Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է դրված Արցախյան հիմնահարցի բանակցությունների սեղանին. «Կոմերսանտ»

Նոյեմբեր 17,2017 17:52

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացը դարձյալ նկատելիորեն ակտիվացել է: Հաջորդ շաբաթ իր հայ և ադրբեջանցի գործընկերներին կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Օրերս կարգավորման հեռանկարները Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի նախագահները: Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ: «Կոմերսանտը» փորձել է պարզել՝ կարգավորման ինչ առաջարկներ են դրված բանակցային սեղանին:

«Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմեկնի Բաքու, իսկ երեքշաբթի՝ Երևան՝ հանդիպելու իր գործընկերներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկկողմ հարցերից բացի՝ քննարկումների թեմա կդառնա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հետո երկու կողմերի՝ հայ և ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետների հետ խոհրդակցություններ կանցկացվեն Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում:

Վերջին շրջանում կարգավորման հեռանկարների վերաբերյալ բանակցություններն ակտիվացել են, տարբեր երկրներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ տարբեր մակարդակներով՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, այնպես էլ անմիջապես Մոսկվայի մասնակցությամբ: Ժնևում հոկտեմբերյան գագաթնաժողովից հետո, որտեղ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպումներ է ունեցել՝ Իլհամ Ալիևի հետ՝ Իրանում, Սերժ Սարգսյանի հետ՝ այս շաբաթ Մոսկվայում: Երկու դեպքերում էլ մամուլի ծառայությունները հաստատել են. քննարկվել են այդ թվում «տարածաշրջանային հիմնահարցեր», նշանակում է՝ Ղարաբաղը: Այս շաբաթ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին-առանձին բանակցություններ վարեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: «Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք շարժել գործընթացը մեռյալ կետից: Ես հանդիպման եմ գնում այդ դիրքորոշմամբ»,- Մոսկվայում հանդիպման նախօրեին հայտարարել էր Էլմար Մամեդյարովը:

Չնայած հրապարակային հայտարարություններում պաշտոնատար անձինք խոսում են կարգավորման ձգտումների մասին, բանակցային գործընթացին քաջատեղյակ դիվանագետները ոչ պաշտոնապես խոստովանում են. խաղաղ կարգավորումը միանշանակ դեռ հեռու է: Առայժմ կողմերը շարունակում են քննարկել մի շարք աշխատանքային առաջարկներ, ինչպես նաև դրանց հնարավոր որակական և ժամանակային ցուցիչները:

Վեց քայլ

Այսօրվա աշխատանքային առաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների փաստացի արդիականացված տարբերակն է: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պարզաբանել էր. «խոսքը որոշակի շտկումների մասին է», ոչ թե «ծրագրի, նախագծի կամ փաստաթղթի»:

Պաշտոնապես Մադրիդյան սկզբունքները ոչ մի տեղ չեն հրապարակվել, սակայն դրանց բովանդակությունը բացահայտվել է ԶԼՄ-ներում արտահոսքի հետևանքով, իսկ 2009թ. Իտալիայի Ակվիլ քաղաքում համանախագահների հայտարարության մեջ: Սկզբունքների հիմքում ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը ձևակերպված են 6 «բաղադրիչներով»:

Նախ, դա նշանակում է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները:

Երկրորդ, Լեռնային Ղարաբաղին տրամադրել ժամանակավոր կարգավիճակ, որով կերաշխավորվի անվտանգությունն ու ինքնակառավարումը:

Երրորդ, Լաչինի միջանցքի բացում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև:

Չորրորդ, ապագայում Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա:

Հինգերորդ, փախստականների վերադարձ:

Վեցերորդ, խաղաղապահների մուտք:

Բացի այդ, առանձին քննարկվում են փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, ինչպիսիք են դիպուկահարների հետքաշում, կրակի դադարեցում և ռազմագերիների փոխանակում, հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացում (այս մասին, մասնավորապես, խոսվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում): Ինչպես նաև հիմնական սկզբունքների հաջողության դեպքում՝ հնարավոր հետագա քայլեր, ինչպես օրինակ, ադրբեջանական և թուրքական սահմանների բացում և Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային շրջափակման վերացում:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել»

Այդ սկզբունքներից յուրաքանչյուրի անհրաժեշտության, միաժամանակ դժվարության մասին խոսում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման փորձեր ձեռնարկվում են 1987թ. իրավիճակի սրացման գրեթե սկզբից: Այնուամենայնիվ, կողմերը նախկինի պես վիճում են, օրինակ` այն մասին, թե տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է անցկացվի միայն Լեռնային Ղարաբաղում, թե ամբողջ Ադրբեջանում: Հասկանալի է, որ հանրաքվեի ելքը մեծ հաշվով կախված կլինի ընտրված տարբերակից: Եվս մեկ բարդ հարց, որը պետք է առաջնահերթ լինի. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում, թե տարածքների վերադարձ:

Դեռ 1991թ. հռչակագրում մասնակիորեն ամրագրված էր տնտեսական շրջափակումը հանելու գաղափարը (փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ): Նաև համաձայնության էին եկել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ապահովում են երկաթուղային, օդային հաղորդակցության և կապի համակարգերի «երկշաբաթյա բնականոն գործունեության ժամկետ», ինչպես նաև բանակցություններ են սկսում ավտոճանապարհներ բացելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, դա չիրականացվեց:

Տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման կոչերը հետագայում բազմիցս կրկնվել են, օրինակ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. միաձայն ընդունված բանաձևերում: Տնտեսական ասպեկտին են վերաբերում Մինսկի խմբի բոլոր պաշտոնական հրապարակված առաջարկները:

Այսպես, առաջին «փաթեթային» որոշումը, որը ենթադրում էր բոլոր հարցերում համաժամանակյա կոնսենսուս, առաջարկվել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռ 1997թ.: Ենթադրվում էր զորքերի դուրսբերմանը զուգընթաց բացել ավտոճանապարհներ և երկաթուղային ճանապարհներ, էլեկտրափոխանցման և կապի գծեր, վերականգնել առևտրային հարաբերությունները:

Սակայն երկրորդ «փուլային» ծրագրում, որը ենթադրում էր կոնսենսուսի հասնել աստիճանաբար, «ծրագիրն առավելագույնս» նեղացվել էր, իսկ վերջին կետը՝ հանվել: Նմանատիպ առաջարկներ պարունակում էր և 1998թ. երրորդ պլանը՝ «ընդհանուր պետության» մասին (այն միաժամանակ ենթադրում էր ստեղծել ազատ տնտեսական գոտի Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Ադրբեջանի կազմում համադաշնության տեսքով):

Ծրագրերից ոչ մեկը կողմերը հավանության չի արժանացրել և չեն իրականացրել: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ մեր դիրքորոշումը չի փոխվել,- այս շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության հիմնում մեր տարածքում»:

«Հանուն խաղաղության ԵԱՀԿ բազմազգ օպերացիայի ծավալումը» համագործակցության տարբեր ձևերով հնչել է նաև Մինսկի խմբի բոլոր նախորդ պաշտոնական հայտարարություններում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2011թ. Կազանում Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում պատրաստ էր համաձայնել խաղաղապահ զորքեր մտցնելուն: Սակայն այդ հանդիպմանը երեք առաջնորդներին չհաջողվեց համաձայնեցնել ո՛չ այդ միջոցը, ո՛չ էլ ընդհանուր առմամբ համաձայնության գալ: Թվում էր, այդ ժամանակ լուծումը մոտ էր. այժմ բանակցությունները բարդանում են՝ 2016թ. ապրիլին հակամարտության սրման պատճառով: «Կարգավորման գործում բարդ փուլ է,- մեկ ամիս առաջ խոստովանել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:Լարված իրավիճակն արտահայտվել է 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ամենը կարգավորման գործընթացում լավատեսության հիմք չի տալիս»:

«Ղարաբաղը, ինչպես և քրդական և մերձավորարևելյան հակամարտությունները, գործնականում չլուծվող հակամարտություն է,- ենթադրում է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն: «Մենք ունենք որոշակի ընդհանուր մոտեցումներ, որոնց շուրջ կարելի է զրուցել: Բայց Մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ պետք է որոշել՝ ինչ անել Ղարաբաղի հետ: Իսկ քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել նրա անկախությունը, ոչ մի լուծում հնարավոր չէ: Հայաստանը, իր հերթին, երբեք չի ճանաչի այն Ադրբեջանի տարածքում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն խաղալ այդ խաղը (բանակցային գործընթացը-խմբ.), քանի որ դա ներքին համախմբման հարց է»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930