում էր այն միտքը, որ ես 16 տարեկանից սովորում եմ: Տղերքից մեկը 16 տարեկանից աշխատել էր, կայացել էր, փող էր հավաքել ու 22 տարեկանում նոր պատրաստվում էր համալսարան ընդունվել՝ իր հաշվին: Թե չէ մեր մոտ համալսարան ընդունվելը դարձել է իսկական խեղկատակություն: Դպրոցում աշակերտները մտնում են ինչ-որ ծիսակարգի կարգավիճակ ունեցող մրցավազքի մեջ, քնում են կրկնուսույցների տներում, հաճախ հստակ չեն էլ կարողանում որոշել, թե որ մասնագիտությունն է իրենց հոգեհարազատ, զուտ նորաձևության պահանջներից ելնելով՝ գեղեցիկ հնչերանգով մասնագիտություն են ընտրում՝ որպես վերջնական արդյունք փորձանք ու գլխացավանք դառնալով տվյալ ֆակուլտետի համար:

Այդպիսի մարդիկ հետագայում էլ որևէ ցանկություն չեն ունենում աշխատել տվյալ մասնագիտությամբ: Նշենք, որ իրենց չկայացվածության պատճառով ֆինանսական բեռ են դառնում նաև ծնողների համար, խե՜ղճ հայրիկներ ու մայրիկներ: Առավոտից գիշեր տքնում են, ինչ ասես չեն անում, որ իրենց երեխաների ուսման վարձը հասցնեն և հիմնականում այն դեպքում, երբ այդ երեխաները ձևի համար են գնում համալսարան, պարզապես գնում են գնալու համար, երկու տող անգիր են սովորում ընդամենը գնահատական փախցնելու համար՝ առանց մասնագիտության էության մասին պատկերացում կազմելու: Ես իմ աշակերտներին միշտ ասում էի. անհատը դժբախտանում է երկու դեպքում՝ սխալ զուգընկեր ընտրելու և սխալ մասնագիտություն ձեռք բերելու պատճառներով: Այսինքն՝ աննպատակ համալսարան ընդունվածները դառնում են դժբախտ, անհետաքրքիր ու ոչ պիտանի։
Իսկ ի՞նչ է անում համալսարանը գավառական այս մրցավազքը կանոնակարգելու համար։ Թերևս ոչինչ։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930