Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուներն այս տարի ավելի շատ հարկ են վճարել

Նոյեմբեր 17,2017 19:55

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկն ու նրանց՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ հարկային եւ մաքսային վճարները: Որոշ ընկերություններ այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ հարկ են վճարել ու նույնիսկ նախորդ տարվա համեմատ ցանկում ավելի բարձր տեղ զբաղեցրել:

Այս եւ անցյալ տարվա ցանկերը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»: Այս ընկերությունն այս տարվա 9 ամիսներին վճարել է 32 միլիարդ 254 միլիոն 286 հազար դրամ, իսկ անցյալ տարվա 9 ամիսներին՝ 29 միլիարդ 830 միլիոն 848 հազար դրամ:

Այս ընկերությանը պատկանող «Տրանսգազն» էլ խոշոր հարկատուների ցանկում այս տարի 18-րդ տեղում է, վճարել է 4 միլիարդ 387 միլիոն 236 հազար դրամ: Այս ընկերությունն անցյալ տարի դարձյալ 18-րդ տեղում էր, վճարելով 3 միլիարդ 866 միլիոն 624 հազար դրամ:

2-րդ տեղում այս տարի «Գրանդ Տոբակո»-ն է, որն այս տարվա 9 ամիսներին վճարել է 22 միլիարդ 183 միլիոն 658 հազար դրամ: Այս ընկերությունն անցյալ տարի էլ նույն ժամանակահատվածում 2-րդ հորիզոնականում էր, սակայն ավելի քիչ հարկեր էր վճարել՝ 16 միլիարդ 545 միլիոն 34 հազար դրամ:

Հայաստանի էլեկտրական ցանցերն այս տարի 3-րդ հորիզոնականում է, 9 ամիսներին վճարել է 18 միլիարդ 840 միլիոն 250 հազար դրամ: ՀԷՑ-ն անցյալ տարի նույն ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների ցանկում 4-րդ տեղում էր, վճարելով՝ 14 միլիարդ 50 միլիոն 835 հազար դրամ:

«Ալեքս Հոլդինգն» այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին 4-րդ տեղում է. վճարել է 16 միլիարդ 165 միլիոն 233 հազար դրամ, իսկ անցյալ տարի վճարել է 11 միլիարդ 103 միլիոն 233 հազար դրամ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» այս տարվա նշված ամիսների հարկային եւ մաքսային վճարները կազմել են 13 միլիարդ 140 միլիոն 381 հազար դրամ, ցանկում զբաղեցնելով 5-րդ տեղը: Իսկ անցյալ տարի այս ընկերությունը 17-րդ տեղում էր, վճարել է ընդամենը 5 միլիարդ 185 միլիոն 637 հազար դրամ:

Այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկում 6-րդ տեղում հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, վճարել է 10 միլիարդ 223 միլիոն 265 հազար դրամ: Անցյալ տարվա 9 ամիսներին այս նույն ընկերությունը զբաղեցրել է 13-րդ տեղը, վճարելով 7 միլիարդ 486 միլիոն 546 հազար դրամ:

Այս տարի՝ վառելիքի բիզնեսով զբաղվող «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը 7-րդ տեղում է, վճարել է 9 միլիարդ 289 միլիոն 51 հազար դրամ: Այս ընկերությունն անցյալ տարվա համեմատ մի փոքր ավելի հարկեր է վճարել՝ 9 միլիարդ 910 միլիոն 486 հազար դրամ:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հազար խոշոր հարկատուներից 8-րորդը կրկին հանքարդյունաբերությամբ զբաղվող «Թեղուտ» ընկերությունն է, վճարել է 9 միլիարդ 137 միլիոն 898 հազար դրամ:

Սրան հաջորդում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», որը վճարել է 7 միլիարդ 930 միլիոն 129 հազար դրամ, իսկ անցյալ տարի 14-րդ տեղում էր, վճարելով 7 միլիարդ 217 միլիոն 661 հազար դրամ:

«Ֆլեշ» ընկերությունն այս տարի զբաղեցրել է 10-րդ տեղը, վճարել է 7 միլիարդ 924 միլիոն 528 հազար դրամ, իսկ անցյալ տարի ավելի շատ հարկ է վճարել 9 միլիարդ 213 միլիոն 340 հազար դրամ:

Նշենք, որ «ՄՏՍ Հայաստանը»՝ Վիվասելն այս տարվա 9 ամիսներին վճարել է 7 միլիարդ 502 միլիոն 201 հազար դրամ, իսկ անցյալ տարի, ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի, Ղ-Տելեկոմը վճարել է 10 միլիարդ 743 միլիոն 357 հազար դրամ: Բջջային մյուս օպերատորը՝ «Յուքոմն» այս տարվա 9 ամիսներին վճարել է 4 միլիարդ 677 միլիոն 65 հազար դրամ:

«Արմենիա տելոֆոն կոմպանին»՝ Բիլայնն այս տարի վճարել է 6 միլիարդ 805 միլիոն 862 հազար դրամ: Անցյալ տարի նույն 9 ամիսներին այս ընկերությունը վճարել է 9 միլիարդ 125 միլիոն 25 հազար դրամ:

Հայկական ատոմային էլեկտրակայանն այս տարվա 9 ամիսներին վճարել է 5 միլիարդ 992 միլիոն 490 հազար դրամ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 8 միլիարդ 445 միլիոն 341 հազար դրամ:

Հանքարդյունաբերական ընկերություններից «Կապանի լեռնահարստացման կոմբինատն» այս տարվա 9 ամիսներին վճարել է 4 միլիարդ 656 միլիոն 568 հազար դրամ, իսկ, «Լիդիան Արմենիան»՝ 4 միլիարդ 16 միլիոն դրամ: Նշենք, որ «Լիդիան Արմենիան» անցյալ տարի վճարել էր ընդամենը 321 միլիոն 233 հազար դրամ: Իսկ «Կապանի լեռնահարստացման կոմբինատն» անցյալ տարվա 9 ամիսներին վճարել է 1 միլիարդ 783 միլիոն 162 հազար դրամ:

Կարելի է ենթադրել, որ այս խոշոր ընկերությունների՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի շատ հարկային վճարները նաեւ ստվերի կրճատման արդյունք է: Ավելի շատ հարկային մուտքերն, իհարկե, տնտեսական որոշակի ակտիվության հետեւանք են:

Հիշեցնենք, որ ՊԵԿ ղեկավարն այս տարի ասել է, մեր երկրի տնտեսությունում ստվերը գնահատվում է ամսական 2.8 միլիարդ դրամ, իսկ նախկինում այս ցուցանիշն ավելի բարձր էր: ՊԵԿ նախագահն ասել է՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե 2.2 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է մուտք եղել: Սա, ըստ Հարությունյանի, ոչ միայն ստվերի դեմ պայքարի արդյունք է, նաեւ մաքսային եւ հարկային վարչարարության:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930