«Հայաստանը միացել է Հետազոտության Եվրոպական շաբաթին եւ դա մարդկանց հնարավորություն է տալիս անվճար անանուն եւ արագ հետազոտվել ՄԻԱՎ-ի Հեպատիտ B-ի Հեպատիտ C-ի նկատմամբ, հետազոտության շաբաթը այս օրերին անցկացվում է ողջ աշխարհում,այն տեւելու է մեկ ամբողջ շաբաթ եւ մենք լինելու ենք Հայաստանի տարբեր քաղաքներում, կատարելու ենք անվճար ստուգումներ, ինչպես նաեւ խորհրդատվություն»,-ասաց` «Դրական ցանց հայկական կազմակերպության» նախագահ Անահիտ Հարությունյանը:
Այսօր Հյուսիսային պողոտայում մի շարք քաղաքացիներ արագ, անանուն ու անվճար թեսթավորում անցան ՄԻԱՎ-ի Հեպատիտ B-ի Հեպատիտ C-ի նկատմամբ: Մասնագետները բացատրեցին, թե որ դեպքերում է վիրուսը փոխանցվում:
Նաեւ ասացին, որ հնարավոր է ՄԻԱՎ-ի տարածումը կանխել, եթե բուժման համընդհանուր հասանելիության ապահովվի, վաղ հայտնաբերվի եւ դեղերը ընդունման պարտաճանաչ ընդունեն:
ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը այս տարի մեկնարկեց նոյեմբերի 17-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 24-ը:
Կազմակերպիչների խոսքով, ՄԻԱՎ-ը, Հեպատիտ B-ն եւ C –ն սոցիալական նշանակություն ունեցող հիվանդություններ են եւ շատ կարեւոր է, որ մարդիկ ժամանակին հետազոտվեն եւ ժամանակին բուժում սկսեն: Ըստ նրանց, ուրախալի է հատկապես այն փաստը, որ երիտասարդությունը եւս գալիս է եւ ստուգվում, չկա ավելորդ կաշկանդվածություն, տարիքային սահմանափակման մասին էլ հավելեց, որ ստուգվել կարող են 18-60 տարիքային խմբի քաղաքացիները:
ՄԻԱՎ/Հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթի շրջանակներում կհետազոտվեն նաեւ Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչները: Վաղը` նոյեմբերի 18-ին լինելու են Վանաձորում, 19-ին` Արմավիրում, 20-ին` Մարտունիում, 21-ին` Գավառում, 22-ին` Սեւանում, 23-ին` Գյումրիում, 24-ին կրկին Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում, եւ դեկտեմբերի 1-ն նորից Հյուսիսային պողոտայում:
Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ