Ինչպես հնդիկ Աշոկը Հայաստանում Աշոտ դարձավ
Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի ավելանում է արտասահմանցի ուսանողների թիվը։ Այստեղ, ինչպես ուսանողներն են փաստում, կրթությունն ավելի որակյալ է ու համեմատաբար էժան։
Երեւանի պետական բժշկական համալսարանում է սովորում ազգությամբ հնդիկ Աշոկ Արավինդ Սելվարաջանը։ Երբ հարցրի, թե ինչպես կարող եմ դիմել իրեն, նա մի պահ ծիծաղեց ու ասաց. «Իմ անունն Աշոկ է, բայց հայ ընկերներս ինձ Աշոտ են ասում։ Դե, հայկական անունով ինձ էլ են հասցրել կնքել»։
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանում է ապրում։ Հիմա ամեն բանի տեղը գիտի, Երեւանն իր երկրորդ տունն է դարձել, այստեղ իրեն լավ է զգում։ Սակայն անկեղծանում է, որ առաջին կուրսում շատ դժվար է եղել. «Լեզուն չգիտեի։ Չգիտեի, թե ինչպես մի տեղից մյուսը գնայի։ Շատ բարդ էր ինձ համար»։ Արդեն վեց տարի է անցել ու հիմա անգամ շատ հայերից լավ է կողմնորոշվում տեղանքում ու ծանոթ է Երեւանի գրեթե բոլոր փողոցներին ու շրջաններին։ Աշոկը անգամ հայերեն է սովորել ու ազատ կարողանում է հաղորդակցվել հայերենով. «Հայերենին երեւի հինդուի (Աշոկի մայրենի լեզուն հենց հինդուն է) նման եմ տիրապետում հիմա։ Ծիծաղելի է, բայց հայերենով ավելի շատ եմ խոսում։ Ինձ դուր է գալիս ձեր լեզուն»։
Իսկ ինչո՞ւ որոշեց հայերեն սովորել։
«Առաջին խնդիրն այն է, որ ուրիշ լեզու չկա այստեղ։ Հնդիկներն անգլերեն լավ են խոսում, իսկ այստեղ կան մարդիկ, ովքեր անգլերենին ընդհանրապես չեն տիրապետում։ Հայաստանում երկրորդ լեզուն ռուսերենն է, իսկ մենք ռուսերեն չգիտենք։ Հայերեն սովորելը ինձ շատ պետք էր, ու դա եղավ պատճառը, որ որոշեցի սովորել ձեր լեզուն»,-ասում է Աշոկը։
Հայաստանի վերաբերյալ միայն մեկ դժգոհություն ունի՝ եղանակային պայմանները. «Հիմա դեռ աշնան սկիզբն է, տաք է, բայց ձմեռը ընդհանրապես չեմ սիրում։ Առաջին անգամ, որ ձյուն տեսա, շատ ուրախացա։ Անգամ երկու օր խաղացել ենք, իսկ հետո շատ դժվար է։ Չենք դիմանում ցրտին։ Բացի եղանակից, ոչ մի դժգոհություն չունեմ։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Անգամ այնպիսի ընկերներ ունեմ, որոնք չեն մտածում, որ ես հնդիկ եմ։ Ինչքան որ ես եմ նկատել, հայերը հնդիկներին շատ են սիրում։ Երեւի պատճառն այն է, որ մենք լավն ենք (ծիծաղում է-Մ.Ա)։ Իհարկե, մեկ-մեկ լինում են ավելի «ռասիստ» հայեր։ Մեկ-մեկ ասում են, «ախպեր, էս ինչ սեւ ես…եւ այլն», բայց, բարեբախտաբար, սակավաթիվ են»։
Հայերի մոտ վերջին շրջանում ավելի են շատացել հնդկական մշակույթի, ընդհանրապես Հնդկաստանի հանդեպ հետաքրքրությունն ու սերը։ Գլխավոր պատճառներից մեկը հեռուստատեսությունն է։ Շատ հայկական հեռուստաալիքներ հնդկական ֆիլմեր են ցուցադրում, ու սա ժողովրդի մոտ հետաքրքրություն է առաջացնում։ Աշոկն էլ է ասում, որ երբ ինչ-որ տաքսի է նստում, պարտադիր իրեն հարցնում են, թե արդյոք հետեւո՞ւմ է այդ հնդկական սերիալներին, դեպքերի զարգացմանը եւ այլն։
«Մի որոշ ժամանակ առաջ անընդհատ Ջիմիից էին հարցնում, իսկ հիմա՝ ոչ։ Հիմա ուրիշ սերիալի վերաբերյալ են հարցեր տալիս։ Ուր գնում եմ, միշտ հարցնում են՝ նայո՞ւմ ես Իչակին, բա Չակորիա՞ն…»,-ժպտալով պատմում է մեր զրուցակիցը։
Աշոկի ամենասիրելի հայկական կերակուրը խոզի խորովածն է։ Ինչպես ինքն է ասում, Հնդկաստանում այնքան էլ ընդունված չէ խոզի միս ուտելը։ Առաջին անգամ հենց Հայաստանում է փորձել, ու նրան այնքան է դուր եկել խորովածը, որ հիմա գոնե շաբաթը մի անգամ պարտադիր պիտի ուտի։ Անկեղծանում է, որ երբ Հնդկաստան վերադառնա, շատ կկարոտի հայկական կերակուրները։
Աշոկը ապագա սրտաբան է, ու այս տարի ավարտում է բժշկական համալսարանը։ Պիտի մեկնի Հնդկաստան ու սկսի աշխատել իր մասնագիտությամբ։ Խոստովանում է` թեեւ մինչեւ այստեղ գալը Հայաստան երկրի մասին չէր էլ լսել, բայց հիմա հաստատ որոշել է, որ երբ ընտանիք կազմի ու երեխաներ ունենա, մի օր նրանց հետ կվերադառնա ու անպայման կպատմի մեր փոքրիկ երկրի մասին։
Աշոկը նաեւ նշում է, որ հնդիկները կոշիկներ չեն հագնում Հնդկաստանում, ու ինքն էլ բացառություն չէ։ Ծիծաղում է. «Ես կոշիկներով նեղվում եմ։ Իրականում, ժողովրդի համար եմ կոշիկ հագնում։ Ահավոր շոգ է այսպես, բայց եթե դրանք չհագնեմ, ապա ինձ տարօրինակ հայացքներով կնայեն ու կլինեմ բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ ես դա չեմ սիրում»։
ՄԱՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ»
17.11.2017