Աշխատանքի տեսչություն չկա եւ աշխատանքային վեճերի ճակատագիրը թողնվել է դատարանների վրա: Լրագրողական հասարակական կազմակերպությունները ակտիվ դիրքորոշում են ցույց տալիս, երբ խոսքը բռնության ենթարկված գործընկերներին է վերաբերում, իսկ աշխատանքային վեճերը, մասնավորապես՝ գործատու-լրագրող, գործատու-էջադրող, գործատու-դիզայներ, գործատու-ծաղրանկարիչ, փակ թեմա է դառնում:
«Լիգա Փրես» ՍՊ ընկերության ներկայացուցիչները երեկ վերաքննիչ քաղաքացիական դատարան չներկայացան, չնայած պատշաճ ծանուցվել էին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք բերած էջադրող-դիզայներ Լուսինե Մնացականյանը առանց աշխատանքային պայմանագրի 2016թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել վերոնշյալ ընկերություն-ամսագրում:
Պատասխանողը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիրը եւ չի վճարել բանավոր պայմանավորվածությամբ որոշած հարյուր հազար դրամ աշխատավարձը:
Բողոքաբերը բազմիցս դիմել է գործատուին՝ աշխատավարձը վճարելու պահանջով, սակայն պատասխանողն անպատասխան է թողել այդ նամակները։
Լուսինեն անցյալ տարվա օգոստոսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Կենտրոնի դատարան, խնդրելով, որպեսզի դատարանը հաստատի իր աշխատանքային իրավահարաբերության մեջ լինելու փաստը պատասխանողի ամսագրում, ինչպես նաեւ պարտավերցնեն պատասխանողին հօգուտ իրեն բռնագանձել 100 000 դրամի չստացված աշխատավարձը:
Էջադրողը որպես աշխատանքային հարաբերության փաստը հաստատող ապացույց դատարան էր ներկայացրել պատասխանողի կողմից հրապարակվող ամսագիրը եւ ամսագրում առկա աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ապացույցները, որտեղ որպես «Լիգա Փրես» ՍՊԸ-ի Էջադրող-դիզայներ նշված էր Լուսինե Մնացականյանը:
Վերաքննիչ դատարանի դիտարկմանը, թե աշխատավարձի չափի վերաբերյալ բողոքում հիմնավորում կա՞, փաստաբան-ներկայացուցիչը հայտնեց, որ աշխատավարձի չափը հիմնավորելու նպատակով դատարանին տրամադրվել է Լուսինեի հետ՝ աշխատանքային մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանքային այլ վայրի հետ պայմանագիրը, որտեղ նույն պարտականությունները կատարելու համար նշված է 150 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ:
Պատասխանող ամսագիրը հայցադիմումի պատասխանում ընդունել է բողոքաբերի կողմից իր մոտ աշխատանք կատարելու փաստը, սակայն ընկերությունն այդ աշխատանքը դիտարկել է որպես «ծառայությունների մատուցում»:
Դատարանը մերժել է հայցադիմումը հենց այդ հիմքով, վճռի իրավական հիմնավորման մեջ նշել հետեւյալ պատճառաբանությունը. «Սույն դեպքում հայցվորի կողմից որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույցով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ հայցվոր Լուսինե Մնացականյանը գտնվել է փաստացի աշխատանքային, այլ ոչ ուրիշ իրավահարաբերությունների մեջ պատասխանող «Լիգա Փրես» ՍՊ ընկերությունում. աշխատել է եւ ստանձնել է որոշակի հաստիք»:
Վերաքննիչ դատարանը հրապարակեց բողոքն ամբողջությամբ, մի բան, որ հազվադեպ է պատահում վերաքննիչ դատարաններում, ուր, մասնավորապես, բողոքաբերը անդրադարձել էր ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1038 որոշմանը. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորմանն անդրադառնալով՝ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել պարզել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթը բացառում է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող անձի իրավունքների, այդ թվում` դատական, պաշտպանության հնարավորությունը փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող անձի իրավունքների եւ շահերի պաշտպանության, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի պաշտպանության հնարավորություն` փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում»:
Ըստ փաստաբան-ներկայացուցչի՝ Լուսինեն գտնվել է աշխատանքային հարաբերության մեջ գործատուի հետ եւ այդ փաստը ապացուցվում է դատարան ներկայացված ամսագրով, որի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Լուսինե Մնացականյանը գտնվել է նշյալ կազմակերպության աշխատողների ցուցակում, ինչպես տնօրենը, մնացյալ աշխատակիցները:
Պատասխանողը ընդունել է այդ փաստը, նշելով, թե երբ է Լուսինեն անցել աշխատանքի իրենց կազմակերպությունում:
«Պատասխանողի կողմից վկայակոչված փաստի ապացուցման բեռը դատարանը դրել է հայցվորի վրա, որն ամբողջությամբ անհիմն է եւ անօրինական: Ընդ որում, այդ փաստի ապացուցման բեռը դրվել է բողոքաբերի վրա միայն վճռով, ապացուցման բեռի բաշխման ժամանակ այլ բեռ էր դատարանը նախատեսել, արդյունքում խախտելով բողոքաբերի Սահմանադրության 63-րդ հոդվածը:
Այլ կերպ ասած, դատարանն ապացուցման բեռի բաշխման ժամանակ բաշխել է ապացուցման բեռ, սակայն վճիռը կայացրել է ապացուցման մեկ այլ բեռով, որը հայտարարված չէր եւ որի մասին բողոքաբերը տեղյակ չէր: Ավելին, առաջին ատյանի դատարանի վճռով այնպիսի բեռ է բաշխվել, որը ոչ մի աղերս չունի ապացուցման բեռի բաշխման կանոնների հետ, մասնավորապես, պատասխանողի կողմից վկայակոչված փաստի ապացուցման բեռը դրվել է բողոքաբերի վրա»,-վերաքննիչ բողոքը հիմնավորելիս նշել էր Լ.Մնացականյանը:
Ըստ բողոքաբերի ներկայացուցչի՝ Դ. Ասատրյանի. «Դատարանը խախտել է Լ.Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը եւ նրա վրա թողել է այն փաստը չապացուցելու բացասական հետեւանքները, որը ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան չէր դրել բողոքաբերի վրա»:
Այս տարվա ապրիլի 28-ի դատական նիստի ձայնագրության համաձայն, դատարանը բաշխել է ապացուցման բեռը, որի համաձայն՝ պատասխանողի վրա դրվել է Լուսինե Մնացականյանի կողմից նշյալ կազմակերպությունում չաշխատելու փաստը. «Դատարանը վճռի հրապարկմամբ նշել է այլ ապացուցման բեռը՝ ընդհանրապես չանդրադառնալով պատասխանողի ապացուցման բեռին, նշել է այլ ապացուցման բեռ, որը դատարանում չի հայտարարվել»:
Երկու կողմն էլ, նկատենք, որ առաջին ատյանի դատարանում հայտնել են՝ ընդհանրապես պայմանագիր չի կնքվել, ոչ ծառայությունների մատուցման, ոչ աշխատանքային: Ստացվում է, որ դատարանի կողմից բողոքաբերի վրա դնելով այն փաստը, որ վերջինս պետք է ապացուցի, որ ծառայությունների մատուցման իրավահարաբերության մեջ չի եղել, անհիմն է եւ անօրինական, քանի որ այդ փաստը` ծառայության մատուցման պայմանագիր չլինելը չի վիճարկվում գործում:
Պատասխանողը չի ներկայացրել ծառայություններ մատուցելու վերաբերյալ այդ փաստը ապացուցող որեւէ ապացույց, սակայն դատարանն այդ փաստը չապացուցելու անբարենպաստ հետեւանքները չի թողել պատասխանողի վրա:
Պատասխանողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր եթե Լուսինեն չի կնքել, ապա դատարանի տրամաբանությամբ, ի՞նչ ապացույց պետք է դրա վերաբերյալ ներկայացնի բողոքաբերը:
Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 30-ին կհրապարակի վճիռը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
17.11.2017