Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրող Պետրոսյանը միջնորդեց հրապարակել տեսանյութերից միայն երկուսը՝ հրաժարվելով ապացույց ճանաչված թվով 36 տեսանյութից:
Հրապարակված տեսանյութերից մեկում Սեֆիլյանը խոսում է 2015թ. ապրիլի 24-ին նախատեսվող միջոցառումների մասին, մասնավորապես ասում էր. «Հավաքվելու ենք ապրիլի 24-ին եւ այդ օրը մեր գործն անելու ենք, հայ ժողովուրդը վերջապես իր մեջ ուժ պետք է գտնի ձերբազատվելու այս օկուպացիոն ռեժիմից: Մինչեւ ամսի 24-ը ժողովուրդն այնպիսի ալիք պետք է բարձրացնի, որ այդ օրը ռեժիմն այլ տարբերակ չունենա եւ հեռանա: Բայց հանկարծ, եթե բռնություն կիրառվեց, պատասխանն էլ կլինի բռնություն»:
Հրապարակված մյուս տեսանյութում Ազատության հրապարակում Գեւորգ Սաֆարյանի ելույթն էր: Այս տեսանյութի հետազոտման ժամանակ Սաֆարյանը դահլիճում չէր, նա դատարանի որոշմամբ, չորս ժամով հեռացվել էր դահլիճից:
«Եթե այս մարդկանց դեմ քրեական գործ է հարուցվել այս ելույթների համար, ապա իրավապահների դեմ նույնպես քրգործ պետք է հարուցվի անգործություն ցուցաբերելու կասկածանքով: Սեֆիլյանն իր այս ելույթում նշում է, որ ամեն ինչ անելու են, որ նույնիսկ քաոս չլինի, եւ սա դրել եք մեղադրանքի հիմքում: Սա տիպիկ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ է»,- տեսանյութերի հետազոտումից հետո դատարանին ասաց Տիգրան Հայրապետյանը:
Նրա գործընկեր՝ փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հավելեց. «Երկու տարի առգրավվել են տեսանյութերը, քննիչը դրել է բարձի տակ ու ոչինչ չի արել: Նախաքննության ավարտից առաջ արագ-արագ սրանք դրել են մեղադրանքի հիմքում եւ ուղարկել դատարան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ