Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ

Նոյեմբեր 17,2017 19:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ նոյեմբերի 15-ին Հասրաթյան 12 հասցեում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։  Մեկ անձ ձերբակալվել է:

2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեում գտնվող շինությունից ենթադրյալ գողություն կատարելու վերաբերյալ։ Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ գտնվել են Յուրա և Մանվել Ղարիբյանները՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Ըստ նախնական տվյալների՝ եղբայրներից մեկը  նշված հասցեում ապամոնտաժել է մետաղյա կոնստրուկցիաները՝ դրանք համարելով իրենը, ինչի համար մյուսը՝ նրան մեղադրել է գողություն կատարելու մեջ։

Եղբայրների միջև առաջացել է վիճաբանություն, ինչին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ հետախուզության գծով օպերլիազոր Կ.Բալայանի հայտարարության, իրեն հարվածել են։ Նույն օրը «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Վ.Ղարիբյանը, ով  նշել է, որ վնասվածքն ստացել է նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նոյեմբերի 16-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և վարույթ ընդունվել։ Օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել մի շարք անձինք, զննության ենթարկվել դեպքի վայրում կատարված նկարահանումը։  Տեսագրության մեջ տեսանելի է, թե ինչպես են մի խումբ անձինք քաշքշում միմյանց, ինչի ժամանակ նրանց է մոտենում համազգեստով մեկ այլ անձ։  Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն հարվածել է տվյալ համազգեստով անձը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, և նոյեմբերի 16-ին ձերբակալվել՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Օրաթերթերից մեկը, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր ընթերցողների նկատմամբ, նշված միջադեպի վերաբերյալ տարածել է ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նշելով, թե, իբր, քրեական գործով կալանավորվել, ապա ազատ են արձակվել տարբեր անձինք՝ նշելով անուններ։ Ընդգծում ենք՝ քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել նոյեմբերի 16-ին, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, կալանավորված և ազատ արձակված անձինք չկան։ Լրատվամիջոցի կողմից փաստերի խեղաթյուրմամբ փորձ է արվել քրեական գործով ենթադրյալ միջամտության պատրանք ստեղծել, ինչն ակնհայտ զրպարտություն է և լրատվամիջոցի կողմից մասնագիտական գործունեությունը տարաբնույթ նպատակներով օգտագործելուն միտված գործողության դրսևորում։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, նշված միջադեպի ժամանակ արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, իսկ ընտանեկան հարցերը յուրաքանչյուր ոք լուծում է իր ողջախոհության շրջանակներում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, նկատի ունենալով միջադեպի ժամանակ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը վիճարկող՝ քրեական գործում առկա տվյալները, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930