Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր կրկին Գյումրիում էր։ Նա մի քանի նախարարների, տարբեր մարզերի մարզպետների, դեսպանների հետ մասնակցեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին, որն, ի դեպ, առաջին անգամ կազմակերպվում է Գյումրիում։
Վարչապետը համաժողովում ելույթ ունեցավ, որից հետո Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շտապեց շրջել Գյումրու պատմական կենտրոնով։
Վարչապետը, ինչպես միշտ, դանդաղ քայլում էր՝ կանգնելով իրեն գրավող ամեն մի կառույցի դիմաց ու հետաքրքրվում պատմությամբ ու հետագա ճակատագրով։ Գրեթե ոչ մի պատմական շենք Կարեն Կարապետյանի աչքից չէր վրիպում, նա երբեմն չէր կարողանում զսպել իր հիացմունքը։ «Ախր շատ լավն է»,-բացականչում էր վարչապետը։ Երբեմն էլ մտնում էր ներս, ուսումնասիրում, կամ կողքով անցնելով՝ փորձում էր հիշել, թե դա ի՞նչ կառույց է։ Նրան օգնության էր հասնում քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Դա հին Գյումրվա բաղնիքն է, անցած անգամ էլ մտանք»։
Կարեն Կարապետյանը քայլեց Շիրազի անվան փողոցով, որը ևս պիտի վերանորոգվի «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու իր ծրագրով. նախատեսված է կարմիր ասֆալտ անել այնտեղ, եղավ նաև իր ընտանիքին պատկանող կառույցում, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այնուհետ քայլեց այն հատվածով, որը ևս «Կումայրի» արգելոցի տարածքում է, սակայն ընդգրկված չէ իր ծրագրում։
Նա Գյումրու քաղաքապետարան ուղևորվեց «Սուրբ Աստվածածին Յոք վերք» եկեղեցու հետնամասով, որտեղ հյուրատուն է կառուցել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի խնամին։ Վարչապետը հետաքրքվեց, թե ի՞նչ կառույց է դա։
Նրա ուշադրությունը գրավեց Գյումրվա շապխեի (գլխարկ, որը կրել ու կրում են միայն գյումրեցի տղամարդիկ) վրա գրված «Գյումրեցի հյուրերի տունը»։
Վարչապետին ուղեկցեցին նաև ճռճռան շենք։ Կարեն Կարապետյանը, հիացած նայելով, ասաց․«Ծառը կտրեք, եթե շենքը այսքան գեղեցիկ է, ծառը պիտի կտրել, որ երևա, եթե տգեղ է, նոր պիտի թողնել»։
Կարեն Կարապետյանն այսօր շատ բարձր տրամադրություն ուներ, կատակում էր, կանգնում ու զրույցի էր բռնվում իրեն դիմող քաղաքացիների հետ։ Նա ոտքով քայլելով հասավ քաղաքապետարան, որտեղ և փակ խորհրդակցություն անցկացրեց։
Վարչապետի այցի մանրամասները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ