Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ՊԵԿ-ը չի խոսում, որ խոշոր ներմուծողներ գնացել են Ղազախստանի մաքսակետերում են իրենց ապրանքը մաքսազերծում ու բերում ՀՀ»

Նոյեմբեր 17,2017 21:54

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հ/կ-ի նախկին փոխնախագահ, «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանն անդրադառնալով ՊԵԿ-«Առինջ մոլ» «հակամարտությանը», գտնում է, որ «Առինջ մոլի» աշխատակիցներից կազմված «Համերաշխություն» հ/կ-ի հրապարակած որոշ հիմնավորումներ խելամիտ են:

Հիշեցնենք, որ «Առինջ մոլի» առեւտրականները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի մոտ եւ պահանջում դադարեցնել հարկային ստուգումները: Իսկ դրան զուգահեռ «Ծառուկյան խմբակցության» պատգամավորները ԱԺ-ում հայտարարում էին, որ «Առինջ մոլում» (այն պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին) հարկային ստուգումներն ուղղակի «տեռոր են» եւ եթե ՊԵԿ-ն ուզում է ստվեր գտնել, ապա թող օլիգարխների՝ Մոնումենտի դղյակներում փնտրի:

Այս մեղադրանքներից հետո ՊԵԿ-ը հրապարակեց «Առինջ մոլի», «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառների հարկային տվյալները: Ըստ այդ հայտարարության, ՊԵԿ-ը կասկածի տակ է առնում, որ «Առինջ մոլն» ունենալով շատ աշխատող, քիչ հարկ է վճարում, ՊԵԿ-ը կասկածի տակ է առնում, որ 748 տնտեսվարող ունեցող «Առինջ մոլ» տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, փաստելով՝ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում:

ՊԵԿ-ի այս հայտարարությանը հակադարձել է «Համերաշխություն» հ/կ-ն, վստահեցնելով, որ ՊԵԿ-ի հրապարակած թվերը իրականությանը չեն համապատասխանում: Հ/կ-ն նաեւ նշել է. « Հարկ ենք համարում փաստել, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ` 338 գումարած 748 աշխատող, որովհետև 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, և հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը։ 2.Երկրորդ կարեւոր փաստը, որը ՊԵԿ-ը շրջանցում է, այն է, որ «Առինջ մոլը» գործում է ամսական 12 օր, իսկ հայտարարության մեջ նշված մնացյալ տոնավաճառները աշխատում են ամսվա բոլոր օրերին»: Բացի այս, նաեւ նշել են, որ այս տոնավաճառն, ի տարբերություն մյուս երկուսի, մայրաքաղաքից դուրս են գտնվում, իսկ իրենց վաճառվող ապրանքն էժանագին է:

Սամսոն Գրիգորյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ-ի բերած օրինակը՝ աշխատակիցների թվերի մասին, ծիծաղելի է. «Որովհետեւ Ա/Ձ-ներում աշխատում են հենց սեփականատերերը, ում անունով գրանցված է: Շատ քչերը կարող են իրենց թույլ տալ աշխատողներ պահել: Իմ իմացած խանութներում աշխատում են Ա/Ձ-ների տերերը: Իսկ «Առինջ մոլում» չեմ կարծում, որ շատ աշխատողներ լինեն: Այնտեղ ամենամեծ տաղավարը 20 քմ է, դրա մեջ մեկ աշխատողն էլ շատ է»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի նշած այս տոնավաճառի ցույց տված շրջանառությանը, Գրիգորյանն ասաց, որ չի կարող միանշանակ պնդել, թե ճիշտ են, կամ սխալ. «Բայց չեմ կարծում, որ չինական էժանագին հագուստ վաճառողները շատ մեծ շրջանառություն կունենան: Ես գիտեմ, որ Հրազդանի տոնավաճառի գիշերային աշխատողներն են գնացել «Առինջ մոլ», իսկ այնտեղ ամենաէժան ապրանքն էին վաճառում:

Ինչ վերաբերում է տեղանքին, ապա պետք է ասեմ, որ այնտեղ ոչ ոք չի գնա մեկ զույգ գուլպա կամ մեկ հագուստ գնելու, դրա համար ոչ ոք չէր հասնի «Առինջ մոլ»: Իսկ «Փեթակն» ու «Սուրմալուն» քաղաքի կենտրոնում են ու հնարավորություններն ավելի մեծ են»:

Սամսոն Գրիգորյանը զարմանում է, թե ինչո՞ւ ՊԵԿ-ը նույն խանդավառությամբ չի ներկայացնում հենց իր բացած «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի՝ սուպեր-կարգոյի գրանցման մասին, որն, ըստ մամուլի, օֆշորային գոտում գրանցված «Norfolk Projekt LP» կազմակերպությանն է. «Ու զանգվածաբար բոլորին ուղարկում է այդ սուպեր կարգո: Այս ընկերությունը պետական մարմիների հետ շատ լուրջ գործունեություն է վերցրել իր վրա, կարելի է ասել, նույնիսկ, ռազմավարական լրջության հասնող: Նկատի ունեմ, որ մաքսազերծման առյուծի բաժինը այս ընկերության ձեռքում է: Իսկ երկրի տնտեսությունը շատ է կախված մաքսազերծումից: Ինչո՞ւ նույն խանդավառությամբ ՊԵԿ-ը չի ներկայացնում խոշոր հայտնի օլիգարխների հիմնարկների աշխատակիցների քանակը: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ վերջերս բացված «Ալեքս տեքստիլի» սեփականատերը (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան Ն. Բ.) նախագահին ասաց 500 աշխատակից ունի, իսկ իրականում կրկնակի քիչ են գրանցված»:

Բացի այս, Գրիգորյանը նաեւ ՊԵԿ-ին հորդորում է հրապարակել մեկ այլ ցուցանիշ էլ՝ «Ինչո՞ւ ՊԵԿ-ը չի ուզում ասել, թե ինչ փոխվեց այս 5% եւ 1,5% շրջանառության հարկի փոփոխությունից: Մեռանք ասելով, որ հրապարակեն, թե բիզնեսի քանի՞ տոկոսն է անցել 1.5% շրջհարկի, քանի՞սն է մնացել նույն շեմին: Այս ցուցանիշը ցույց կտար, թե ինչ է իրականում կատարվում մաքսային մեր դարպասներում: Սրանք կարեւոր թվեր են: Ինչո՞ւ ՊԵԿ-ը նույն խանդավառությամբ չի ներկայացնում, որ մերոնք շատ մաքսազերծումներ Ղազախստանում են անում, ապա ԵԱՏՄ շրջանակներում ներկրում են Հայաստան: Բավականին խոշոր ներմուծողներ, նույնիսկ կարգոներ գնացել են Ղազախստանի մաքսակետերում են մաքսազերծում, հետո ԵԱՏՄ շրջանակներում առանց մաքսազերծման բերում ՀՀ: Բայց ինչո՞ւ, այստեղ շատ կասկածելի բաներ կան»:

Գրիգորյանը չի բացառում, որ մանր բիզնեսում ստվեր կա. «Բայց մանրի ստվերն, այսպես ասած՝ «խոշորի աչքի գերանը չտեսնելով, մանրի փո՞ւշն են տեսնում»»:

Սամսոն Գրիգորյանի խոսքերով՝ ՊԵԿ-ը պետք է խոսի այն մասին, թե ինչո՞ւ չի ուզում հրաժարվել հսկիչ գներից, որոնք ահռելի տարբեր են ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի գներից, իսկ սրա պատճառով մանր բիզնեսը խուսափում է ամբողջովին ստվերից դուրս գալ. «Որովհետեւ մանր բիզնեսը այդ դեպքում շատ մեծ խնդիրներ կունենա: Ինչո՞ւ ՊԵԿ-ը չի խոսում,որ շրջանառության շեմը 110 միլիոն դրամից իջեցրեցին 58 միլիոն դրամի: Այսինքն՝ ՊԵԿ-ը շարժվում է՝ եկեք մանրի աչքը վախեցած պահենք, որ մանրը հանկարծ չփորձի պարզ ու մաքուր աշխատել սկզբունքով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930