Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք մեր կռիվը մի անգամ մինչեւ վերջ տանք»

Նոյեմբեր 18,2017 15:30

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը կողմ է տարկետման իրավունքի փոփոխություններին

«Լավ է, որ օրենքը ընդունել են: Էդ բողոքավորներին էլ պետք է ասել` գնացեք կարգին գործերով զբաղվեք: Զիզի-բիզի բաներով մի զբաղվեք: Էս երկիրը վերջապես հարկավոր է պահել: Էս երկիրը մի արժեք ունի, մի արժեքավոր բան ունի, դա բանակն է: Գնացեք եւ պահեք ձեր մայրերի ու քույրերի, ձեր շիրիմների պատիվը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքին` ասաց ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը:

Այս օրենքով, որը խորհրդարանը երկու օր առաջ ամբողջությամբ ընդունեց, հիշեցնենք՝ փոփոխություններ են նախատեսվում տարկետման իրավունքի տրամադրման կարգում` 18 տարին լրացած բոլոր երիտասարդների համար ծառայությունը սահմանելով պարտադիր: Քսանամյա վաղեմության այս վեճը, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի առճակատման առիթ դարձավ, այսօր էլ միանշանակ չընկալվեց: Որոշ խավեր մնում են այն կարծիքին, որ այսպիսով կրթության եւ գիտության ողնաշարն ենք կոտրում: Թեեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս փոփոխությունները «Պատիվ ունեմ» ծրագրով արդեն մի քանի ամիս է՝ ներկայացնում էր, սակայն դրանք կրքեր բորբոքեցին վերջին օրերին, երբ դրանք օրենսդրական փոփոխությունների տեսքով ներկայացվեցին խորհրդարան: Ուսանողների յոթօրյա դասադուլը եւ երկօրյա հացադուլը հանգեցրեց իշխանության հետ երկխոսության. ամսի 22-ին խորհրդարանում կկայանա կլոր սեղան քննարկում, որի ժամանակ, ինչպես խոստացել է խորհրդարանի ղեկավարը, եթե ուսանողները կարողանան ապացուցել, որ այդ փոփոխությունները սխալ են, իրենք օրենքը ետ կկանչեն:

Հովհաննես Հարությունյանը նկատում է` 1915 թվականը ընդամենը հարյուր տարի առաջ է եղել. «Իսկ հարյուր տարին ժամանակի մեջ ընդամենը մի քայլ է: Ի՞նչ է, ուզում ենք նորից եղե՞ռն ապրենք, փախչե՞նք, մորթվե՞նք: Եվ վերջապես՝ ո՞վ պիտի պահի այս երկիրը: Մեր պապերը մեզ շատ վատ ժառանգություն թողեցին, նրանք չհասկացան: Ու ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում` վերջապես եկեք մեր կռիվը մի անգամ մինչեւ վերջ տանք: Այլապես կցկտուր-կցկտուր… Բաշ-Ապարան, Արցախյան պատերազմ… Իմ սերունդը` այդ երեխաների հայրերը, մի բան արել են, չէ՞: Հիմա տվել ենք ձեզ` դուք էլ ասում եք` չէ, եկեք մենք սովորենք, հետո փախնենք Ռուսաստան, հետո երեխա ունենանք ու չծառայենք: Ես կատեգորիկ դեմ եմ: Լավ է, որ օրենքը ընդունվել է: Երկիրը պաշտպանելը ոչ թե ցանկություն է, այլ հոգու պարտադրանք, պարտականություն: Մեր սերունդը տվեց հերոսներ, ձեր սերնդակիցները տվեցին, հիմա դուք չե՞ք ուզում գնաք բանակ, ձեր հորը-մորը եւ զառամյալ պապիկին պաշտպանեք, որ ձեր երեխաների համար էլ օրինակ լինեք: Կարողանալո՞ւ եք նայել այսօր սահմանին կանգնած զինվորի աչքերին. այն զինվորի, որը քո ծնողներին, քո պապին է պաշտպանում, որ դու իբր գիտնական դառնաս»:

Դիտարկմանը, որ բողոքող ուսանողներն ասում են` իրենք ուզում են, որ լավ պետություն ունենանք, իսկ լավ պետությունը միայն բանակը չէ, այլ նաեւ գիտությունն ու կրթությունը. մենք չե՞նք «խփում» գիտությանն ու կրթությանը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Նման փաստարկներն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Ես ուզում եմ հասկանալ` մինչեւ հիմա քանի՞ երիտասարդ-փայլուն գիտնական ենք ունեցել, ինչե՞ր են մեզ համար ստեղծել` իսկանդերներ կամ ա՞յլ զենքեր: Գիտությունը, կրթությունը շատ պետք են: Մենք այսօր մեկ ռեսուրս ունենք` ուղեղի ռեսուրսը: Ոչ ծով ունենք, ոչ նավթ, ոչ ցիտրուս… Հասկանում եմ, որ գիտությանը պետք է զարկ տանք, բայց ոչ թե նման անհեթեթ ձեւով»: Մեր զրուցակիցը չի հասկանում այն պահանջները, որոնք դնում են օրենքի փոփոխություններից դժգոհ երիտասարդները. «Փոխանակ ասեն` եկել ենք օրենքի երկիր դարձնենք, հսկենք ձեզ, սուտի հիվանդներին-ընգնավորներին չթողնենք, որ սողոսկեն, փախնեն ծառայությունից»… Այդ ժամանակ ինքը կհասկանար երիտասարդների պայքարը: Անգամ կմտածեր, որ նրանք իրենց պայքարով մի բանի կհասնեն: Թեպետ, իր կյանքի փորձից ելնելով, խիստ կասկածում է, որ Հայաստանում հնարավոր է պայքարով ինչ-որ մի բանի հասնել:

Համաձայն է խորհրդարանական ընդդիմադիրների բարձրացրած այն մտայնության հետ, որ երաշխիքներ չկան, որ պաշտոնյաների եւ մեծահարուստների զավակներն այս անգամ էլ տարբեր հիվանդությունների փաստաթղթերով չեն խուսափի ծառայությունից: Ասում է. «Դե բերեք այդ հարցերը դնենք, ոչ թե ասենք՝ տարկետման օրենքը պետք է պահպանվի այնպես, ինչպես կա: Այդ դեպքում ես էլ կհասկանամ, մյուսներն էլ, ու կկանգնենք իրենց կողքին: Բայց հիմա իրենց պահանջը չեմ հասկանում: Ու, անկեղծ ասած, մի քիչ կասկածում եմ, որ այս «պայքարը» դրսից ուղղորդվող է: Ես չեմ կարող պատկերացնել, որ մարդը մտածի կտրելու մասին այն ճյուղը, որի վրա ինքը նստած է: Այս երկիրն է իրենցը, ոչ թե միայն համալսարանը, թող դուրս գային հրապարակ եւ հստակ պահանջներ դնեն` օրենք մտցրեք, որ արտասահմաններում ծնված ձեր երեխաներն ու թոռները Հայաստանի բանակում ծառայելու են կամ էլ մեկ միլիոն դոլար տուգանք են վճարելու»: Ի դեպ, մեր զրուցակիցը նկատում է. «Չոլերում ծնված երեխեքն են, որ առողջ տղամարդ են մեծանում ու պատվով երկիրը պահում են»:

Նկատեցինք, որ իր զինակցի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, նույնպես դեմ էր այդ փոփոխություններին: «Թող դեմ լինի, ես քաղաքական գործիչ չեմ, ես ռազմական գործիչ եմ, պատերազմի մասնակից, չեմ կարող ծռմռվել: Արամ Սարգսյանին շատ եմ սիրում ու հարգում, բայց չեմ կարող համաձայնել իր հետ: Էս հարցը մեր սպարապետն ա դրել: Հիմա ասում են` հետո Վազգենը հասկացավ, որ սխալ է… չկա նման բան, Բաբկեն Արարքցյանն ասաց՝ հրաժարական կտամ, նախագահը միջամտեց… Ես բանակի լավ կողմերն էլ, վատ կողմերն էլ շատ լավ գիտեմ, բայց այսօր մի բանակ, մի հրաշալի մանուկ ունենք, որը մեր երկիրը պետք է պահի. բա մենք իրեն չպահե՞նք»:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930