Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Կանադա։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։
Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի Սեն-Ժան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։
Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կանադացի գործընկերներին է ներկայացրել ռազմամարզական ուղղվածությամբ հայաստանյան ավագ դպրոցի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փորձը։ Երկու կրթօջախների ուղղվածության և սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով, կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։
Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։
ՀՀ Պաշտպանության նախարարություն