Ազգային ժողովի այս շաբաթվա նստաշրջանի թերեւս ամենահետաքրքիր երանգը «Ծառուկյան» դաշինքի լայնածավալ հարձակումն էր վարչապետի, կառավարության եւ հատկապես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի վրա: Խմբակցությունը, հավանաբար, համապատասխան հրահանգ է ստացել կուսակցության ղեկավարից, որը միաժամանակ խոշոր գործարար է եւ դժգոհ է նրանից, որ իր բիզնեսը «նեղում են»: Արդար են «նեղում», թե անարդար՝ չեմ կարող ասել: Պարզ է, որ եթե «հարկայինը» նպատակ դնի, ապա կկարողանա թերություններ գտնել բազմաթիվ բիզնեսներում: Կան ոլորտներ, որոնք հասել են թափանցիկության ժամանակակից, քաղաքակիրթ ստանդարտների (օրինակ՝ IT-ն), բայց այդ ոլորտները մեր օլիգարխիայի հետաքրքրության շրջանակներում չեն՝ նրանք գերադասում են ավելի պարզ, շոշափելի եւ «նաղդ» եկամուտ բերող բնագավառներ, որոնցից մեկը առեւտուրն է` սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներ:
Եվ այսպես, խորհրդարանական ամբողջ խմբակցություն նվիրվել է իրենց ղեկավարի բիզնեսի պաշտպանությանը: Ոմանք այստեղ ինչ-որ բացասական, արտառոց եւ տարօրինակ բան են տեսնում: Ոմանք էլ դա դիտարկում են որպես Սերժ Սարգսյանի կամ հանրապետականների մի մասի թաքնված պայքար վարչապետի դեմ: Իրականում նման բան չկա՝ այստեղ խնդիրը զուտ տնտեսական շահերն են: Եվ դա բնական է՝ քաղաքականության շարժիչ ուժը հենց այդ շահերն են, եւ այդպես է ամբողջ աշխարհում: ԱՄՆ կոնգրեսականները նույնպես զբաղված են այս կամ այն տնտեսական խմբի լոբբինգով, բայց հրապարակային ելույթներում, բնականաբար, չեն նշում իրենց քաղաքական վարքագծի պատճառները եւ որպես իրենց գործունեության խթանիչ ուժ հիմնականում վկայակոչում են ԱՄՆ քաղաքացիների (Հայաստանի պարագայում՝ «էս խեղճ ժողովրդի») շահերը: Պարզապես ԱՄՆ-ում տնտեսական խմբերը, որոնք հովանավորում են կոնգրեսականներին, ներկայացնում են տասնյակ միլիարդներ կապիտալ ունեցող ընկերություններ: Մեր մասշտաբներն ավելի համեստ են, մեր մասշտաբը «Առինջ մոլն» է:
Այնպես որ, ես այս պայքարի մեջ առողջ տարր եմ տեսնում, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է պառլամենտարիզմի ոգուն, երբ խորհրդարանի տարբեր խմբեր ներկայացնում են իրար հետ մրցակցող բիզնեսներ: Տարօրինակ եւ անբնական կլիներ հակառակը՝ եթե բոլոր պատգամավորները բոլոր հարցերում համաձայն լինեին: Սա կնշանակեր, որ մեր տնտեսության մեջ մրցակցություն չկա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տնտեսական շահեր ունեն ոչ միայն մեծահարուստները, էԽԺ ն՝ էս խեղճ ժողովուրդը, նույնպես ունի իր տնտեսական շահերը եւ եթե խաղի կանոնները պարտադրում են անպայման տնտեսական շահերը իրագործել լոբի պատգամավորներների միջոցով, ուրեմն ԷԽԺ ն թող իր եկամուտներից փող հատկացնի ու իր հավաքական գումարով գնի ինչքան փողը հերիքի լոբի պատգամավոր, թե չէ ստացվում է էն հարկերը որ ԷԽԺ ն վճարում է, որ կառավարությունը ԷԽԺ ի տնտեսական ու մյուս շահերը պաշտպանի, պարզվում է բացի հարկերից լոբի պատգամավոր էլ է պետք պահել։
«Առինջ մոլլի» սեփականատերը հավանաբար չի ցանկանում վճարել աուդիտի համար եւ օգտագործելով իր պատգամավորական (խորհրդարանական՝ սովետական) խմբին, որը աշխատավարձ է ստանում պետական գանձարանից, «տարօրինակ» եւ յուրօրինակ «պաշտպանութան» է դիմում…