Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջային գործ. արվածի և անելիքի խաչմերուկում (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2017 16:57

Այս օրերին Հայաստանում են գտնվում ԱՖՐԱՏ կազմակերպության IRAPA հարթակի Ֆրանսիայի ներկայացուցիչները, ովքեր հայ գործընկերների հետ քննարկում են կատարված աշխատանքները, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հաջորդ տարվա անելիքները:

IRAPA հարթակը միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: Համագործակցող 2 համայնքը Գեղարքունիքի մարզում է` Սևան և Վարդենիս:

Ի թիվս մի շարք հանդիպումների, որոնք կազմակերպվել են զբոսաշրջության պետական կոմիտեում, Գեղարքունիքի մարզպետարանում, հերթականը կայացավ Սևանի համայնքապետարանում: IRAPA հարթակի պատասխանատու Սեբաստիեն Ֆաբիենին, հարթակի հայաստանյան ծրագրերի պատասխանատու Աննա Կաստելնուվոյին, միջազգային համերաշխության ծրագրի կամավոր, ազգությամբ հայ Անժելա Գավրիեին, նրանց տեղացի գործընկերներին` Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանին, զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանին, ընդունեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

IRAPA հարթակի պատասխանատու Սեբաստիեն Ֆաբիենը համայնքի ղեկավարին ներկայացրեց զբոսաշրջային ոլորտում առկա ծրագրերը, որոնք արդեն գրանցել են հաջողություն, մասնավորապես` տուրիստական շարժական գրասենյակի գործունեությունը, «Սևան» երաժշտական փառատոնի անցկացումը:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին ևս գոհացնում էին այս տարվա արդյունքները, դրական շարժը, որը միաժամանակ լավագույն նախապայման են առաջիկա ծրագրերի համար:

«Սևան համայնքը պատրաստակամ է աջակցել գործընկերային բոլոր ծրագրերին, որոնք ներկայացնում են հետաքրքրություն, կարող են ունենալ արդյունք և համայնքային կյանքում լուրջ դերակատարում: Հիշեցնեմ, որ զբոսաշրջությունը մեր համայնքի համար գերակա ուղղություն է, և կարծում եմ` այդ ոլորտում իրականացվող յուրաքանչյուր ձեռնարկ ու ծրագիր նպաստում է զբոսաշրջային գործի զարգացմանը»,- ասաց համայնքի ղեկավար Մուրադյանը:

Հանդիպման առանցքում միաժամանակ առաջիկա ծրագրերն էին, դրանց նախապատրաստական, կազմակերպչական և տեխնիկական հարցերի քննարկումները:

Հարթակի շրջանակներում Սևանում ստեղծվելու է հիմնադրամ, որի ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարը ներկայացրեց որոշակի մանրամասներ և տեղեկացրեց, որ հիմնադրամի ստեղծումը մոտ ապագայի խնդիր է:

IRAPA հարթակի պատասխանատուն ներկայացրեց նաև առաջիկա ծրագրերը: Զբոսաշրջության գործով զբաղվողների համար անցկացվելու են 1-ին բուժօգնության դասընթացներ, քաղաքում և թերակղզում տեղադրվելու են տեղեկատվական ցուցանակներ, շուտով կամփոփվեն զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհային ծրագրի արդյունքները: Երիտասարդների կողմից ներկայացված մեկը մյուսից ինքնատիպ գաղափարները` ծրագրերի տեսքով, արդեն քննարկվել է և լավագույնները կստանան դրամաշնորհ դրանք կյանքի կոչելու համար: Նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր աշխատել են թիմով, առավել մեծ տարածք են ընդգրկել, չկրկնվող են և տարածաշրջանի արժևորման խնդիր են լուծել:

Ի թիվս այս ծրագրերի, Սեբաստիեն Ֆաբիենն անդրադարձավ իրենց առաջիկա աշխատանքների 3 ուղղությունների` համագործակցություն զբոսաշրջության կոմիտեի հետ, երիտասարդական ծրագրերի իրականացում, մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպում, որոնց առանցքում տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունների և տուրիստական հոսքերի ավելացումն է:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունեց ֆրանսիական կողմի շահագրգիռ մոտեցումը, արդյունավետ համագործակցությունը, IRAPA հարթակի գործունեությունը, հայ և ֆրանսիացի գործընկերների ակտիվ աշխատանքը և հավելեց. «Մենք պատրաստ ենք աշխատելու և երկկողմ համագործակցությունը դարձնելու նպատակային: Ժամանակը ցույց կտա, թե որքանով է այսօրվա գործունեությունն արդարացված, իսկ մինչ այդ մաղթում եմ հաջողություն բոլոր ձեռնարկներին: Այս հանդիպումն էլ ևս մեկ հնարավորություն էր անդրադառնալու արդեն իսկ կատարվածին, արժևորելու այն, առկա ծրագրերը քննարկելու և շարունակելու ճանապարհը` նոր գործերի ակնկալիքով»:

IRAPA հարթակի հայ և ֆրանսիացի գործընկերների հանդիպումները շարունակվեցին «Բոհեմ» արվեստանոց-սրճարանում, որտեղ ամփոփվեցին օգոստոս ամսին տեղի ունեցած երաժշտական փառատոնի արդյունքները, «Սևան» ազգային պարկի այցելուների թանգարանում:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930