Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲունTV-ին չորս տարեկան է»

Նոյեմբեր 18,2017 14:00

ԲունTV-ին հայկական առաջին գիտամասնագիտական առցանց հեռուստաընկերությունն է, որն ինքնակրթությամբ զբաղվողների համար անփոխարինելի աղբյուր է: Այն արդեն չորս տարեկան է եւ մինչ օրս իր տեսակով եզակի է հայկական մեդիադաշտում: Այս առիթով զրուցել ենք ԲունTV-ի հիմնադիրներից Քրիստինե Արմենակյանի հետ:

– Ինչպիսի՞ն է ԲունTV-ի նախապատմությունը. ինչպե՞ս որոշեցիք ստեղծել այս հարթակը եւ ինչպե՞ս թիմ հավաքեցիք:

– 2013թ.-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերի ժամանակ ծանոթացա գործընկերոջս՝ Գեմաֆին Գասպարյանի հետ, իհարկե, մեր բոլոր սպասումները չիրականացան, բայց փոխարենը մենք իրար գտանք, հասկացանք, որ ունենք ընդհանուր ձգտումներ, եւ այդ պահին պատրաստ ենք որոշակի ներդրում անել, որ մեր երազանքը իրականություն դառնա: Ցույցերից հետո շատ հանդիպեցինք, որովհետեւ գաղափարը կար, բայց դեռ մշակման, հղկման կարիք ուներ: Մեր ընկերները մեզ շատ օգնեցին այդ հարցում, հատկապես Գրանիշի հիմնադիր Կարեն Անտաշյանը ԲունTV-ի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել: Երբ արդեն հասկացանք, թե ինչ ենք ուզում անել եւ պատկերացնում էինք՝ ինչպես է դա հնարավոր, սկսեցինք որակյալ թիմ հավաքել, որը վերջնական տեսքի եկավ բավականին ժամանակ անց, որովհետեւ ուրիշ մարդկանցով էին սկսել, հետո փոխեցինք մեր ռեժիսորին: 2013թ.-ին շատ ինտենսիվ գրաֆիկով էինք աշխատում՝ շաբաթական ընդամենը երկու օր, բայց մենք սկսում էինք առավոտյան եւ առանց դադարի մինչ մութն ընկնելը նկարում էինք: Հիմա նույնիսկ զարմանում եմ այդ էնտուզիազմի վրա, դրա շնորհիվ՝ կարճ ժամանակ անց, ինքներս էլ զարմացանք, թե ինչ ծավալի աշխատանք ենք արել, եւ թե որքան բազմազան թեմաներ, մասնագետներ ու տեսանյութեր ունենք: Հիմա ավելի հանգիստ ենք աշխատում՝ շեշտը դնելով բազմազանության վրա, տարբեր նախագծեր ենք անում, որոնք առաջիկայում կտեսնեք:

– Ասում են՝ եթե լավ մասնագետ է, ապա նրան կգտնես ԲունTV-ի ում, իսկ դժվար չէ՞ր սկզբնական շրջանում այդ մասնագետներին ներգրավել ծրագրի մեջ, երբ ԲունTV-ին դեռ կայացած չէր:

– Ամենակարեւոր հարցերից մեկն եք բարձրացնում, որովհետեւ միշտ, երբ խոսում եմ մեր բանախոսների մասին, ասում եմ, որ հատկապես շնորհակալ եմ այն բանախոսներին, որոնք առանց մեզ ճանաչելու, առանց իմանալու, թե ինչ հարթակ է, որտեղ միգուցե աղավաղեին իրենց խոսքը, հավատացին մեզ, հասկանալով, որ մեր եւ իրենց նպատակը ի վերջո նույնն է՝ հայախոս գիտական մտքի տարածումը, որովհետեւ մենք գիտենք՝ շատ տեսանյութեր կան այլ լեզուներով, բայց հայախոս գիտական միտքը շատ աղքատիկ էր համացանցի տիրույթում: Մեր առաջին բանախոսների հետ շատ երկար զրուցում էինք մինչեւ նկարահանման փուլը, նրանց բացատրում էինք, թե որն է մեր ուզածը եւ թե ինչքան անհրաժեշտ բան է: Առաջին մասնագետները գոհ մնացին մեր համագործակցության արդյունքից եւ գնալով ավելի հեշտ դարձավ մեզ համար ԲունTV-ի մասնագետ բերելը: Տվյալ մասնագետը, որին բերում էինք, արդեն տեսել էր իր գործընկերներին մեզ մոտ ու հասկանում էր, որ սա մի առաջարկ է, որը երեւի թե չարժե մերժել, բայց սկզբնական էտապում, իրոք, շատ բարդ էր մարդկանց վստահությունը շահել:

– Հայաստանում գիտական կյանքը առանձնապես աշխույժ չէ, մասնագետներ եւ նոր թեմաներ գտնելու դժվարություն ունեցե՞լ եք:

– Այն մարդիկ, որոնք գալիս են մեզ մոտ նկարահանվելու, հետո դառնում են մեր ընկերները ու նաեւ տվյալ ոլորտի մեր խորհրդատուները եւ երբ անհրաժեշտ է լինում, անպայման դիմում եմ իրենց եւ նրանք երաշխավորում են այլ մասնագետների: Իրենցից տեղեկանում ենք, թե տվյալ ոլորտում այսօր ի՞նչ է կատարվում, ի՞նչ ակտուալ հարցեր կան, որովհետեւ մեր թեմատիկ ընդգրկվածությունը բազմազան է եւ հնարավոր չէ՝ ինքդ այդ ամեն ինչից գլուխ հանես: Գիտական դաշտը ինչքան էլ երեւա, թե քնած է, իրականում այդ ներքին, անտեսանելի կապերը կան մարդկանց միջեւ, բոլորը բոլորին գիտեն, երեւի դրան նպաստում է նաեւ փոքր երկիր լինելու հանգամանքը ու գիտեն նաեւ, թե հիմա ով կոնկրետ ինչով է զբաղվում եւ ինչը կհետաքրքրի մարդկանց: Այդպես կարողանում ենք ճիշտ ժամանակին գտնել մատուցելիք թեմաները: Սկզբում մեր արտադրանքը «Բուն ֆորմատ» հաղորդումն էր, երբ մասնագետը տասնհինգ րոպեում որեւէ թեմա էր ներկայացնում, բայց հասկացանք, որ լինում են շատ հետաքրքիր թեմաներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ տասնհինգ րոպեների մեջ ու անցանք շարքերի, այսինքն՝ մարդիկ, որպեսզի գան մեզ մոտ շարքեր անելու, նախապես շատ երկար աշխատանք ենք տանում իրենց հետ ու մեզ շատ օգնում են իրենց գտնել մեզ հետ նախկինում աշխատած մասնագետները, այդ ցանցն է աշխատում:

– ԲունTV-ի տեսանյութերը դժվարամարս են եւ լայն լսարանի համար, կարելի է ասել՝ անհետաքրքիր, արդյո՞ք դա է պատճառներից մեկը, որ սկսել եք ավելի ժամանցային տեսանյութեր տեղադրել, օրինակ՝ ռոք խմբի համերգը:

– Մենք հասկանում ենք, որ մեր տեսանյութերը իրականում դժվարամարս են, բայց դրա հետ մեկտեղ հասկանում ենք նաեւ, որ ինչ-որ ձեւեր պետք է մշակվեն, որպեսզի երիտասարդության հետ կապը հնարավորինս ամուր լինի, որովհետեւ եթե ինչ-որ փոփոխություններ կարելի է ակնկալել, ապա այդ խավից պիտի ակնկալենք: Ես չէի ասի, թե դրանք ժամանցային բնույթ ունեն, մենք ոչ թե ուզում ենք զբաղեցնել, այլ ուզում ենք հասկանալ այդ շերտը, ինչպե՞ս է անցնում իրենց առօրյան, ինչի՞ն են իրենք ժամանակ տրամադրում, ի՞նչն է իրենց համար կարեւոր թեկուզ եւ մենք այդ կարծիքին չենք, բայց մարդիկ դրա վրա ռեալ ժամանակ ու ջանքեր են գործադրում, ինչը հուշում է, որ դա այդ մարդկանց համար իրոք կարեւոր է: Դրա համար մենք որոշեցինք ուսումնասիրել քաղաքի գիշերային կյանքը եւ տեսնել՝ ինչ է իրենից նրկայացնում, անվանեցինք «Ընդհատակ», որովհետեւ բառը բացատրում է, թե ինչ է երեւույթն իրենից ներկայացնում ու տեսանք, որ շատ պայծառ երիտասարդություն ունենք: Դրանով չսահմանափակվեցինք ու հայտարարեցինք վավերագրական ֆիլմերի մրցույթ, որի պահանջները շատ հեշտ են բավարարել, այսինքն՝ ցանկացած երիտասարդ, որը ունի քննական հայացք իրականությանը եւ մի փոքր երեւակայություն, կարող էր մասնակցել: Շատ հայտեր ստացանք տարբեր մարզերից եւ հասկացանք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ սա այն խավն է, որ ոչ մի կերպ չպետք է անտեսվի: Սա մի տեսակ է, որը ճնշված է շրջապատող երիտասարդների կողմից, իրենք այն ստանդարտի մեջ մտածող մարդկանցից չեն եւ շատ դժվարությամբ են ընդունվում մեծամասնության կողմից, հիմա մենք փորձում ենք այդ տեսակը հնարավորինս հայտնի դարձնել: Մենք հասկացանք, որ երիտասարդությունը լավ կլինի նմանվի այս տեսակին, ոչ թե այդ խեղդված փողկապով ուսխորհուրդականներին, որոնք կարծես արդեն պաշտոնյաներ լինեն: Ես դա չեմ անվանի ժամանցային, դա ուսումնասիրող ինչ-որ մի բան է եւ այդ խավին ինքնառեալիզացվելու, ձայնի ու տեսանելի դառնալու հնարավորություն է տալիս:

– ԲունTV-ի նպատակներից մեկը, կարելի է ասել՝ մտածող քաղաքացի դաստիարակելն է. ստացված արձագանքներից դատելով՝ որքա՞ն է այս ընթացքում դա ձեզ հաջողվել:

– Դա մեր հիմնական նպատակներից մեկն էր, որի իրականացման համար հատուկ շարքեր ունեինք, կոչվում էին «սոցիում միտք» եւ «սոցիում գործ»: «Սոցիում միտք» բաժնում քաղաքացիական հասարակություն կոչվածի տեսական մասն էր, իսկ «սոցիում գործ» բաժնում տեսանելի դարձրինք բոլոր այն երիտասարդներին, որոնք կարեւոր են համարում եւ ժամանակ են գտնում իրենց օրվա մեջ ինչ-որ ժամեր տրամադրելու իրենց կյանքն ավելի լավը դարձնելու համար, իրենց կյանքը իրենց պատկերացումներին ավելի մոտ դարձնելու համար եւ պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Նրանք հասարակության մեջ գործողության պատրաստ շերտն են, իսկ ինչպե՞ս է լինում, որ մարդը պատրաստ է լինում գործողության, մինչեւ այդ պահը նա մտքով բավականին երկար ճանապարհ է անցնում, արժեհամակարգն այնքան ամուր է լինում, որ հասկանում է, կան բաներ, որոնց համար պատրաստ է պայքարել: Ցույցերին մասնակցող երիտասարդները պատահական մարդիկ չեն, նրանք հասկանում են, որ խոսակցության փուլն ավարտվում է եւ սկսվում է գործողությունների փուլը: Մենք շարք ենք արել Սեբաստացի կրթահամալիրի պատմության ուսուցչի հետ՝ «Վերընթերցելով պատմության դասագիրքը», որին հետեւելով հասկանում ես, որ դասագրքերում տրված ամբողջ նյութը պետք չէ հարթ, սահուն վերցնել ու հավատալ, որ դու կարող ես շատ բաներ հարցականի տակ դնել: Այդ հարցականի տակ դնելը, կասկածը, միշտ կարմիր թելով անցել է ԲունTV-ի արած բոլոր նախագծերում:

 

Զրուցեց ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930