Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը… մեր կենդանի կղզին

Նոյեմբեր 18,2017 16:00

Երբ սերը մի օր բացում է թեւերը ու գրկում մեզ` մենք ինքնամոռաց հանձնվում ենք՝ երջանիկ, որ վերջապես արժանացանք ճակատագրի ողջ հմայքին, առանց ենթադրելու, որ մեզ գրկող սիրո թեւերը ընդամենը մեզ գամում են խաչին:

Թվում է նաեւ, որ մենք ներս ենք մտնում մի դռնով, որտեղով մեզանից առաջ ոչ ոք չի անցել, թերեւս մենք առաջինն ենք եւ միակը… Այնինչ` թվում է միայն:

Որովհետեւ աննկատ վրա է հասնում հոգիներ ամայացնող քամին եւ առաջինը մեզ` թվացյալ երջանիկներիս վտարում մենության անբախտ անծիրը:

Տարիներ առաջ, երբ ես առաջին անգամ տեսա Թաջ Մահալը, կապույտ ձկան նման լողալով` եկավ, եկավ ու ինձ քսվելով անցավ հոգիս սարսռացնող մի անհայտ, անծանոթ զգացողություն: Ես նույնիսկ ձայնը լսեցի, որն ասում էր` այլեւս երբեք, երբեք, երբեք, քանի որ ապագան վաղուց անցել է, իսկ անցյալն այլեւս ետ չի գալու:

– Ի՞նչն է մղում մեզ, երբ առանց մտածելու նետվում ենք սիրո բաց գիրկը,- մտածում էի` նայելով արեւի տակ շողշողացող իր գեղեցկությունից շփոթված տաճարին,- առնչությունը հավերժականի՞ն, թե՞ մեր սահմանափակ երեւակայության հուսահատությունը:

Գուցե ուզում ենք ձերբազատվել մեր ներսի դատարկությունից եւ հետեւելով համընդհանուր չճանաչված անփորձությանը՝ ազատություն գտնենք ուրիշի մեջ, եւ օգտվելով սիրո շնորհած բարձրագույն բարիքներից` ոչնչացնենք սերը, մի բան, որ մեզ երբեք էլ չի հաջողվի:

Քանի որ սերը մեր սեփականությունը չէ, սերը ապրում է իր կյանքով եւ սիրում է միայն իրեն ու այցելում է մեզ միայն այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում, որպեսզի ուրախացնի մեզ` չնվիրելով ցանկալի երջանկությունը, եւ երբ հեռանում է` ուզում է լսել մեր լացը՝ իր հետ չտանելով, սակայն, մեր բոլոր արցունքները…

– Սերն ընդամենը մի կենդանի կղզի է անհոգի դատարկության մեջ,- շարունակում էր ինձ հուշել խորհրդավոր տաճարը, եւ մեզ տրված է բախտի յոթ օր, քանի որ մնացյալը այլեւս անբախտությունն է:

Որովհետեւ յոթերորդ օրը նա անպայման լքում է մեզ եւ հեռանում մեզանից` ինչպես կռունկների երամ, որի մարմրող ձայնը մենք լսում ենք արդեն հեռվից եւ տեսնում, թե ինչպես է այն անվերադարձ անհետանում հեռու հորիզոնում` թողնելով մեզ վերահաս աշնան գիշերվա դեմ մեն-մենակ:

Հետո, շատ ավելի ուշ, ես հասկացա, որ արցունքի պես անպաշտպան այդ տաճարը, ինձ համար բացելով սիրո խորհուրդը, ինձ պատմում էր իր մասին, քանի որ սերը ինքն էր, իսկ մենք` ընդամենը յոթ օրվա ուխտավորներ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930