Այսօր` նոյեմբերի 17-ին, Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցի մեկնարկել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով երեքօրյա սեմինարը:
Սեմինարը կազմակերպվում է Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների և Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի հետ համատեղ:
Բացման խոսքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնավորապես ասաց, որ վստահ է` սեմինարը կխորացնի մասնակիցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև սեմինարի անցկացման համար կարևորեց արտասահմանյան փորձագետների մասնակցությունը:
«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի տնօրեն Գոհար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա հիմնադրամի կողմից կազմակերպված երրորդ սեմինարն է. ‹‹Նախորդ սեմինարները վերաբերել են տնտեսական և մշակութային ոլորտներին: Կազմակերպելու գաղափարը առաջացել է ապրիլյան սրացումներից հետո, հաշվի առնելով նաև, որ այսօր պատերազմները նաև տեղեկատվական դաշտ են տեղափոխվել: Սեմինարի ընթացքում հանդես են գալու փորձագետներ Ռուսաստանից և Ֆրանսիայից են, ինչպես նաև մասնագետներ պաշտպանության նախարարությունից››,- ասաց Գ. Հայրապետյանը:
Սեմինարը կշարունակվի ևս երկու օր: Ծրագրում նախատեսված է նաև այցելություն ՊԲ զորամասերից մեկը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ