Ինչպես անդրադարձել ենք, Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի հարակից տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (շինարարների ու բնակիչների պնդմամբ՝ կառուցապատողը տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն է, քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանմամբ էլ՝ գյումրեցի Կարապետ Սիմոնյանն է) խանութ է կառուցում։ Այդ տարածքը, ըստ Շիրակի մարզպետարանի՝ Aravot.am-ին ուղարկած տեղեկության, գտնվում է կանաչ գոտում (տես փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի գրությունը)։ Իսկ սա նշանակում է, որ այնտեղ հասարակական նշանակություն ունեցող օբյեկտ կառուցելու իրավունք ոչ մեկին տրված չէ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետին ու նրա շրջապատի մարդկանց։
Մենք ևս ուսումնասիրել ենք «Մուշ 2» թաղամասի կառուցապատման սխեմայի այդ դրվագը՝ սեփական աչքերով տեսնելով ու համոզվելով, որ այն կանաչ տարածք է։
Երեկ ստացել ենք նաև Գյումրու քաղաքապետարանի՝ Aravot.am-ի գրավոր հարցման պատասխանն այս թեմայով։ Քաղաքապետարանից պնդում են, որ «Մուշ-2» թաղամասի կառուցապատման սխեման և նրա փոփոխությունները օրենքով սահմանված կարգով համաձայնեցված են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինական պետական կոմիտեի հետ: Ավելին, այդ նույն թաղամասի N 56 շենքի հարևանությամբ հասարակական օբյեկտի կառուցումը նույնպես համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինական պետական կոմիտեի հետ: (տես փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գրությունը ուղարկված «Առավոտ»-ին, որին կցված է նաև դրվագ «Մուշ 2» թաղամասի հատակագծային ուրվանկարից)։
Մենք ստիպված նոր հարցում ենք կատարել՝ Գյումրու քաղաքապետից պահանջելով այն փաստաթղթերի պատճենները, համաձայն որոնց քաղաքաշինական պետական կոմիտեն տվել է համաձայնություն այդ տարածքում շինարարությունը շարունակելու։ Այս թեմայով հարցում ենք կատարել նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին։
Բանն այն է, որ մեր ձեռքի տակ երկու կառույցների հակասական պատասխաններն են․ Շիրակի մարզպետարանից մեզ ուղարկել են նաև Շիրակի ոստիկանապետ Ա․Կարապետյանին հղված գրությունը, որտեղ հստակ պարզաբանվում է, որ կառավարության որոշմամբ՝ «Մուշ 2» թաղամասը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածք է, ու այնտեղ հողահատկացում կատարելուց առաջ համայնքապետը պարտավորվում է իր առաջարկությունը, օբյեկտների էսքիզային նախագծերը նախ ներկայացնել մարզպետին։ Մարզպետի համապատասխան եզրակացությամբ է միայն ուղարկվում քաղաքաշինական կոմիտեի համաձայնեցմանը, որը և այս պարագայում չի արվել։
Շիրակի մարզպետարանից մեզ պաշտոնապես տեղեկացրել են, որ «Մուշ 2» թաղամասի թիվ 56 շենքի հարևանությամբ գտնվող տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համաձայնեցումների գործընթացը Շիրակի մարզպետարանի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական կոմիտեի հետ չի իրականացվել (տես փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի գրությունը)։
Գյումրու քաղաքապետարանի գրավոր պատասխանից ստացվում է, որ Գյումրու քաղաքապետն, անտեսելով կառավարության որոշման պահանջները, հարցերը միանգամից քաղաքաշինական կոմիտեի հետ է լուծում։
Մենք այս թեմային թերևս հենց այսօր չէինք անդրադառնա, եթե չստանայինք «Մուշ 2» թաղամասի բնակիչներից ահազանգ այն մասին, որ կառուցապատողը երեկ նոր շինանյութ է լցրել տվյալ տարածք՝ շինարարությունը շարունակելու համար, որին և հրավիրում ենք Շիրակի դատախազի ուշադրությունը (տես լուսանկարներում)։
Հիշեցնենք, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիլյանի պահանջով շինարարությունը մոտ 1,5 ամիս է՝ դադարեցված է։ Դատախազը, նշելով, որ կառույցն ինքնակամ է, Գյումրու քաղաքապետից պահանջել էր միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության, միաժամանակ նշված շինարարությունը կասեցնել և քանդել։
Գյումրու քաղաքապետարանի կողմից կառուցապատողը վարչական պատասխանատվության ենթարկվել է, սակայն շրջանցելով դատախազի պահանջը, «Հողային օրենսգրքի» պահանջներն ու կառավարության որոշումները՝ Գյումրու քաղաքային իշխանությունները թույլ են տալիս ամեն կերպ արագ ավարտին հասցնել խանութաշինությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ