Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ՀՀ-ն ու ԵՄ-ն ծրագրում են ստորագրել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կողմերը վստահեցնում են, որ պատրաստակամ են ստորագրել, այնուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ այս անգամ ԵՄ անդամ որոշ երկրներ տարբեր խոչընդոտներ են առաջացնում: Չեխիայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ ո՞րն է՝ նման հարց ուղղեց «Առավոտ»-ը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային:
«Իրականում, դա դիրքորոշման հարց չէ, այլ ընթացակարգի եւ պայմանների հարց է: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է թարգմանվի ԵՄ անդամ պետությունների բոլոր պաշտոնական լեզուներով եւ կրի պատշաճ ազգային մոտեցման գործընթաց: Մեր պարագայում, 2017թ.-ի նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հաստատվեց տեքստը: Մենք պատրաստ ենք: Պետք է հաշվի առնեք, որ Չեխիայի Հանրապետությունում երեք շաբաթ առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ եւ քաղաքական կուսակցությունները ներքաշված են կառավարության եւ կոալիցիայի ստեղծման գործընթացի դժվար առաջադրանքի մեջ: Կարծում եմ, որ կառավարության կողմից Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) ժամանակավոր հաստատումը, ինչպես նաեւ մեր օժանդակությունը այդ բանակցություններին, մեր հստակ համաձայնությունն է` համագործակցելու Հայաստանի հետ եւ աջակցելու երկրին ժողովրդավարության զարգացման հարցում: Անհամբեր սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում», պատասխանեց դեսպանը:
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք նոյեմբերի 18-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Տաթեւ Մնացականյանի