«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:
Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնևից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ:
«Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, և Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: