Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է հետաքրքիր տեխնիկական նորամուծություններ մտցնել թանգարան, բայց նաեւ չպետք է չափն անցնել»

Նոյեմբեր 18,2017 13:30

Կարծում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ տրամադրեց թանգարանի միջին տարեկան այցելությունների ընդհանուր թիվը, որը կազմում է 20000-25000:

«Տարեցտարի այցելուների թիվն ավելանում է, բայց բնական է, որ այս ցուցանիշը մեզ այդքան էլ չի գոհացնում, աշխատում ենք այն ավելացնելու ուղղությամբ»,- նշեց տիկին Գրիգորյանը: Աշխարհահռչակ կոմպոզիտորը սիրված եւ գնահատված է օտարերկրացիների կողմից եւս: Արմինե Գրիգորյանը փաստեց, որ այցելուների զգալի մասը կազմում են հենց օտարերկրացիները:

Հարցին` Արամ Խաչատրյանի անձնական իրերը, որոնք վերջերս են բերվել արտերկրից, այցելուների շրջանում աշխուժություն առաջացրե՞լ են, Արմինե Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ավելի մեծ արձագանքի էինք սպասում: Բայց դեռ հույսս չեմ կորցրել: Կարծում եմ՝ շուտով կունենանք այցելուներ, որոնք կհետաքրքրվեն այդ նոր ցուցանմուշներով: Դրանք ունեն շատ հետաքրքիր պատմություն, այսինքն՝ միայն կահույքի մասին չէ խոսքը»:

Թանգարանի տնօրենը զգուշությամբ է մոտենում թանգարանը տեխնիկապես վերազինելու հարցին: Իր կարծիքով՝ հատկապես տուն-թանգարանը պետք է պահի այն յուրօրինակ միջավայրը, մթնոլորտը, որը կենդանություն է հաղորդում. «Իհարկե, հարկավոր է հետաքրքիր տեխնիկական նորամուծություններ մտցնել թանգարան, բայց նաեւ չպետք է չափն անցնել»:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այս տարի նորամուծություն է աուդիոգիդը, որը տասը լեզվով ներկայացնում է 25 ցուցանմուշի պատմություն: Սա մշակույթի նախարարության ծրագիրն է:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հաճախ են կազմակերպվում համերգներ, եւ մեր հարցին, թե հաջորդ համերգը երբ տեղի կունենա, Արմինե Գրիգորյանը պատասխանեց. «Դեկտեմբերին կունենանք համերգներ, որոնք հաստատ կգրավեն մեր այցելուների ուշադրությունը: Դրանցից մեկն արդեն ավանդույթ դարձած նախագիծն է, որը կոչվում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները՝ Խաչատրյանի տանը»:

Հաջորդ տարի կկազմակերպվի միջազգային գիտաժողով, որը թվով երկրորդը կլինի: Առաջին փորձը եղել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

«Հաճախ հրավերներ ենք ստանում տարբեր երկրներից՝ մասնակցելու թանգարանային սեմինարների, կոնֆերանսների. հնարավորինս փորձում ենք մասնակցել: Ֆինանսական աջակցության դեպքում, կարծում եմ, ավելի ակտիվ կլինենք»,-զրույցի ավարտին ասաց տնօրենը:

 

ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930